Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։
Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆանտազիան»՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպե Վերդիի Հրեա ստրուկների խմբերգը «Նաբուկո» օպերայից, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության ֆինալը և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալը:
Կարդացեք նաև
Որպես մենակատար հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը: Հրաշալի համերգային երեկոյից հետո հոբելյարը՝ մաեստրո Չեքիջյանը, սիրով համաձայնեց հարցազրույցի մեր առաջարկին:
-Մաեստրո, մշտապես նշում ենք ձեր ծննդյան տարեդարձները, հիմա էլ՝ 96-ամյակը: Թեև մենք ժամանակին անդրադարձել ենք, այնուամենայնիվ, մի հարց մինչ օրս հուզում է ձեր երկրպագուներին. ինչո՞ւ է Ձեր ծննդյան օրը նշվում և դեկտեմբերին, և՛ հունվարին:
-Ուղղակի անձնագրի հետ անճշտություն կա, իրականում ես ծնվել եմ դեկտեմբերի 23-ին, իսկ անձնագրով՝ հունվարի 23-ին, ես սիրում եմ դեկտեմբերի 23-ը, իսկ էս դեպքում ես 1 տարով երիտասարդ եմ լինում:
-Դուք բոլոր դիրիժորներին գերազանցեցիք երկարակեցությամբ, այժմ մեր մշակութային կյանքը չենք պատկերացնում առանց Հովհաննես Չեքիջյանի…
-Բայց պետք է պատրաստ լինեք, позор, այդքան չեն ապրում (ծիծաղում է):
-Հույս ունենք, որ մեր պատմության մեջ կունենանք 100-ամյա դիրիժոր՝ ի դեմս Հովհաննես Չեքիջյանի:
-Եթե էդ ախորժակն ունեք, ուրեմն էսօր մի հատ մոմ պիտի վառեք, որ ևս 4 տարի ապրեմ: Մի պատմություն կա, իմ տարիքի մեկին ասում են. «Կուզեմ, որ 100 տարի ապրես»,- պատասխանը հնչում է, – «Նախ ինչո՞ւ ես Աստծու գործերին խառնվում, հետո ինչո՞ւ ես սահմանափակում»:
-Մի առիթով ասացիք, որ մի երկիր կա, որտեղ հյուրախաղերով չեք եղել, բայց շատ կցանկանայիք:
-Իհարկե, շատ երկրներում եմ համերգներ ղեկավարել, շատերը կան, որտեղ չեմ եղել, բայց դրանց մեջ Ճապոնիայում կցանկանամ հանդես գալ: Ես այնտեղ եղել եմ, բայց ոչ համերգով: Նույնիսկ հիմա, եթե հնարավորություն լինի հյուրախաղերով մեկնել Ճապոնիա, կգնամ: Եթե լինելու բան է, կլինի:
-Ի դեպ, Ճապոնիայում հայկական դասական ու ժողովրդական երաժշտության սիրահարներ կան, անգամ «Ճապոնիայում Կոմիտասի անվան երաժշտական միություն» գոյություն ունի, որը հիմնել և ղեկավարում է դաշնակահար, պրոֆեսոր Տակահիրո Ակիբան:
-Մեր հյուրախաղերի ժամանակ միշտ պահանջել են, որ Կոմիտասը շատ լինի, օրինակ՝ Ֆրանսիա մեկնելիս, մտավախություն ունեի, արդյոք ֆրանսիացիները կհասկանա՞ն Կոմիտաս, բայց արի ու տես, որ բոլորից լավ Կոմիտասն է ընդունվում, ավելի լավ, քան երբեմն Հայաստանում: Մի ժամանակ, Կենտկոմի հրամանով, գնում էինք շրջաններ, այդ ժամանակ Գուրգեն Բորյանն էր Կուլտուրայի մինիստրի տեղակալը: Չեմ ասի ուր, բայց ուր որ գնացինք, առաջին անգամ էինք գնում, մեզ մի 6 հոգի դիմավորեցին, մոտեցա բաժնի վարիչին, հարցրեցի ռոյալ կա՞, ասաց՝ ո՞նց, հետներդ չե՞ք բերել, ասացի՝ ներեցեք, իսկ դաշնամուր կա՞, պատասխանեց. «Ընկեր Չեփիջյան, զուռնան կա, կլարնետը կա, դաշնամուրն էլ թող չլնի»: Համերգը մի կերպ ավարտվեց, մոտեցա նույն անձնավորությանը, ասաց. «Ընկեր Չեփիջյան, տեսաք ժողովուրդը ինչ լավ ընդունեց, ինչ լավ արեցիք, որ եկաք: Բայց մի բան ասեմ, հո չե՞ք նեղանա, էս ժողովուրդը հայկական երգ է սիրում, ինչի՞ եք բերում Կոմիտաս»:
Ի դեպ, հետաքրքիր է իմանալ. Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում և բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Հայաստանից դուրս Մաեստրոն ունեցել է 873 համերգ։
Այսպես էր գնահատում Մաեստրոյին ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը՝ «…դու կարողացել ես քո ազգայինը վերածել համազգայինի և քո արվեստը դարձնել համամարդկային»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ