Նախարար Մխիթար Հայրապետյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացրել ՌԱԿ 2024թ. և Արամ Ջիվանյանի պաշտոնավարման 100-օրյա գործունեությունը՝ անդրադառնալով ձեռքբերումներին, նախանշված ու հեռանկարային աշխատանքներին, ոլորտի զարգացմանը միտված պարբերաբար իրականացվող բարեփոխումներին, նաև՝ բացթողումներին, դրանք բացառելու հնարավորություններին։
Փակ քննարկման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը համեմատություններով ներկայացրել է 2023-2024թթ. գործունեությունը՝ ընդգծելով երկու տարվա ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականի գրանցած ցուցանիշները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ավելի բարձր ցուցանիշների հասնելու մի շարք տարբերակների ու հնարավորությունների։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է հայրենական ռազմական արտադրանքի որակական և քանակական ցուցանիշների բարձրացումը՝ այդ համատեքստում ընդգծելով արտադրողների կողքին լինելու, նրանց հետ սերտ աշխատելու անհրաժեշտությունը։ Հանձնաժողովը ողջունել է ոլորտային քաղաքականության իրականացման համատեքստում տեխնոլոգիական առաջընթացն ու նորարարությունները խթանող ինստիտուցիոնալ ծրագրերի և մեխանիզմների ներդրումը։
Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են 2025 թվականի անելիքները՝ հիմքում պահելով նաև գիտության ուղղությունը: