Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է որոշում՝ մինչեւ 300 հազար դրամը նվիրատվություն էր, չհարկվող, թե՞ հարկվող․ նվիրատվության ու փոխառության համար պետք է կնքել գրավոր պայմանագիր»․ Նաիրի Սարգսյան

Հունվար 27,2025 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իշխանություններն անընդհատ ասում են, որ սա եկամուտների հայտարարագիր է, իրականում դա ֆիզիկական անձի եկամտային հարկի հաշվարկ է։ Այսինքն՝ նպատակն իրավական ակտով ի սկզբանե անձանց հարկումն է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը։

Նա նշեց, որ իշխանությունների կողմից կեղծ թեզ է տարածվում, որ մինչեւ 300 հազար դրամը չի հայտարարագրվում, եւ հանրային ընկալումն այնպիսին է, որ չի էլ հարկվում։ «Այդպիսի բան գոյություն չունի, մինչեւ 300 հազար դրամ չհարկվող հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է, որ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին։ Այսինքն՝ ի՞նչ է դա նշանակում՝ նվիրատվությունները եւ փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն։ Բայց ամենակարեւոր խնդիրը՝ ո՞վ է որոշում՝ մինչեւ 300 հազար դրամը նվիրատվություն էր, պարտքով ստացված գումար, չհարկվո՞ղ էր, թե՞ հարկվող։ Այստեղ է կոնկրետ առաջանում խնդիրը»,- ասաց նա։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ շատ են այն դեպքերը, երբ փոխացնումները կատարվում են քարտից քարտ եւ ոչ թե հաշվեհամարից հաշվեհամար, կատարվում են տարբեր տեսակի վճարահաշվարկային կազմակերպությունների ապարատների միջոցով, որտեղ երբեք անձը կամ նպատակը չի նույնականացվում։ Նա մեջբերեց օրենսդրության այն դրույթները, որոնք կարգավորում են նվիրատվության եւ փոխառության պայմանագրի ձեւերը։ Ըստ օրենքի՝ նվիրատվության ու փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր։ Այսինքն՝ սա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ, նվիրատվության ու փոխառության գործարքներ կատարելիս, պետք է կնքի գրավոր պայմանագիր։ Իսկ առօրյայում մարդիկ բանավոր են պայմանավորվում ու միմյանց միջեւ փոխանցումներ կատարում, բայց այսուհետ պետք է ունենալ պայմանագրեր։ «Եթե 2024 թվականի համար ունեցել եք այդպիսի գործարքներ, բայց պայմանագրերը չունեք, ապա դա պետք է անպայման վերականգնեք։ Չվերականգնելու դեպքում դուք ռիսկերի առաջ եք կանգնում»,- հավելեց նա։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ իշխանությունների այն թեզը, թե այս ամենն արվում է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, կեղծ է։  Ըստ մասնագետի՝ առանց այս գործիքի ներդրման էլ կոռուպցիոն շատ հեշտ կարելի է բացահայտել պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նա նաեւ ասաց, որ 2024 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 223 մլրդ-ով թերակատարել են, 2025 թվականի բյուջեով նվազագույն հաշվարկով 147 մլրդ դրամ չեն կատարելու։ Եվ, հետեւաբար, եկամուտների չկատարման պարագայում փորձելու են բոլորին համատարած հարկել։ Սա հանգեցնելու է բնակչության աղքատացման, որովհետեւ, եթե չհարկվող եկամուտները հարկվում են, դա հանգեցնում է աղքատացման։ Սա նաեւ հանգեցնելու է բնակչության տոտալ վերահսկողության, որովհետեւ բոլորի ծախսերն ու եկամուտները վերահսկելի են լինում։ Այս ամենի հետեւանքով կավելանան արտագաղթի ծավալները, կնվազեն ներգաղթի ծավալները։

Անդրադառնալով բանկային գաղտնիքի տրամադրմանը՝ Նաիրի Սարգսյանն ասաց․ «Մի կողմից, եթե հարկային մարմիններին հասանելիություն ենք տալիս բանկային գաղտնիքին, ըմբոստանում ենք, մյուս կողմից էլ խնդիր է այն, որ ֆիզիկական անձինք շատ դժվարությամբ կլրացնեն հայտարարագիրը, ծառայություն մատուցող ընկերությունների ծառայություններից են օգտվելու։ Եվ դուք չգիտեք, թե որտեղ է այդ բանկային գաղտնիքն օգտագործվելու։ Հետեւաբար, կոչ եմ անում բանկային գաղտնիքը որեւէ պարագայում որեւէ մեկին չտրամադրել։ Մենք փետրվարի մեկից արդեն կիրազեկենք երեք գրասենյակի գործունեության մասին՝ Զեյթունում, Արաբկիրում ու Աջափնյակում, որոնք կլինեն աջակցման կենտրոններ եւ ոչ թե բանկային քաղվածքը կվերլուծեն եւ ձեր փոխարեն կլրացնեն, այլ առանց բանկային գաղտնիքին տիրապետելու, հասարակությանն այնպիսի օժանդակություն կտան,որպեսզի ինքնուրույն դա հնարավոր լինի լրացնել, եւ ձեր բանկային գաղտնիքը որեւէ մեկին երբեւէ հասանելի չդառնա»։

Նա հավելեց, որ իշխանությունները հայտարարագման համակարգը դարձնելու են քաղաքական ահաբեկման գործիք։ «Շատ հնարավոր է՝ գործատուներին տեռորի ենթարկեն, որպեսզի նրանք ստիպեն աշխատակիցներին հայտարարագիր լրացնել։ Սիրելի գործարարներ, չվախենաք ոչ մեկից, տեռորի ցանկացած դրսեւորման դեպքում կարող եք դիմել եւ ստանալ մեր աջակցությունը։ Կառավարությանն առաջարկում ենք ժամանակավորապես չեղարկել կամ հետաձգել նախագիծը մինչեւ 40 տոկոս աղքատության վերացումը, մինչեւ 180 հազար անձի գործազրկության ընդունելի մակարդակի նվազեցումը, մինչեւ գրեթե մեկ միլիոն աշխատուժից դուրս բնակչության արժանապատիվ աշխատանքով ապահովումը, տնտեսության համար իրական ներուժի ստացումը, նոր միայն դրանից հետո կարելի է խոսել հայտարարագրման մասին»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին ու նրա տնտեսական թիմին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031