«Որքան ակտիվ էր Բայդենի վարչակազմը, չեմ կարծում՝ նույնքան ակտիվ լինելու է Թրամփի վարչակազմը, քանի որ Բայդենը շատ ավելի խորությամբ էր պատկերացնում ընդհանրապես մեր տարածաշրջանը․ հայերի հետ շատ ավելի վաղ ժամանակներից՝ սենատոր եղած ժամանակներից կապեր ուներ։ Նա ԱՄՆ-ի ամենապրոհայկական սենատորներից մեկն է եղել։ Այնպես որ, այս անձնական մոտեցումը, քաջատեղյակ լինելը նույնպես կարևոր նշանակություն ուներ։ Թրամփն այդքան տեղյակ չէ, որքան Բայդենը, և նրա արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով տարբերվելու է Բայդենի արտաքին քաղաքականությունից»,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն շատ ավելի լեգիտիմ․ «Նա ոչ միայն ընտրիչների, ընտրողների ձայների մեծամասնությունը տարավ, այլև նրա ընտրությամբ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հանրապետականները մեծամասնություն դարձան։ Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ գերագույն դատարանն ավելի շատ պահպանողականներով է համալրված, ապա պատկերը ամբողջական է դառնում։ Թրամփը բավականին հզոր ու լեգիտիմ նախագահ է այսօր, որն իր առաջ դրված խնդիրները լուծում է՝ հաշվի առնելով հենց այդ կարգավիճակը»։
Սուրեն Սարգսյանը թեև փաստեց, որ 2016-ին Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփից մոտ երեք միլիոնով ավելի ձայն էր հավաքել, բայց նաև նշեց՝ հաշվի առնելով ամերիկյան համակարգի առանձնահատկությունները՝ ընտրիչների ձայների թվով Թրամփն ավելի շատ էր տարել, քան Քլինթոնը, և դրա համար նա դարձավ 45-րդ նախագահը։
Համեմատելով Բայդենի և Թրամփի վարած քաղաքականությունները՝ Սուրեն Սարգսյանն ասաց․ «Բոլոր հարցերի շուրջ նրանք ունեն եթե ոչ սկզբունքային, ապա էական տարաձայնություններ։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում կտեսնենք, թե ինչ էական տարբերություններ կան այս երկու վարչակազմերի միջև։ Ասեմ ավելին, էական տարբերություններ կարող են լինել Թրամփի առաջին վարչակազմի և այսօրվա վարչակազմի միջև, որովհետև ոչ թե Թրամփն է փոխվել, այլ աշխարհը։ Եթե նա չորս տարի առաջ կամ 2016-ին կարող էր թույլ տալ իզոլացված որոշակի քաղաքականություն վարել՝ կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, այսօր դա տեղի ունենալ չի կարող, քանի որ աշխարհը էապես փոխվել է վերջին չորս տարիների ընթացքում, և ԱՄՆ-ն տարբեր գործընթացներում ստիպված է լինելու ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում, երկրներում, որոնք ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունեն»։
Կարդացեք նաև
Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների մասին՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրման առիթով , Սուրեն Սարգսյանն ասաց․ «Երկկողմ հարաբերությունների մասով, կարծում եմ, բոլորին ամենահետաքրքրող հարցն այն է, թե ինչ է այդ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը։ Պետք է հստակ տարանջատել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ռազմավարական գործընկերային հարաբերություններից, որովհետև դաշնակցային հարաբերությունները վերաբերում են, օրինակ՝ ԱՄՆ-Իսրայել, ԱՄՆ-ՆԱՏՕ անդամ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին։ ԱՄՆ-ի հետ ունեն դաշնակցի կարգավիճակ ոչ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ, որոնք ԱՄՆ-ի համար ռազմավարական դաշնակիցներ են, բայց ՀՀ-ի հետ այս պարագայում ինչ ստորագրել են, ռազմավարական դաշնակցային հարաբերություն չէ։ Հետևաբար ՀՀ-ի համար որևէ անվտանգության երաշխիք չի տալիս, որևէ մեխանիզմ չկա, նաև նախատեսված չէ, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին պետք է զենք վաճառի, մատակարարի, օգնություն տրամադրի։ Այս տեսանկյունից պետք է հասկանանք, որ այս փաստաթուղթը դրա մասին չէ։ Սա մի փաստաթուղթ է, որը ֆիքսում է հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ