Aravot.am-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից կարծիք հարցրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձեռնարկած քայլերի մասին։
Ինչպես հայտնի է՝ հունվարի 24-ին Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում տեղի ունեցավ Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին «Եվրաքվեի» օրենսդրական նախաձեռնության քննարկում։
Մեր հարցին՝ արդյոք մեզ սպասո՞ւմ են Եվրոպայում, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց․
«Մեզ բացարձակապես չեն սպասում։ Եվրոպան մեզ կընդունի ոչ թե մեր դեմոկրատացման, չգիտեմ ինչի համար, այլ եթե շահ լինի, ու մենք կծառայենք իր նպատակներին։ Դա` մեկ, և այդ շահերը կարող են ամեն օր փոխվել։
Կարդացեք նաև
Երկրորդ՝ այսօր իրենց հիմնական պահանջը սեռական փոքրամասնությունների ազատությունն է, կտաս սեռական փոքրամասնություններին ազատություն, կտաս հավասար պայմաններ՝ ամուսնանալու իրավունք և այլն և այլն, կմտնես Եվրոպա, չես տա, չես մտնի։ Վրաստանը օրինակ չեղա՞վ։ Վրաստանը կարծում եք ինչո՞ւ չմտավ մինչև հիմա, որովհետև իրենք կարծում էին, թե իրենց թույլ կտային մտնել նաև առանց դրա, բայց՝ չէ։ Դա ամենահիմնական պայմանն է։ Աստված մի արասցե, մինչև Հայաստանում այդ սեռական փոքրամասնություններին ամուսնանալու հնարավորությունը չտրվի, պետական գրանցման հնարավորությունը չտրվի, իրենց ընտանիք չհամարեն, նրանց առջև բաց չլինեն բոլոր հնարավոր և անհնարին դռները, Հայաստանը չի մտնի Եվրոպա։ Դա նշանակում է, որ Հայաստանին պետք չէ մտնել Եվրոպա, մենք այնտեղ անելիք չունենք։
Եվրոպան առաջվա Եվրոպան չէ, Եվրոպա չկա այսօր ո՛չ որպես քաղաքակրթություն, ո՛չ որպես մշակույթ, ո՛չ որպես աշխարհագրական տարածք, կենսատարածք, ընդամենը հիշողություն է, մայրացամաքի հիշողություն է։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Մեր անելիքը մեր երկրում է, հզորանալ և հզորացնել և ունենալ բարեկամներ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ունենալ, կարելի է բարեկամանալ նաև եվրոպական երկրների հետ, եթե իրենք ներդաշնակ կլինեն մեր երկրի շահերին, թե չէ այնպայման պիտի պապա փնտրե՞նք այստեղ- այնտեղ։ Ոմանք ասում են՝ այլընտրանք չկա,անպայման պիտի մտնենք, ո՞վ ասաց անպայման, եղի՛ր արժանապատիվ և քեզ կհարգեն գերտերություններն էլ, չես լինի արժանապատիվ, Բուրկինա Ֆասոն էլ չի հարգի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Շիրակի թեմի
«Առավոտի» կողմից- Նկատենք, որ ԵՄ անդամ դառնալու համար կա չափանիշների երեք հիմնական խումբ, որոնք կոչվում են «Կոպենհագենյան չափանիշներ», քանի որ ընդունվել են 1993 թ. Կոպենհագենում: Դրանք են՝ 1. քաղաքական, 2. տնտեսական եւ 3.ԵՄ-ի aquis չափանիշները, որն իրենից ներկայացնում է ընդհանուր իրավունքների եւ պարտականությունների համախումբը, որը պարտադիր է ԵՄ բոլոր անդամ երկրների անդամ-պետությունների համար, եւ որն անընդհատ զարգանում է: 1-ին՝ քաղաքական չափանիշների խմբում նշված է, որ երկիրը պետք է ունենա «կայուն քաղաքական ինստիտուտներ, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքներին հետեւելը եւ փոքրամասնությունների պաշտպանությունն ու հարգանքը»: Փոքրամասնություն ասելով նկատի ունեն ոչ միայն սեռական, այլեւ՝ ազգային, կրոնական եւ այլն: Նաեւ նկատենք, որ ԵՄ անդամ մի շարք երկրներում արգելված է ամուսնությունը նույն սեռի անձանց միջեւ, ինչպես, օրինակ, Լատվիայում, Լիտվայում, Հունգարիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Խորվաթիայում, Չեխիայում, Ռումինիայում եւ այլն: Այնպես որ՝ պնդումը, թե միասեռական ամուսնությունների օրինականացումը պարտադիր է ԵՄ անդամության համար, հիմնավոր չէ: