Ռուսաստանի հայերի միության արձագանքել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Ցյուրիխում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և Քրեական օրենսգրքին, ինչպես նաև Շվեյցարիայի օրենքներին, խեղաթյուրում են պատմական փաստերը և հանդիսանում են Հայաստանի իշխանությունների չարամիտ քաղաքականության հերթական դրսեւորումը սփյուռքի և մեր ժողովրդի պատմության նկատմամբ:
Հայաստանի վարչապետը, որը պարտավոր է իր երկրի օրենքներին համապատասխան ձգտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համակողմանի ճանաչմանը, կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության պատմականորեն ապացուցված և տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտված փաստը, կոչ անելով «կրկին ուսումնասիրել այս հարցը և հասկանալ՝ ինչ և ինչու տեղի ունեցավ, և ինչու 1939 թվականին, իր կարծիքով՝ «ցեղասպանության օրակարգ չկար, բայց արդեն 1950 թվականին այն հայտնվեց օրակարգում»։
Փաշինյանն ընտրեց Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվների տարածման հարթակ՝ դրանով իսկ ցույց տալով իր արհամարհանքը մի պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության, ինչպես և Հոլոքոստի ժխտումը քրեական հանցագործություն է։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ նույնիսկ՝ իշխանության գալուց հետո հեղափոխական շանտաժի միջոցով բարձրագույն կրթության դիպլոմ ստացած Փաշինյանը, ինչպես և ցանկացած հայ դպրոցական, քաջատեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում, և այժմ նա նման դիսկուրս է նետում դաշտ՝ նպատակ ունենալով հանրությանը ներքաշել իր կողմից պարտադրված ամոթալի քննարկման մեջ, որը կհանգեցնի մեր արժեքների ու ձեռքբերումների արժեզրկմանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված մեկուկես միլիոն զոհերի հիշատակի պղծմանը», – մասնավորապես նշված է հայտարարության մեջ: