Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մանկապարտեզներում վատ որակի կարագ ու պանիր է օգտագործվել. ՄՊՀ –ն ուսումնասիրություններ է արել

Հունվար 27,2025 17:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականին ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ 46 մլն դրամի տուգանք է նշանակվել, որից պետական բյուջե արդեն վճարվել է 1 մլրդ 124 մլն դրամ: Այս մասին այսօր  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Ըստ նրա՝ վճարումների մոտիվացիա է դարձել այն կարգավորումը, որ եթե տնտեսվարողը տույժերը վճարում է երկու ամսվա ընթացքում, ապա 25% քիչ է վճարում։

« Գերիշխող դիրքի չարաշահման մասով ունեցել ենք 26 վարույթ,  22-ը ավարտել ենք, բանակցային ուժեղ դիրքի չարաշահմամբ ունեցել ենք  10 վարույթ, 8-ը  ավարտել ենք, հակամրցակցային նորմի շրջանակներում ունեցել ենք 3 վարույթ, 1-ը ավարտել ենք»,- տեղեկացրեց Գեւորգյանը։

Անդրադառնալով հակամրցակցային ոլորտում բենզինի գործընթացների վերլուծությանը՝ Գեւորգյանն ասաց. «Բենզինի շուկայում մենք ապացուցված համարեցինք, որ 4 խոշոր ներկրողները որոշակի ժամանակահատվածում անուղղակի համաձայնության են եկել գների սահմանման շուրջ և տեղի է ունեցել դեմպինգ՝ տնտեսապես չհիմնավորված գնիջեցում, իսկ հետագայում կրկին տնտեսապես ոչ հիմնավորված համաժամանակյա բարձրացրել են, ինչի արդյունքում 1 մլրդ դրամից ավել տուգանք է նշանակվել»։

Նրա խոսքով,  բենզինի ոլորտում այլ տնտեսվարողների նույնպես պատասխանատվության են ենթարկելու։

«Մենք չենք կարողացել հստակ պատկերացում ունենալ, թե պետությունը ներքին աուդիտի ծառայությունը գնելու ժամանակ ինչ որակական չափանիշների վրա է խարսխում իր ցանկությունները։ Արդյունքում հաճախ ունենում ենք դեպքեր, երբ ներքին աուդիտի հաշվետվություններ, որոնցում ամեն ինչ լավի մասին է և գինը շատ ցածր է, նշանակում է որակի խնդիր ունենք»,-ասաց Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ առաջարկվել է գերատեսչություններին ավելի հստակ չափանիշներ սահմանել, որպեսզի հասկանան, թե ներքին աուդիտից ինչ են ուզում։

Նա նաեւ ասաց, որ ուսումնասիրվել են պետական մանկապարտեզների, եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մի շարք կառույցների սննդի  մատակարարումը, հիմնականում կաթնամթերքը՝ կարագ, պանիր եւ ունեն արդեն որոշակի փաստեր. «Իրավիճակը հետեւյալն է, որ հաճախ մանկապարտեզներում ունենում ենք կարագ ու պանիր, որը գնային սեգմենտով բավականին էժան ներմուծված ապրանք է: Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ սրանք կանոնակարգի պահանջներին միայն ֆորմալ առումով են համապատասխանում: Մտածում ենք՝ ինչ անենք, որ չթողնենք նման որակի ապրանքի օգտագործումը տվյալ հաստատություններում» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031