Լրահոս
Օրվա լրահոսը

2024-ին 10-ից ավելի լրագրողներ տուժել են հատուկ միջոցների կիրառման արդյունքում. Աշոտ Մելիքյան

Հունվար 27,2025 14:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր զեկույցը ծավալուն է, որովհետեւ անցյալ տարին հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, նաեւ խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների առումով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ)նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ 2024 թ. տարեկան զեկույցը։

«Տարին կարելի է բնութագրել հասարակական-քաղաքական սրացումներով եւ դրանց հաջորդող հարաբերական կայունացմամբ, ինչն ուղիղ կապ ունի լրագրողների աշխատանքի, նրանց իրավունքների պաշտպանության եւ խախտումների աճի հետ: Համեմատելով 2024թ-ը 2023-ի հետ՝ եթե ԽԱՊԿ դասակարգմամբ բոլոր կատեգորիաները վերցնենք՝ ֆիզիկական բռնություններ, տարատեսակ ճնշումներ, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքների խախտումներ եւ այլն, ապա կտեսնենք, որ բոլոր բաղադրիչներով հանդերձ՝ 2024թ ընդհանուր թիվն ավելին է՝ 2023թ-ի համեմատությամբ: 2024-ին եղել է 208 փաստ, իսկ 2023-ին՝ 200, ֆիզիկական բռնությունները 15 էին, իսկ 2023-ին՝ 6, Ճնշումները ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ՝ 71, նախորդ տարվա 60-ի համեմատ»,-նշեց Աշոտը Մելիքյանը:

ԽԱՊԿ նախագահի խոսքով. «2024թ երկրորդ եռամսյակում, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հայտնի շարժումն էր տեղի ունենում, իրավիճակը թեժ էր երկրում, լրատվամիջոցների հրապարակումներին ոչ իրավական քայլերով արձագանքներ էին տրվում, լրագրողների հանդեպ բռնությունները մեծ թիվ են կազմել: Հենց այդ ժամանակ է արձանագրել ֆիզիկական բռնությունների գերակշիռ մասը, դրանք ե՛ւ ոստիկանության գործողությունների հետեւանքներն են, եւ ընդդիմադիր շարժման կազմակերպիչների եւ նրանց համակիրների կողմից դեպքեր են… Քանի ո լրատվամիջոցները բեւեռացված են, մի ճամբարի քաղաքական ուժի հետ ասոցացվող լրատվամիջոցը շատ մեծ դժվարությամբ է լուսաբանում այն ամենը, ինչ կազմակերպվում է մյուս ճամբարի քաղաքական ուժի կողմից»:

Աշոտը Մելիքյանի խոսքով՝ ճնշումների ամենամեծ թիվը՝ 26, դարձյալ երկրորդ եռամսյակում է գրանցվել, առաջինում 17 է եղել, երրորդում՝ 11, չորրորդում՝ 17. «Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի մասով եւս զիգզագաձեւ պատկեր է գրանցվել, առաջին եռամսյակում այդ թիվը 41 է, երկրորդում՝ շեշտակի իջել է, հետո նորից բարձրացել է, չորրորդում կրկին շեշտակի իջել է: Մեծապես խախտումները կապված են եղել երկրում լարված իրավիճակի ժամանակահատվածի հետ, իսկ պիկը եղել է հունիսի 12-ին՝ Դեմիրճյան փողոց-Բաղրամյան պողոտա անկյունում, այսինքն՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որտեղ 10-ից ավելի լրագրողներ տուժեցին հատուկ միջոցների կիրառման պատճառով: Ամբողջ ընդդիմադիր շարժման ժամանակ մենք արձանագրել ենք 20 խախտում, դրանք եւ ֆիզիկական բռնություններն են, եւ ճնշումները: Դրանցից 13-ը տեղի են ունեցել ոստիկանության ուժային գործողությունների ընթացքում, 2-ը՝ բողոքի ակցիաները կազմակերպող ընդդիմադիրների կամ նրանց աջակիցների գործողությունների արդյունքում»:

 Մանրամասն՝ տեսանյութում 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031