Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ.ին աննախադեպ մեծ ծավալի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ` մրցակցային իրավախախտումների առնչությամբ. Գեղամ Գևորգյան

Հունվար 27,2025 17:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները։

«2024 թվականին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն իսկ գանձվել  է պետական բյուջե»,- նշել է Գեղամ Գևորգյանը։ Մասնավորապես հաշվետու տարում հարուցվել է՝ 

Գերիշխող դիրքի չարաշահման 26 վարույթ, որից 22-ը ավարտվել է,

Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման՝ 10 վարույթ, որից 8-ը՝ ավարտվել է,

Հակամրցակցային համաձայնությունների 3 վարույթ, որից 1-ը՝ ավարտվել է,

Պետական օժանդակությունների գնահատման 3 վարույթ, որից 2-ը՝ ավարտվել է,

Անբարեխիղճ մրցակցության 20 վարույթ, որից 20-ը ավարտվել է,

Սպառողների շահերի պաշտպանության մասով՝ 182 վարույթ, որից 149-ը ավարտվել է։

Հակամրցակցային համաձայնության բացահայտում և խոշոր տուգանք բենզինի շուկայում 

2024 թվականին հակամրցակցային համաձայնության հատկանիշներով վարույթ է հարուցվել բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել։ Արձանագրվել է, որ  ընկերությունները ընդհանուր առմամբ  գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։

Բենզինի և դիզելային վառելքի շուկան նաև ընդգրկված է եղել 2024 թվականին իրականացված ոլորտային ուսումնասիրությունների ցանկում։

Գյուղմթերքի  կուտակված պարտքերի մարում

2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտել գյուղմթերքի ուշ վճարումների նոր կարգավորումները, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները պետք է իրականացվեն 30  օրվա ընթացքում:

2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության, մինչև նոր օրենսդրական կարգավորումների կիրառումը, ամբողջությամբ մարել են ունեցած պարտավորությունները:

Մնացած 7-ի նկատմամբ  հարուցվել են վարչական վարույթներ, որոնց ընթացքում՝  մատակարարների հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները կատարվել են։ Այժմ աշխատանքներ են տարվում 2024 թվականի 2-րդ կիսամյակի պարտքերի առնչությամբ։

Նոր կարգավորումներ էին սահմանվել նաև առևտրային ցանցերի և մատակարարների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որտեղ նույնպես առկա է դրական դինամիկա․ շուրջ 1,7 մլրդ դրամի նախկինում կուտակված պարքտեր են մարվել առանց վարչարարություն իրականացնելու։

Պետական գնումները՝ առաջնային ուղղություն

2024 թվականին հանձնաժողովն ուսումնասիրել է ծրագրային ապահովման մշակման և  խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով կազմակերպված, ինչպես նաև ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման գործընթացները, որոնց առնչությամբ մի շարք խնդիրներ են բացահայտվել։ Պետական մարմիններին տրվել է նախազգուշացում։

Վարույթներ՝ մանկապարտեզների համար կաթնամթերքի ձեռքբերման գնման ընթացակարգերի առնչությամբ

 Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով հանձնաժողովը դիտարկել է  մանկապարտեզների, մանկատների և խնամքի կենտրոնների կարիքների համար կարագի և պանրի ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերը։ Պարզվել է, որ այդ ապրանքները ձեռք են բերվել   շուկայական գներից անհամեմատ ցածր, օրինակ՝ 1 կիլոգրամ կարագը 1700-1600 դրամով, ինչը կասկածներ է հարուցել դրանց որակի առումով։ Հարուցվել են վարույթներ, որոնք ընթացիկ փուլում են։

Անբարեխիղճ մրցակցություն՝  տոմատի մածուկի շրջանառության ոլորտում 

Վերահսկողական միջոցառումներ են  իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: Լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք, որից 13-ը չի համապատասխանել պահանջվող ստանդարտներին։ Մասնավորապես լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել , իսկ քլորիդների զանգվածային մասն ավել է եղել սահմանվածից։ Տնտեսավարողները տուգանվել են։

ՄՊՀն՝ որպես սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին

Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է մշակվել սպառողների իրավունքների պաշտպանության ընդլայնման ուղղությամբ։ Ըստ այդ նախագծի՝ ՄՊՀ-ի լիազորություններն այս ուղղությամբ էականորեն ընդլայնվելու են և այն դառնալու սպառողների կոլեկտիվ շահերի պաշտապանություն իրականացող կենտրոնական մարմին։  Միաժամանակ մեխանիզմներ են մշակվում նաև սպառողների անհատական շահերի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես նախատեսվում է ունենալ էլ․ հարթակ, որի միջոցով սպառողն իր բողոքը կարող է ուղղել տնտեսավարողին, բացասական արձագանքի դեպքում այն կուղղորդվի մասնագիտական հասարակական կազմակերպություններին։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031