2025 թվականի հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ։ Ուզում եմ անդրադառնալ Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ վարչապետի այնտեղ արած հայտարարություններին։ Մասնավորապես․
1) Եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերի մեջ և պետությունը չպետք է խառնվի Եկեղեցու գործերի մեջ հայտարարությանը,
2) մոմավաճառության և ՀԴՄ (հսկիչ-դրամարկղային մեքենա) կտրոնների կամ հարկային բարեփոխումների մասին արված հայտարարությանը,
3) 2018 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ կատարված ոտնձգությունների մասին արված հայտարարությանը։
Կարդացեք նաև
Մինչ մեզ հետաքրքրող առաջին հայտարարությանը անցնելը, փորձենք ոչ վաղ անցյալից մի կարճ պատմական էքսկուրս կատարել։ 2001 թվականի սեպտեմբերի 25-27-ին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի և 2016 թվականի հունիսի 24-26-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցերը, Պապերի բնորոշմամբ, իրենց համար ուխտագնացություն էր դեպի քրիստոնյա առաջին երկիր, և երկու այցելությունների կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»։
Ընտրված կարգախոսը նաև յուրահատուկ ուղերձ էր համայն մարդկությանը, հատկապես քրիստոնյա աշխարհին՝ անդրադառնալու իրենց արմատներին և մեծագույն ակնածանքով վերաբերվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ովքե՞ր կարող էին իրենց համար վտանգ տեսնել պապական այս կրկնակի կոչ-ուղերձների մեջ։ Ճիշտ է, հայ ազգի թշնամիները և պարտադիր չէ, որ նրանք այլազգի լինեն։ Նրանք հասկանում են, որ անվերապահ հեղինակություն ունեցող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի նշանակում է հզոր Հայաստանի Հանրապետություն և հզոր հայություն, ինչը ըստ նրանց՝ իրենց համար վտանգ է պարունակում։ Հենց նման ուժերին է միայն ձեռնտու, որպեսզի Հայաստանում քաղաքական իշխանության գան հակաեկեղեցական, այսինքն` ապազգային գործիչներ։ Թե որքանով է դա նրանց հաջողվել` ես չեմ կարող ասել, որովհետև ամեն դեպքում դեռ շարունակում եմ ձեռնպահ մնալ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը որպես այդպիսին բնորոշելուց։ Սակայն ՔՊ կուսակցության կողքին կան նաև այլ ուժեր, որոնք կեղծ ժողովրդավարության դրոշի ներքո փորձեր են անում պղտորել բարեպաշտ հայ ժողովրդի մտքերը։ Անշուշտ, հայաստանյան ներքաղաքական դաշտում քիչ չեն նաև ազգային առողջ ուժերը, սակայն չափազանց պասիվ վիճակում են նրանք և պակաս կազմակերպված։
Եվ հիմա ի՞նչ, հարգարժան իշխանավորներ, ըստ ձեզ Եկեղեցին պետք է կողքից դիտի, թե ինչպե՞ս է հոշոտվում հայ ժողովուրդը, պետք է մտածի, որ պետության գործն է դա ու չխառնվի՞, ձեր բնորոշմամբ, քաղաքական գործերին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ոչինչ ու ոչ ոք չի կարող ետ պահել իր առաքելությունից, որի կարևորագույն բաղկացուցիչ մասն է կազմում հայ ժողովրդի հոգևոր անվտանգության ապահովումը։ Երանի քաղաքական իշխանությունները այնքան իմաստուն լինեին, որ այս հոգսը Եկեղեցու համար գոնե չափավորության մեջ լիներ, սակայն, վտանգը չափազանց մեծ է և Եկեղեցուն հորդորել, որ չխառնվի պետության գործերի մեջ, նույնն է, որ հորդորի անտարբեր լինել հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ։
Հոգևոր իշխանությունը վեր է քաղաքական իշխանությունից և բացարձակ անմտություն է մտածել, որ Եկեղեցին կարող է հավակնել որևէ քաղաքական իշխանության։ Ի տարբերություն քաղաքական առաջնորդների՝ հոգևոր առաջնորդների իրավազորության տարածքները անսահման են՝ տեսանելի ու անտեսանելի տիրույթներում։ Եթե կան որոշ հոգևորականներ, ովքեր գայթակղվելով գլորվեցին իրենց բարձունքներից ու այժմ էլ քաղաքական երազանքներով են տառապում կամ խառնվում են ինչ որ քաղաքական հոսանքների մեջ, ապա դա նրանց անձնական խնդիրն է։ Հայոց Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը մաս չունեն այդպիսի գործերում ու քաղաքական պայքարներում։
Գալով մոմավաճառություն, ՀԴՄ կտրոն ու էլի ինչ-որ, միգուցե և, ազնիվ մղումներով ֆինանսական աջակցություններ կատարելու վարչապետի խոստումներին, ապա նշեմ, որ դրանք չափազանց անտեղի էին։ Նախ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մի քանի անգամ պաշտոնապես և ոչ պաշտոնապես հայտարարել է, որ երբեք հարկերից չի խուսափել և հիմա էլ չի խուսափում։ Ավելին, Եկեղեցին միշտ պատրաստակամ է եղել պետության հետ ձեռք ձեռքի սոցիալական, կրթական ու ազգային շահերին չհակասող այլ ծրագրեր իրականացնել և, անհրաժեշտության դեպքում, նաև այժմ էլ, կարծում եմ, պատրաստ է։ Եկեղեցին երբեք չի հրաժարվել աջակցել պետությանը նաև ֆինանսապես և չեմ կարծում, որ հիմա կզլանա, եթե դա անհրաժեշտ լինի պետությանը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սրբությամբ պահպանելու համար։ Հայ Առաքելական Եկեղեցում բոլորի աչքը կուշտ է և միայն մեկ մտահոգություն ունեն բոլորը, դա այն է, որ Հայ Ժողովուրդը ունենա բարեկեցիկ ու անվտանգ կյանք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և թե՛, բնականաբար՝ մտավորապես։ Օտար պետություններում Եկեղեցուն հարկելու թեման բարձրացնելը, մեղմ ասած, ապաշնորհ վարքի դրսևորում էր։
Ինչ վերաբերում է 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած եկեղեցական հալածանքներին, ապա, ասեմ, որ կարիք չկա արդարանալու կամ ապացուցելու, որ այդ հալածանքների իրականացումը իշխանությունների օրակարգում չի եղել։ Դա ընդհանրապես կապ չունի այլևս։ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը վեր է քինախնդրությունից ու հիշաչարությունից և, ցանկության դեպքում դա դժվար չէ նկատելը։ Այդքան իրական Հայաստանից եք խոսում, փոքր ինչ իսկապես իրատեսական եղեք և կտեսնեք, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետության մաս է կազմում՝ անկախ իշխանության կամ վարչապետի խնդրահարույց հայեցակարգային դիրքորոշումներից։ Ուստի, չեմ զլանա կրկնել, որ 2019 թվականին ստեղծված Եկեղեցի – Պետություն հարաբերությունները կարգավորող աշխատանքային խմբի վերագործարկումը շատ կարևոր է, որպեսզի Պետություն – Եկեղեցի երկխոսություն սկսվի և, պատկերավոր ասած, տան խոսակցությունը դրսում չարվի։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ