«Ժողովրդին հիմարի տեղ են դրել, Ազգային ժողովի ամբիոնից ի՞նչ էին ճառում՝ ժողովուրդ ջան, հարկերը կզրոյացնենք, աշխատավարձերը, թոշակները կբարձրացնենք: Խաբելով չի էլի, մեկ խաբես, երկու խաբես, հո ժողովուրդը հիմա՞ր չէ: Ջեբները 1000 դրամ չկար, եկան փողատեր դառան, հիմա էլ ժողովրդին ասում են՝ համբալ գյուղացիներ, դուք պետք է աշխատեք, մենք ուտենք, քեֆ անենք, թքում են…»,- այսօր կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների բողոքի ցույցի ժամանակ ասաց մի տնտեսվարող:
Հիշեցնենք, որ հարկային թանկացումներից բողոքող տնտեսվարողներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ, նրանք հրաժարվեցին գրավոր նամակով փոխանցել իրենց դժգոհությունները կամ բարձրանալ կառավարության շենք՝ պաշտոնյաների հետ հանդիպման: Քանի որ դժգոհ էին մնացել անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից: Ցուցարարներն ասում էին, որ իրենց բողոքը լսելու ու հարցերին պատասխանելու էին եկել ոչ կոմպետենտ մարդիկ, որոնք նույնիսկ Հարկային օրենսգրքին ծանոթ չէին:
Մեկ այլ ցուցարար էլ հարցեր էր առաջ քաշում, թե ինչ հիմքով է կառավարությունն այս քայլերին գնում: Ըստ նրա ՝ ոչ մի բարեփոխում փորձնական փուլ չի մտել, չեն արձանագրել՝ արդարացրե՞ց այն սպասումները, թե՝ ոչ, ու անցնում են մեկ այլ բարեփոխման:
Կարդացեք նաև
«Պետությունը կայանում է կրթությունից սկսած, ո՞ւր է մեր կրթությունը, ինչո՞ւ չի զարգանում, հիմա էլ հարկերի՞ն անցան»,- ասաց նա:
«Հինգշաբթի օրը ժամը 11-ին բոլորը՝ Երեւանից, մարզերից գան, հավաքվենք, որ հասկանանք ՝ մեր հարցին ինչ լուծում է տրվելու: Այս թանկացումները բոլորին են վերաբերում»,- հավելեց մեկ այլ ցուցարար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ