Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՑԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ԱՌՆՉՈւԹՅԱՄԲ
2025թ. հունվարի 25-ին՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:
«Ցեղասպանություն» եզրույթը հեղինակել և շրջանառության մեջ է դրել լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար: Ըստ ամենայնի, հենց այս հանգամանքով պետք է պայմանավորել մինչև 1944 թվականը և մասնավորապես՝ 1939 թվականին, «Հայոց ցեղասպանություն» ձևակերպման տարածված չլինելը:
Ի՞նչ հանձնառություններ է ստանձնել Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած քաղաքական ուժն ու ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության առնչությամբ:
Կարդացեք նաև
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնավորման ընթացքում՝ 2020թ. հուլիսին հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ արձանագրված է, մասնավորապես, հետևյալը.
- «…Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝… հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:…»:
Ցեղասպանության կանխարգելման ենթաբաժնում արձանագրված է հետևյալը.
- «Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը և նրա կողմից ստեղծված պետությունը հանձնառու են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի և նրանց անդամների կյանքի իրավունքի պաշտպանությանը:»:
- «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մեծ ավանդ է ներդնում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:»:
- «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:»:
20 ՀՈւՆԻՍԻ 2021Թ. ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մասնավորաբար, արձանագրված է հետևյալը.
- «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստի համընդհանուր ճանաչումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ժողովուրդների միջև հաշտեցմանն ու համերաշխությանը, ինչպես նաև երաշխիք կդառնա նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման համար։»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ
Կառավարության ծրագրի նախաբանում գրված է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների,… վրա:»:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2021թ. օգոստոսի 26-ին: Իսկ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է: Սա այն խմբակցությունն է, որի համանուն կուսակցությունը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ, մասնավորաբար, արձանագրված է հետևյալը.
- «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում:»:
Վերը հիշատակված երեք կարևոր փաստաթղթերով, այն է՝ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առնչությամբ գրավոր խոստացել է մի բան, իսկ այժմ անում է բոլորովին այլ բան:
Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով չի կատարում պետության առանցքային փաստաթղթերով իր իմացությամբ և հավանությամբ ամրագրված դրույթները: Ավելին՝ իրականացնում է այդ դրույթներին հակասող, Հայաստանի Հանրապետության շահերը թուրքադրբեջանական տանդեմի շահերին ստորադասող քայլեր:
Այսպիսով, ամփոփելով կարող ենք պնդել հետևյալը. իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Ստեփան Հասան-Ջալալյան
քաղաքագետ