«Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ հայոց ցեղասպանության այսպես ասած հիմքերին՝ հռետորական հարցեր բարձրացնելով, թե մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է այդ ցեղասպանությունը տեղի ունեցել կամ հայտնվել խորհրդային Հայաստանի քաղաքական օրակարգում։ Կարող է թվալ, որ այդ հարցերն անմեղ են, բայց իրականությունն այն է, որ այս հարցերի շարանն ի վերջո տանում է նրան, որպեսզի Հայաստանում ամրապնդվի այն թուրքական նարատիվը, որ կամ ցեղասպանություն չի եղել, կամ, եթե նույնիսկ եղել են հայերի կոտորածներ, ապա հենց հայերն են մեղավոր։ Թուրքերն անընդհատ են այդ մասին ասում, եւ հիմա մենք ունենք մի իրականություն, երբ Հայաստանում գործող իշխանությունը փորձում է այդ թուրքական խոսույթը, թուրքական պատումները պարտադրել մեր ժողովրդին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի եւ վարչության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանն ասաց, որ այսպիսով մենք ականատես ենք լինում մի իրողության, երբ հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությունը ներթափանցում է Հայաստան եւ Հայաստանի ղեկավարման բարձրագույն օղակ։
Կարդացեք նաև
«ՀՀ գործող վարչախումբն իր վրա վերցնում է հայոց ցեղասպանության ժխտման, նենգափոխման թուրքական ժխտողականության շարունակությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց Աթաթուրքի կառավարման ժամանակաշրջանից սկսած Թուրքիան սկսեց շրջանառել այն տեսակետը, որ հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում իբրեւ թե չեն կրել համակարգված բնույթ եւ դրանք եղել են ի պատասխան անջատողականության ու սադրանքների։ Հետագայում 20-րդ դարի ընթացքում թուրքական պատմագիտական շրջանակները հետեւողականորեն զարգացրեցին այս տեսակետը եւ նաեւ հայերի բնաջնջումն ու կոտորածը վերագրեցին հենց հայերին, ինչպես նաեւ արտաքին ուժերին։ Երբ հայ-թուրքական հաշտեցման, հարաբերությունների կարգավորման գործընթացներ էին տեղի ունենում, թուրքական կողմն անընդհատ առաջ էր տանում, այն տեսակետը, որ պետք է պատմաբանների խորհուրդ ստեղծվի, եւ պատմաբաններն իրար հետ պետք է քննարկեն այդ հարցը։ Հայկական պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն էր, որ պատմական եղելությունը քննարկման առարկա չէ։ Այսօր Նիկոլ Փաշինյանն անոնսեց, որ ինքն իր վրա է վերցնում ցեղասպանության եղելությունը պատմաբանների տեսակետից քննարկելը եւ գնահատական տալը։ Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած եւ դրանով Արցախի էթնիկ զտման դուռը բացած պաշտոնյան, նաեւ իր վրա վերցնում է հայոց ցեղասպանության թեման փակողի ֆունկցիան, հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնողի ու ժխտողի ֆունկցիան»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավետիք Չալաբյանն էլ հավելեց, որ Քրեական օրենսգրքում կա 136-րդ հոդվածը, որի 2-րդ կետը վերաբերում է հենց Փաշինյանի գործողություններին։
«Մենք պետք է ուսումնասիրություն կատարենք, թե ինչքանով է 136-րդ հոդվածի 2-րդ մասը նկարագրում հենց այն հանցանքը, որն իրականացնում է Փաշինյանը։ Եթե հետեւողական աշխատանք կատարենք, ի վերջո կկարողանանք համապատասխան ձեւակերպումը տանք։ Ցավոք, խնդիրն այն է, որ ՀՀ-ում այսօր իրավապահ համակարգն ընդհանրապես չի ծառայում ոչ օրենքին, ոչ էլ պաշտպանում է քրեական օրենսդրությունը, այլ պաշտպանում է գործող վարչախմբին»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավորինս արագ իշխանափոխություն պետք է տեղի ունենա, որից հետո այս գործընթացները տեղի կունենան։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ