ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։ Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման անհրաժեշտությունը։
«Կարևոր եմ համարում քննարկումների և հանրային խոսույթի ձևավորումը` հումանիտար և հասարակագիտական բնագավառների նշանակության վերաբերյալ` հաշվի առնելով այս ուղղությունների ազդեցությունը հասարակության զարգացման համատեքստում։ Գիտության ոլորտում համաչափության պահպանումը առաջնային խնդիր է, որը կարևոր է նաև հանրային ավելի լայն շրջանակներում ոլորտային տեսանելիությունը բարձրացնելու տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ԲՏՃՄ ուղղությունների զարգացման մասին վերջին շրջանում ավելի շատ է խոսվում, ինչը սակայն չի նշանակում, թե հասարակական և հումանիտար ուղղությունների զարգացումը գիտության զարգացման օրակարգում երկրորդական է դիտվում:
Կարդացեք նաև
Նախարարը կարևորել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում նախատեսվող փոփոխությունների, դրանց առնչվող խնդիրների շուրջ մասնագիտական կարծիքներն ու անկեղծ քննարկումները` հետագա անելիքներն ու առաջնահերթությունները կանխորոշելու տեսանկյունից։
Անդրադառնալով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեությանը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գիտաշխատողներին՝ հետաքրքիր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար, որի արդյունքն ու ձեռքբերումը նկատելի են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում:
«Ձեր անմիջական ջանքերով 29 տարի անց Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտի վերաբերյալ հայտը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, որը ոլորտի համար մեծ ձեռքբերում է։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է նախարարը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը տեսասահիկով ներկայացրել է կառույցի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրները։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով. գիտնականները նախարարին բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ինստիտուտի կարիքների գնահատմանը, ակադեմիական քաղաք ծրագրին, բուհական և ակադեմիական կառույցների միջև համագործակցության ճկուն և գործուն մեխանիզմների ներդրմանը, ապագա մասնագետների պրակտիկ գործունեությանը, հուշարձանների պահպանությանը և այլ խնդիրների։
Գիտնականներն առանձնակի կարևորել են նաև գիտական աշխատանքի արդյունավետության չափելիությունը, գիտական աշխատանքի խրախուսումնն ու գնահատումը։ Անդրադարձ է եղել նաև գիտնականների ատեստավորմանը, միջազգային գիտաժողովներին մասնակցությանը, տեղական և միջազգային գիտական հանդեսներում, այդ թվում՝ «Սկոպուս» գիտական շտեմարանում հրապարակումներին, ինչպես նաև ոլորտում սոցիոմշակութային մարդաբանությունը որպես նոր ուղղություն ներդնելու կարևորությանը, հայկական գիտական ինդեքսավորման համակարգի ստեղծմանը, հայագիտության կարևորմանն ու զարգացմանը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ