Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex հավելվածում հասանելի կդառնա ևս 16 երթուղու ավտոբուսի ժամանման սպասելաժամանակը. նախատեսվում է ներառել նաև տրոլեյբուսները

Հունվար 27,2025 15:49

Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այն արդեն իսկ կիրառվում է հասարակական տրանսպորտի ոլորտում: Առցանց հասանելի են դարձել ավտոբուսներում տեղադրված ուղևորների հաշվառման տվյալները և տեսահսկման համակարգը: Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ առցանց արդեն հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգը: Yandex հավելվածում առաջիկայում հասանելի կդառնա ևս 16 երթուղու ավտոբուսի ժամանման սպասելաժամանակը: Այստեղ նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։
***
Անդրադառնալով տրանսպորտային համակարգի ներդրմանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այն բավականին բարդ գործընթաց էր, որը ոչ միայն ներառում է շարժակազմերի գնում ու վարորդների վերապատրաստում, այլև տեխնիկական բազմաթիվ համակարգերի ներդրում:
«Այս ահռելի ծավալի աշխատանքը ունի մեկ նպատակ, որ Երևանն ունենա կայուն, որակյալ տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու և վերանա: Ես բացառում եմ միասնական տրանսպորտային համակարգում հետադիմություն թույլ տալը: Մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո կարողանանք  նոր ավտոբուսներ գնել: Կոպեկը չի հասնում համակարգին, չի ծառայում նպատակին: Այդ կոպեկը չի դառնում 45 տրոլեյբուս կամ ամբողջ համակարգերը սպասարկող գումար: Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել»,- նշել է քաղաքապետն ու հանձնարարել գտնել նվազագույն տարբերակը՝ միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման նպատակով:
***
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Այս պահին թափուր ևս 44 հաստիք կա: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։

«Մեր վարորդների համար մենք ապահովում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, նաև արտաժամյա աշխատանքի ու պարապուրդի համար ենք նախատեսում վարձատրություն: Մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, չմտնի որևէ տեսակի կանխիկ գործարքների մեջ»,- ընդգծել է քաղաքապետը։
***
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ: Դրանց տեղադրման և սպասարկման մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է:
***
Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում ու Վազգեն Առաջին Վեհափառի փողոցում տեղադրվել են LED տեսակի էներգախնայող ու «խելացի» լուսատուներ, որոնց լուսատվությունը հնարավոր կլինի փոփոխել կառավարման կենտրոնից:
***
Երևանի քաղաքապետարանում ներդրված աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգում ստեղծված հարթակները շարունակում են համալրվել նոր տվյալներով. ընթացքում է սուրճի, սննդի և վճարային տերմինալների, հասարակական տրանսպորտի կանգառների քարտեզավորման գործընթացը: Մշակվել է նաև հարթակ՝ տրամադրված շինթույլտվություններով կապուղիների հետագծերը ներմուծելու համար և համապատասխան գործիքակազմ՝ բջջային հեռախոսներով վերահսկողություն սահմանելու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031