«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Քանի որ այսօր Բաքվում կրկին վերսկսվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր հայրենակիցների դեմ շինծու «դատավարությունները», կցանկանայի մի քանի կետով ներկայացնել, թե ինչ նպատակներ ու գործիքակազմ, ըստ իս, Բաքուն կփորձի կիրառել առաջիկայում, որպեսզի մեր հանրությունն էլ ավելի պատրաստված ու զգոն լինի։
Ամենից առաջ հիշեք՝ սա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դրա մասին ադրբեջանական պաշտոնական մամուլը շատ բաց տեքստով գրել է։
Այս ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը պատգամավորների և տարբեր այլ անձանց մակարդակով մեծ ծավալի ատելության խոսք է տարածում էթնիկ հայերի վերաբերյալ։ Այն փաստը, որ դատավարությունը իրենք կոչում են «նյուրեմբերգյան», մեր հայրենակիցներին էլ «ֆաշիստներ», պատահական չէ, դա հստակ ատելության ու թշնամանքի քարոզի նպատակով է արվում։
Կարդացեք նաև
Դրա հետ մեկտեղ ադրբեջանական քարոզչական մամուլը օգտագործում է «յան» ազգանունով հայ համարվող մարդկանց, որոնք տարբեր օնլայն հարթակներից շարունակ ատելության խոսք են գեներացնում Արցախի հայերի ու Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների դեմ, չգիտեմ դա անում են գումարի դիմաց, թե սպառնալիքների ներքո, բայց նրանց խոսքը մեծ կիրառություն է ստանում ադրբեջանական մամուլում։ Ոմանք քաջածանոթ են նաև հայկական լսարանին, ուստի կարիք չկա, որ ես անուններ տամ։
Սա կարևոր է այն առումով, որ այս թեման ադրբեջանական կողմը շահարկում է հենց հայկական հանրության ներսում որոշ վտանգավոր տրամադրություններ գեներացնելու համար, կարճ ասած՝ հայերին հայերի դեմ օգտագործելու համար։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ»՝ ճնշման կամ գումարի դիմաց: Դա Ալիևի ձեռքին կդառնա շատ ուժեղ քարոզչական գործիք։ Սա հաշվի առնելով մեր հանրության հորդորում եմ չտրվել էմոցիաներին, հասկանալ, որ այս ամենը մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է։
Ակնհայտ է, որ այս շինծու «դատավարություններով» Ալիևը հստակ նպատակ է դրել ազգամիջյան թշնամանքի նոր ալիք հրահրել ադրբեջանական հանրության ներսում ընդդեմ հայերի։ Մեր հանրության մեծ մասն է բնական է բարկություն է զգում, երբ տեսնում է Բաքվի դատարանից տարածվող լուսանկաները։ Այս ամբողջ գործընթացն ինքնին հակասում է խաղաղության մասին հյուսված հեքիաթներին։
Ամփոփելով ևս մեկ անգամ կրկնեմ՝ հայ հանրության և հայոց պետության դեմ մղվում է հստակ մշակված հոգեբանական, հիբրիդային, տեղեկատվական պատերազմ։ Դրա համար պետք է ներկայացվող ինֆորմացիային վերաբերվել հնարավորինս սառնասիրտ, զտել այն, հասկանալ դրա քարոզչական նպատակներն ու չտրվել դրանց։ Սա, իհարկե, առանձնակի բարդ է, քանի որ այդ պատերազմը մեր հանրության դեմ մղվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև հենց հայկական իշխանությունների կողմից…