Բանն այն է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապի մեջ է թուրք ազգայնականների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ և, տեղի հայերին խոչընդոտ համարելով իշխանությունը զավթելու համար, Թուրքիայի աջակցությամբ, արդեն իսկ սկսել է կազմել «սև ցուցակներ»՝ թիրախավորելով հայ համայնքի ներկայացուցիչներին։ Մտահոգիչ է, որ չեն բացառվում նաև բռնի գործողությունները հայերի նկատմամբ։
Մանավորապես, Insider Abkhazia-ի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել գաղտնի փաստաթուղթ, որը բացահայտում է Թուրքիայի իշխանությունների և ազգայնական ուժերի ծրագրերը Աբխազիայի հայ համայնքի դեմ։ Խոսքը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին ուղղված պաշտոնական նամակի մասին է։
Ստորև ներկայացնում ենք Բահչելիի նամակի ամբողջական տեքստը, որը վկայում է Թուրքիայի պաշտոնական մարմինների ներգրավվածության մասին։
Նամակի տեքստը նույնությամբ. «2025 թվականի հունվարի 9-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց Աբխազիայում Թուրքիայի շահերի աջակցության հարցը: Նշվեց, որ Աբխազիայի Հանրապետությունում մեծ քաղաքական ազդեցություն ունի հայկական համայնքը, որը աջակցում է հակաթուրքական գործողություններին և օրակարգին, ունի մշակութային ինքնավարություն, քվոտա խորհրդարանում և մեծ ներկայություն բիզնես հանրությունում:
Կարդացեք նաև
Ընդգծվեց, որ այս համայնքի լուրջ ազդեցությունը տեղական քաղաքական գործընթացների վրա և այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հարցի շահարկումը խոչընդոտում են Անկարայի նախաձեռնությունների աջակցությանը Աբխազիայում: Այն փաստը, որ աբխազահայերը զգալի աջակցություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի անջատողականներին՝ ուղղակիորեն այնտեղ ուղարկելով մարտիկների, պետք է հաշվի առնվի Թուրքիայի Հանրապետության կովկասյան քաղաքականության մշակման կոնտեքտում:
«Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության աշխատանքային խմբի կողմից առաջարկված և Թուրքիայի նախագահի հավանությանը արժանացած ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ուսումնասիրել տեղի իրավիճակը՝ Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ակցիաներին մասնակցող աբխազահայ կամավորների ցուցակը կազմելու նպատակով:
Վերոնշյալի լույսի ներքո.
- Աբխազիայում անջատողականների և նրանց հովանավորների բացահայտման, մանրամասն կենսագրական տեղեկանքների կազմման և Աբխազիայից նրանց տեղաշարժի քարտեզի կազմման նպատակով խնդրում ենք Ձեզ աջակցել Ազգայնական գործողության կուսակցությանը՝ համապատասխան հաստատությունների և ՀԿ-ների հետ համակարգմամբ պատրաստված մասնագետներ ուղարկելու Աբխազիա վերոնշյալ սպառնալիքը նվազեցնելու նպատակով:
- Խնդրում ենք Ձեզ հավանություն տալ երրորդ երկրներում Աբխազիայի հայերից բխող սպառնալիքին հակազդելու նպատակով ստեղծվելիք տվյալների բազան «Ազգայնական շարժում» կուսակցության միջնորդությամբ ադրբեջանական կողմին փոխանցելուն:
- Խնդրում ենք Ձեր համաձայնությունը կապ հաստատելու և մեր գործունեությանը ներգրավելու Աբազա սփյուռքի հետ կապեր ունեցող մի շարք աբխազ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Լևան Միկաային՝ «Աբխազիայի ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի» նախագահին, Ադգուր Արձինբային՝ «Աբխազիայի ժողովրդական շարժման» նախագահին և Աբխազիայի նախագահի թեկնածուին, Ախրա Բժանիային՝ «Ախյացա» հասարակական կազմակերպության նախագահին:
- Խնդրում ենք Ձեզ կազմակերպչական և այլ աջակցություն ցուցաբերել «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության աշխատանքային խմբի կողմից առաջ քաշված ծրագրի իրականացման գործում:[Նամակի ավարտ]
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Աբխազիայի հայ համայնքն արդեն դիմել է Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով պաշտոնապես միջամտել և դիմել Աբխազիայի իշխանություններին՝ հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար։
Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն, որ տեղական ընդդիմությունը, ըստ բազմաթիվ աղբյուրների, սերտ կապեր ունի թուրքական հատուկ ծառայությունների հետ։Այս բացահայտումները խորը մտահոգություն են առաջացնում ոչ միայն Աբխազիայի հայ համայնքի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։ Թուրքիայի նման միջամտությունը մեկ այլ պետության ներքին գործերին, հատկապես էթնիկ համայնքի թիրախավորման միջոցով, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը։
Հատկանշական է, որ Թուրքիան փորձում է օգտագործել տեղական քաղաքական գործիչների՝ սեփական նպատակների իրագործման համար։ Այս գործելաոճը հիշեցնում է պատմական նախադեպեր, երբ նմանատիպ գործողությունները հանգեցրել են ծանր հետևանքների։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Աբխազիայի հայ բնակչությունը կազմում է 41,900-ից մինչև 67,000 մարդ, որը երկրի ընդհանուր բնակչության 17.4-31 տոկոսն է։