Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող. Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը

Հունվար 27,2025 18:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք:

Դանիել Դանիելյանն իր երախտագիտությունն է հայտնել ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանին «Տիգրան Մանսուրյան» մենագրության ստեղծման համար, ինչը կարևոր և բովանդակալից նվեր է հանրությանը. «Յուրաքանչյուր գրքի լույսընծայում մեծ հարստություն է, կարևոր քայլ՝ մեր մշակութային ժառանգության համալրման և հասարակության ինքնաճանաչողության բացահայտման, զարգացման գործում: Այսօրինակ աշխատությունների շնորհիվ  կարողանում ենք խորապես ճանաչել մեր մեծերին, նրանց ստեղծածը և ժառանգությունը, որոնք ուղղված  են մեր երիտասարդներին և ապագա սերունդներին: Ընթերցելով «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ մեծ բավականություն ստացա. այն  համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»:

Նշենք, որ «Տիգրան Մանսուրյան» մենագրության հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։

Արվեստագիտության  ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ևս շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նկատել, որ թեև կոմպոզիտորը ստացել է բազմաթիվ թանկագին նվերներ, սակայն այս տարեդարձը եզակի է առնվազն 2 պատճառով։ Նախ՝ Մաեստրոն ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքներ է ընդունում հայոց գիտության կաճառում՝ ՀՀ ԳԱԱ հեղինակավոր գիտական դահլիճում, և երկրորդ՝ որպես նվեր հրատարակվել է մենագրություն՝ երաշխավորված ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։

Աննա Ասատրյանը Տիգրան Մանսուրյանին նվիրել է «Տիգրան Մանսուրյան» մենագրության տպաքանակի 1-ին օրինակը, ինչպես նաև «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» պատկերագիրքը, որում տեղ է գտել տաղանդավոր նկարչի վրձնած՝ Տիգրան Մանսուրյանի դիմանկարը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև մենագրության հեղինակ Աննա Արևշատյանը և  գրախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031