Այսօր առավոտից փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային թանկացումները վերանայելու պահանջով բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ:
«Իմ աղջիկն է՝ Եվրոպայից եկել է, հետը բերել է, օրինակ՝ 10.000 եվրո, դրա 20 տոկոսն ինչո՞ւ պետք է տամ պետությանը, կամ պետք է թաքուն պահեմ, ավելի շատ դրդում են դրան: Օր օրի վատ բաներ ենք տեսնում, կառավարությունից լավ սպասելիքներ չունենք, կփորձենք սպասելիք ունենալ, տեսնենք՝ ինչքան են հայ ազգին, քաղաքացուն սիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:
Ցուցարար կնոջը շատ էր զայրացրել Փաշինյանի այն հայտարարությունը, թե ով չի ուզում պետությանը հարկ տալ, թող գնա, ԱՄՆ-ին հարկ տա. «Էդ Ամերիկայի տեղը գիտեմ, Ամերիկայում, որ հարկ տվող լինեի, ժամանակին կգնայի, մի 100.000 դոլար էլ տակս կլիներ: Էս ո՞ւր է մեզ ուղարկում, ավելի լավ է ի՞նքը գնա, թե՞ մենք, մենք մեր հայրենիքը սիրում ենք: Մենք մեր հայրենիքում ենք մնացել անգամ ամենածանր օրերին»:
Կարդացեք նաև
Ցուցարարի խոսքով, 25 միլիոն դոլար փոշիացրել են պետբյուջեից ու ոչ մի բան. ոչ մեկը չի ենթարկվում պատասխանատվության. «Մեր տված հարկերով անձնական ինքնաթիռներով են թռնում, 2 միլիոնի «ռեմոնտ» (նորոգում.-խմբ.) են անում, աշխատավարձ են ստանում, ավտո են առնում դնում տակները, որ էդ մենք չգիտենք՝ ինչ է: Ապրում են շքեղության մեջ, մի հատ էլ հարկատուների գլխին բամփում… ղալաթ արեցինք, որ ընտրեցինք, սաղս էլ ընդունում ենք, որ սխալվել ենք»:
Մեկ այլ տղամարդ էլ միջամտեց հարցով՝ ո՞ւմից ենք խոսում, Էն մարդուց, որն այսօր կասկածի տա՞կ է դնում ցեղասպանությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ