Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՌԴ քաղաքացի է դարձել եւ շինարարական ընկերություն հիմնել. «Հետք»

Հունվար 27,2025 15:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հետք». 2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:

2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե): Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում եւ 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Նույն տարվա նոյեմբերի 25-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազին մարտի 1-ի գործով ներգրավվել է իբրեւ մեղադրյալ, եւ նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու համար: Կոստանյանն արձագանքել էր, որ գտնվում է Մոսկվայում ու ողջամիտ չի համարում 48 ժամում ներկայանալու պահանջը: Նա հայտնել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով եւ ուսումնական կիսամյակի ու քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան:

Այս պատասխանից հետո ՀՔԾ-ն Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում ու միջնորդել դատարանին, որ նախկին պաշտոնյայի խափանման միջոց ընտրվի կալանքը: 2019 թ. դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Սակայն նախկին գլխավոր դատախազի դեմ, քրեական հետապնդումից բացի, կա նաեւ գույքի բռնագանձման հայց:

2023-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պետական մարմինը պահանջում է իր նախկին ղեկավար Կոստանյանից ու նրան փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել 1 բնակարան Երեւանում, 2 առանձնատուն Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Ջրվեժ համայնքներում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363.565.000 դրամ: Անշարժ գույքից բացի՝ ԳԴ-ն պահանջում է բռնագանձել շուրջ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ինչպես նաեւ մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:

«Հետքը» պարզել է, որ ՌԴ քաղաքացի դարձած Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում, որն, ի դեպ, կառուցել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը:

Գեւորգ Կոստանյանը շինարարական ընկերություն էր հիմնել Ռուսաստանում

ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաեւ բիզնես էր հիմնել Ռուսաստանում:

Այսպես՝ 2019 թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Գեւորգ Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն (Благострой Сервис):

2020 թ. հունվարին Հայկ Գրիգորյանը դուրս է եկել «Բլագոստրոյ Սերվիսից», որն ամբողջությամբ անցել է Գ. Կոստանյանին:

«Բլագոստրոյ Սերվիսի» տվյալների համաձայն՝ Գեւորգ Կոստանյանը եղել է ընկերության միանձնյա սեփականատերը 2020-2024 թթ.: 2024-ի օգոստոսին նա 50 տոկոս բաժնեմասը փոխանցել է Դմիտրի Միխալյովին, որը ընկերության գլխավոր տնօրենն է 2024-ի մայիսից:

Այդուհանդերձ, ռուսական ընկերության 2020-2023 թթ. ֆինանսական հաշվետվություններում տվյալներ չկան, այլ կերպ ասած՝ ՍՊԸ-ն փաստացի գործունեություն չի ծավալել:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031