Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ուժեղ հարված է հայ ժողովրդի քաղաքական պայքարին, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, որը հազարավոր հատորներով հետազոտել, ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանության անքննելի իրողությունը. «Ջենեսիս Արմենիա»

Հունվար 27,2025 17:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության եղելության դրդապատճառների վերաբերյալ Ցյուրիխում արած հայտարարությունն ու հարցադրումները ոչ միայն հակաբանական են, հակագիտական, հակաքաղաքակրթական, այլև հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենատգետ, ամենաամոթալի ու ամենաստորացուցիչ դեպքերից մեկը: Սա ուժեղ հարված է հայ ժողովրդի քաղաքական պայքարին, մարտահրավեր` ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որը հազարավոր հատորներով ուսումնասիրել, հետազոտել, եզրակացրել, ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանության անքննելի իրողությունը։

Այսօր, երբ միջազգային հանրությունը միասնաբար պայքարում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները ոչ միայն ժխտում են հայ ժողովրդի իրավունքն արդարության հասնելու, սասանում հայկական պետականության իրավաքաղաքական ու անվտանգային հիմքերը, այլև ոտնահարում համաշխարհային պատմության և քաղաքակրթության արժեքները: Փաշինյանն, ըստ էության, իր խոսքում զերծ մնալով ցեղասպանության իրականացման հարցում թուրքական իշխանությունների ամբողջական և անվիճարկելի մեղսակցությունից ու պատասխանատվությունից, փորձ է անում պատմության վերանայման՝ ռեվիզիոնիզմի, որի նկատմամբ քաղաքակիրթ աշխարհը տվել է հստակ դատապարտելի գնահատական:

Փաշինյանը փորձում է վերաշարադրել համաշխարհային պատմությունը՝ Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի հանրապետության իրականացրած հանցագործությունները արդարացնելու կամ մոռացության մատնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն՝ ընդդեմ հայկական պատմական ժառանգության, զոհված սերունդների հիշատակի և մարդկային քաղաքակրթության արժեքների, հերթական ապացույցը, որ ՀՀ գործող վարչախումբը սպասարկում է թուրք-ադրբեջանական ժխտողական տանդեմի օրակարգը և այդ նախապայմանն իրականացնում որպես բարի կամքի դրսևորում՝ Անկարայի և Բաքվի հետ թվացյալ հաշտեցման ու հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ:

Ամոթալի է, որ Հայոց ցեղասպանության պատասխանատվության հարցի քննարկումն ու պատմության վերանայման փորձը ՀՀ բարձրաստիճան ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը կատարում է այն երկրում, որը դեռևս 2006 թ. ազատազրկման դատապարտեց և տուգանեց թուրք հայտնի ժխտողական, ազգայնամոլ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանության իրողությունը վիճարկելու համար, բայց առավել ամոթալի է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների կրավորական պահվածքն ու շահադիտական լռությունն այս հարցում:

Միջազգային իրավունքի շրջանակներում ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկության դեմ ուղղված ոճրագործություն, դրա ժխտումը կամ մոռացության մատնելը՝ հակաբարոյական պատմական կեղծիք ու հանցագործություն։

Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամը հաստատակամորեն հավատարիմ է որդեգրած ազգային-պետական ուղուն, գաղափարաբանությանը, արժեքներին, պատմական ճշմարտության և արդարության վերականգնման պայքարին:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031