Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 2025 թ.-ին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցն՝ ամբողջությամբ

Հունվար 27,2025 10:53

Տարեկան զեկույցի մասին

Սույնը Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության առաջին հրապարակային զեկույցն է։ Ժողովրդավարական հասարակարգում սպասարկելով Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային անվտանգության ապահովման շահերը, Ծառայությունը կարևորում է իրազեկման ու հաշվետվողականության ապահովումը։ Մեր գործունեության ոչ հրապարակային լինելու պայմաններում այս զեկույցը միջոց է հանրությանը տեղեկացնելու այն արտաքին ռիսկերի ու վտանգների մասին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ։

Պետություններին ու հասարակություններին սպառնացող վտանգներն ու ռիսկերը ավելի ու ավելի բարդ, բազմաշերտ ու հիբրիդային են դառնում, և ժողովրդավարական պետությունը դրանք չի կարող արդյունավետորեն հասցեագրել, եթե չունի հանրության բոլոր շերտերի աջակցությունն ու ներգրավվածությունը։ Ուստի, անհրաժեշտ է, որ մեր հանրությունն առնվազն իրազեկվի առկա ռիսկերի ու վտանգների մասին։

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ

Ծառայության կանխատեսումն է, որը հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ Ծառայության գնահատականի վրա։ Ծառայությունը շարունակելու է տարեկան զեկույցներ հրապարակելու գործելակերպը։ Զեկույցի հրապարակային բնույթով պայմանավորված՝ կարևորում ենք ընթերցողին տեղեկացնել նաև այն սահմանափակումների մասին, որոնք օբյեկտիվորեն պայմանավորել են փաստաթղթի բովանդակությունը։ Այդ սահմանափակումները բխում են պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կարգավորումներից, ինչպես նաև այլ զգայուն տեղեկությունների պաշտպանության Ծառայության օբյեկտիվ նկատառումներից։

Ներածություն

Հարավային Կովկասում և դրանից դուրս տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները, գերտերությունների տնտեսական հակազդեցությունների պայքարը, ընթացող հակամարտություններն ու ակտիվ ռազմական գործողությունները պայմանավորել են Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրը։

Մենք ապրում ենք փոխկապակցված ու միաժամանակ բաժանված աշխարհում, և Հայաստանի Հանրապետությունը մաս է կազմում այդ մեծ պատկերի՝ կրելով թե ռիսկերն ու  վտանգները և թե ստեղծվող հնարավորությունները։ 2022 թվականից արդեն ավելի քան 1000 օր շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը փոխել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված անվտանգային իրավիճակը, ուժերի և ազդեցությունների դասավորվածությունը։

2025 թվականի ընթացքում քիչ հավանական ենք համարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն ու երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ այնպիսի լուծումների ձեռքբերումը, որոնք կունենան կենսունակության բավարար մակարդակ։

Դրանով պայմանավորված՝ հատկապես եվրոպական պետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կշարունակեն ակտիվ սպառազինման, երկարատև պաշտպանական ու տնտեսական ինքնավարության խորացման քաղաքականությունը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համաս խմբավորման կողմից Իսրայելի դեմ իրականացրած հարձակումը և դրան հաջորդող պատերազմը Գազայում վերափոխեցին Մերձավոր Արևելքում առկա փխրուն ստատուս քվոն։ Հաջորդիվ, Գազայում ընթացող ռազմագործողությունները, դրանց զարգացումը Լիբանանում, Եմենի հութիների ռազմական գործողությունները, Իսրայել-Իրան փոխադարձ հարվածներն ու դրանց կրկնվելու հավանականությունը, ինչպես նաև Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների կողմից Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումն ի ցույց դրեցին, թե որքան բազմաշերտ են Մերձավոր Արևելքում ստատուս քվոն պայմանավորող գործոնները։ Հակամարտության այս օջախներում զարգացումները հանգեցրին տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների «ազդեցության գոտիների» փոփոխությունների կամ նորովի բորբոքեցին այդ պայքարը, ինչը վարարման էֆեկտով կարող է նոր իրողություններ ստեղծել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

2025 թվականի ընթացքում Մերձավոր Արևելքում լարվածությունների ու տարբեր մասշտաբի և ինտենսիվության ռազմական գործողությունների միտումը ամենայն հավանականությամբ կպահպանվի, որը կզուգորդվի թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների ազդեցության պայքարի, մերձավորարևելյան պետություններում ներքին քաղաքական անկայունությունների, հումանիտար-տնտեսական լարումների, լոգիստիկ նոր շղթաների ձևավորման համար պայքարի ու միգրացիոն անկանոն շարժերի բաղադրիչներով։

Սիրիայում ձևավորվելիք նոր իշխանության կրոնական ու էթնիկ հանդուրժողական քաղաքականություն որդեգրելու հնարավոր մոտեցմամբ պայմանավորված՝ 2025  թվականին ժողովրդագրական ու միգրացիոն ցածր կառավարելիության շարժերի հավանականությունը կնվազի։

2024 թվականը տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա, մինչև Ռուսաստան ու Հնդկաստան, անցկացված ընտրությունները, որոնք ներառել են ավելի քան 4 միլիարդ մարդու, փոխակերպել են միջազգային միջավայրը և նպաստել աշխարհաքաղաքական նախընտրությունների փոփոխությունների և անորոշությունների մեծացմանը։

2025 թվականին այդ փոփոխությունների նյութականացումը կոնկրետ գործողությունների տեսքով մեր տարածաշրջանի խնդիրներին կհաղորդի բարդության նոր մակարդակ՝ թե խուսանավման կամ այլ կերպ հասցեագրման ենթակա ռիսկերի և թե ռազմավարական ու մարտավարական հնարավորությունների առումով։

2023-2024 թվականներն աչքի են ընկել պետությունների ու վերպետականaթյամբ։

Խոցման միջոցներից պաշտպանությունը բյուջեի տեսանկյունից դառնում է ավելի թանկ, քան հարձակումը։ Նոր տեխնոլոգիաներն անհամաչափություն են մտցնում ռազմական գործողություններում, ինչպես նաև օբյեկտիվորեն դժվարացնում ռազմական կարողությունների ճշգրիտ գնահատումը։

Տարբեր պատերազմների և ռազմական բաղադրիչով զարգացումների վերլուծությունը վկայում է, որ առավել ինտենսիվ են դառնում ռազմագործողություններում միջնորդավորված ոչ պետական դերակատարների ներգրավումը։ Մյուս կողմից, կանոնավոր զինված ուժերին բնորոշ մոտեցումներով դրանց ֆինանսավորումը, ռազմական ուսուցումը, պատրաստությունը, սպառազինումը և նման կազմավորումների օգտագործումը դրանց հետագա օրինականացումը դարձնում է նոր «նորմալություն»։

Մաս 1. Ռազմաքաղաքական ռիսկեր

ԱդրբեջանՀայաստան 2024 թվականը նշանավորվել է երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, շփումների և գրավոր հաղորդակցության ինտենսիվությամբ՝ հիմնականում  շոշափելով հարաբերությունների նորմալացման, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, սահմանի սահմանագծման ու սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման, հումանիտար և այլ հարցեր։

Մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։

Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։

Այս համատեքստում Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։

Այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների նորմալացման գործընթացի ձգձգումները էականորեն ավելացնում են կայուն խաղաղության հաստատման մասով Ադրբեջանի իրական մտադրության վերաբերյալ անորոշությունը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրահենք խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ստեղծում է միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկ, որն ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ։

Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են նաև Ադրբեջանի պաշտոնական/իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը, ինչպես նաև տարբեր արհեստական թեմաների ավելացման միջոցով բանակցային գործընթացում սեփական միակողմանի պահանջները պարտադրելու Ադրբեջանի քայլերը։

2025 թվականի ընթացքում նման գործիքակազմի կիրառման շարունակման հավանականությունը մնում է բարձր։ Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները։

ԻսրայելԻրան հակամարտության ընթացիկ բովանդակությունը, դրսևորման ձևերի փոփոխություններն ու խորացմանը նպաստող պայմանները 2025 թվականին Հայաստանի
համար կշարունակեն գեներացնել անվտանգային, տնտեսական ու լոգիստիկ խնդիրներ։

Իրանի միջուկային ծրագրի զսպմանն ու հակազդմանը միտված տարբեր դերակատարների գործողությունները՝ տնտեսական պատժամիջոցներից մինչև թիրախային ռազմական հարվածներ, Հարավային Կովկասում կարող են ձևավորել առավել բարդ անվտանգային իրավիճակ։

ՌուսաստանՈւկրաինա 2025 թվականին ռուս-ուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Այդ ազդեցության հնարավոր գործոններ են թե տարածաշրջանային դերակատարների հնարավոր ազատվող ռեսուրսների հանգամանքը և թե «ուժերի բևեռների» միջև Հարավային Կովկասում մրցակցության կամ փոխհակազդման գործողությունների ինտենսիվացումը։

Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում։ Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի։

Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար։

Թե տարածաշրջանում և թե տարածաշրջանից դուրս պետությունների կողմից պաշտպանական ծախսերի աճի տեմպը, սպառազինության և ռազմարդյունաբերության զարգացման միտումը կշարունակվի, ինչը խնդիրներին ռազմական արձագանքը կպահպանի որպես հիմնական գործելակերպ նաև մեր փոքր տարածաշրջանի դերակատարների համար։

Այս իրողությունները կշարունակեն գեներացնել նաև ասիմետրիկ ռիսկեր նյութական և ոչ նյութական ռեսուրսների օբյեկտիվորեն փոքր պաշար ունեցող պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է։

Կրիտիկական ենթակառուցվածքներ 2025 թվականին Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների դեմ կիբերհարձակումները կշարունակեն մարտահրավեր մնալ։

Որպես արտաքին տարբեր դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող հիբրիդային ճնշման գործիքակազմի մաս, Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների տարբեր ինտենսիվության կիբեր թիրախավորման նպատակը կշարունակի մնալ տնտեսական, քաղաքական, հոգեբանական ու տեղեկատվական վնասակար ազդեցության միջոցով Հայաստանի պետական շահերը չսպասարկող որոշումների կայացմանը հասնելը։

Մաս 2. Տնտեսական ռիսկեր և հնարավորություններ

Դինամիկ փոփոխվող տարածաշրջանում առանձնահատուկ կարևորություն ունի տնտեսական դիմակայությունը, ռիսկերի կառավարումը և նոր հնարավորությունների բացահայտումը։ Անկախացումից ի վեր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շարունակ բախվում է տնտեսական զարգացման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, տեխնոլոգիաների հասանելիության, էներգետիկ ինքնաբավության, բազմազանեցման և նմանատիպ այլ մարտահրավերների։

Տնտեսական կախվածությունը որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք Ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք։ 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։ Ներքին ապակայունացման և հանրային կարծիքի վրա բացասական ազդեցություն ունենալու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ, վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ։

Նման պայմաններում տնտեսական փոխկապակցվածությունների կամ կախվածությունների բազմազանեցման ուղղությամբ հնարավորությունների փնտրման և օգտագործման քայլերը Հայաստանի համար արտաքին վնասակար ճնշումները բալանսավորելու և տնտեսական զարգացում ապահովելու հնարավորության պատուհան կարող են դառնալ։

Տարածաշրջանային ապաշրջափակում Տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մրցավազքում թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների գործողությունները 2025 թվականին, ամենայն հավանականությամբ, կշարունակեն տեղավորվել ռեգիոնում սեփական քաղաքական ազդեցությունը պահպանելու կամ մեծացնելու տրամաբանության մեջ, ինչը Հայաստանի համար կարող է ստեղծել անվտանգային լրացուցիչ ռիսկեր։

Ի տարբերություն որոշ կենտրոնների, որոնք տարածաշրջանի ապաշրջափակումը դիտարկում են մրցակցային և քաղաքական ազդեցությունների տեսանկյունից, Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակումը համարում է ոչ միայն խաղաղության օրակարգի բաղադրիչներից մեկը, այլև որպես լոգիստիկ, տարանցիկ ուղիների ներուժի ամբողջական իրացման հնարավորություն, որի ամբողջական էությունն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ երթուղիների, տարանցիկ հնարավորությունների ամբողջական ապաշրջափակումը ոչ միայն տարածաշրջանի կայունության կարևոր երաշխիքներից է, այլև, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իրողությունները, մեր տարածաշրջանը Եվրասիա մայրցամաքի կարևոր և ապահով լոգիստիկ հանգույցներից մեկը դարձնելու իրական հնարավորություն ունի։

Երկրորդային տնտեսական պատժամիջոցների ռիսկեր Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։

Երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ 2025 թվականին թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, որը Հայաստանի տնտեսության համար կունենա էական ազդեցության ներուժ, գնահատում ենք քիչ հավանական, հետևաբար՝ երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան։ Մյուս կողմից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակական կիրառման, ռուս-ուկրաինական հակամարտության և էական այլ գործոնների համադրությունը բարձրացնում է Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հավանականությունը, հավելյալ ռիսկեր ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար։

Տեխնոլոգիական զարգացում 2025 թվականին տնտեսական պատժամիջոցների անուղղակի ազդեցությունը շարունակելու է Հայաստանի համար ռիսկեր գեներացնել նաև տեխնոլոգիական զարգացման, տեխնոլոգիաներին Հայաստանի հասանելիության տեսանկյունից։ Խոսքը ինչպես տեղական ներուժով տեխնոլոգիաների արտադրման, այնպես էլ տեխնոլոգիաներ ներկրելու հնարավորության մասին է։ Տեխնոլոգիական գործիքների, սարքավորումների, ծրագրային ապահովումների հասանելիության խոչընդոտները սահմանափակում են ոչ միայն գործարար միջավայրի, այլ նաև նորարարությունների զարգացումը։

Էներգետիկ անվտանգության ռիսկերը շարունակելու են արդիական մնալ նաև 2025 թվականին։ Էներգետիկ կախվածությունը շարունակում է օգտագործվել որպես տարածված քաղաքական ազդեցության գործիք, թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային հարաբերություններում, որից անմասն չէ նաև Հայաստանը։ Չբալանսավորված էներգետիկ  կախվածությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում տնտեսական կայուն զարգացման, ինքնիշխան քաղաքականության և սոցիալական կայունության համար, և մեծացնում Հայաստանի դեմ կիրառվող արտաքին քաղաքական ճնշման արդյունավետությունը։

Տնտեսական, լոգիստիկ, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության հարցերը տարածաշրջանային զարգացումների համապատկերում կշարունակեն ուղղակիորեն
փոխկապակցված լինել ռազմաքաղաքական հնարավոր զարգացումների և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների փոխհարաբերությունների դինամիկայի հետ։

Մաս 3. Տեղեկատվական ռիսկեր

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ աճում են հանրային կարծիքը դրանց օգտագործմամբ մանիպուլացնելու հնարավորությունները։ Որպես հիբրիդային ճնշման գործիքակազմի մաս, ավելանում են որոշ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու դեպքերը՝ մեր ներքաղաքական կյանքին միջամտելու, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գործողություններն ուղղորդելու նպատակով։

Ծառայության ուշադրության կենտրոնում գտնվող տեղեկատվական ռիսկերը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հիբրիդային գործողությունների մաս են կազմում։

Այդ ռիսկերին առնչվող գործիքակազմը ներառում է ինչպես տեսանելի քարոզչությունը, երբ իրականացնողը հայտնի է, այնպես էլ՝ քողարկված քարոզչությունը, ընդ որում, շատ դեպքերում քարոզչության նշված տեսակները կիրառվում են միաժամանակ։ Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։ Վերջին շրջանում նոր միտում է քարոզչության մեջ անմիջապես հատուկ ծառայությունների ներգրավումը, որոնք «երրորդ պետություններից ստացված հետախուզական տեղեկություններին» հղում անելով, ներքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ խոսույթ ձևավորող ուղերձներ են տարածում։ Քողարկված քարոզչության մեջ ներգրավված են հայկական կամ օտարերկրյա ներկայացող լրատվամիջոցներ, հայազգի կամ հայազգի ներկայացող անձինք, ինչպես նաև օտարազգի ներկայացող «անկախ» փորձագետներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները և մոտիվացիան այլ են։

Ազդեցության օպերացիաներն ու դրանց գործիքակազմը Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր տեղեկատվական ռիսկերից մեկը որոշ արտաքին դերակատարների կողմից վնասակար ազդեցության օպերացիաների իրականացումն է, որոնք ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և տարբեր բնույթի կայքերի օգտագործմամբ փորձում են խեղաթյուրել մեր քաղաքացիների ընկալումը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով կանխորոշել ժողովրդավարական հասարակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կայացվող որոշումները։ Միևնույն ժամանակ, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել որպես միջազգային ապակառուցողական դերակատար։

Վնասակար ազդեցության օպերացիաների իրականացման առավել վտանգավոր մեթոդներից մեկը սոցիալական ցանցերում կեղծ, անանուն և որոշ դեպքերում գողացված օգտահաշիվների միջոցով ապատեղեկատվության տարածումն է՝ հաճախ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններն իրական փաստերի հետ համադրելու մարտավարությամբ։

Սոցիալական ցանցերի շահագործումը զուգահեռվում է ավանդական լրատվամիջոցների միջոցով ապատեղեկատվության տարածման հետ, ընդ որում, օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր սահմաններից դուրս գործող հայտնի ԶԼՄ-ներ։ Հայաստանի օրինական շահերի դեմ այսպիսի վնասակար գործողություններում հաճախ ներգրավվում են նաև Հայաստանի իրավապահ մարմինների կողմից վարվող քրեական գործերի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող և այս կամ այն երկրում ապաստան ստացած անհատներ։ Մեկ այլ գործիք է տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին թիրախավորող այսպես կոչված վերլուծական կայքերը, որոնց մի մասը մեծ հավանականությամբ ուղղորդվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Գործընկեր երկրների շրջանում Հայաստանի Հանրապետության նկատմամբ անվստահություն ձևավորելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը վնասելու առումով տիպային օրինակ է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող «բնապահպանական» արշավը, որը, փաստերի խեղաթյուրման և կեղծ փաստերի գեներացման ու տարածման միջոցով մի կողմից թիրախավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել տնտեսության կարևոր ճյուղերին, խաթարել այլ հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները, ստվերել օտարերկրյա արտաքին ներդրումների իրականացման հեռանկարը, ինչպես նաև բանակցային գործընթացում ավելացնել Հայաստանի նկատմամբ բազմամակարդակ ճնշումը։ Մյուս կողմից, Հայաստանի դեմ «բնապահպանական» քարոզչությամբ Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել շրջակա միջավայրին իր իսկ հասցրած վնասներից։

Սույն գործիքակազմի բաղկացուցիչ մաս է Ադրբեջանի կողմից որպես անկախ ՀԿ-ներ ներկայացվող, սակայն իրականում պետական վերահսկողությամբ և ֆինանսավորմամբ
աշխատող կառույցների օգտագործումը։

Մեկ այլ մեթոդ է կեղծ կայքերի ստեղծումը, որոնք, իրական լրատվականների տպավորություն ստեղծելով, փորձում են Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում տարածել արտաքին որոշ դերակատարների շահերը սպասարկող թեզեր։ Դրա օրինակ են Հայաստանին և տարածաշրջանի այլ երկրներին թիրախավորող կայքերը, որոնք մեծ հավանականությամբ հանդիսանում են այլ հատուկ ծառայությունների կողմից արդեն իսկ բացահայտված Portal Kombat ապատեղեկատվական ցանցի մաս։ Այս ցանցին պատկանող կայքերը հիմնականում տարածում են այլ հարթակներից վերցված կողմնակալ, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկություններ և հաճախ հղում են տալիս ոչ վստահելի աղբյուրների (այդ թվում՝ Տելեգրամ ալիքների), որոնք շեշտը դնում են սենսացիոն, իրականությանը չհամապատասխանող գրառումների վրա՝ շահարկելով հանրությանը մտահոգող հարցերը կամ փորձելով արհեստականորեն գեներացնել այդպիսիք։

Հիբրիդային այլ վտանգների հետ զուգահեռումը. Վնասակար ազդեցության օպերացիաները հաճախ օժանդակ գործառույթ են իրականացնում և նպատակ ունեն բազմապատկել այլ հիբրիդային վտանգների ազդեցությունը։ Տեղեկատվական լցոնումները տեղի են ունենում ազդեցության գործակալների ակտիվացմանը զուգահեռ, որոնք ի թիվս տարբեր մարդկային ու տեղեկատվական ռեսուրսների, հոգևոր ու մշակութային ինստիտուցիոնալ կառույցների շահագործմամբ փորձում են հանրության որոշ շերտերին գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայեցնել արտաքին դերակատարների շահերին։ Առավել հաճախ կիրառվող մեթոդներից է շարունակում մնալ կեղծ խոսույթ ձևավորող, մանիպուլյացնող գնահատականներ տարածող «փորձագետների» և «բլոգերների» կուլտիվացումը։

Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, դրա ֆինանսավորումը, տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։ Խոսքը հաջորդիվ օգտագործման նպատակով քաղաքական կուսակցությունների, ակտիվիստական խմբերի, ուսանողության և երիտասարդության խմբերի արհեստական քաղաքական ակտիվացման, հանրային դիվանագիտության, կրթական ու ճանաչողականմի ջոցառումների քողի տակ գաղափարական պատրաստման և հավաքագրման մասին է։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, և ի վերջո արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը։

2024 թվականին Հայաստանի պետական շահերի դեմ ուղղված առավել վտանգավոր բնույթի գործողությունները ներառել են արտաքին դերակատարների կողմից Հայաստանում անկայունություն, բռնություն և սահմանադրական կարգի տապալում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներից զինված խմբերի հավաքագրման, կազմակերպման, հոգեբանական, գաղափարական ու մարտական պատրաստման փորձեր, որոնք գնահատում ենք որպես  օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի շահերի դեմ ագրեսիվ գործողություն։

Այս մասով մեր ՀՀ երկրի օպերատիվ ու իրավապահ մարմինների թե նախականխիչ ու թե հակազդման գործողությունների մասին Հայաստանի հանրությունը թույլատրելիի սահմաններում պարբերաբար տեղեկացվում է։

Տեղեկատվական ռիսկերի միտումները 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն առնչվող տեղեկատվական և արտաքին միջամտությանն առնչվող և վերը նկարագրված ռիսկերը մեծ հավանականությամբ կընդարձակվեն՝ պայմանավորված 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններով։

Ընթացիկ տարին մեծ հավանականությամբ տեղեկատվական «նախապատրաստման» շրջան կլինի, որի նպատակը ի թիվս այլնի կշարունակի լինել մեր հանրային խոսույթն  արհեստականորեն աշխարհաքաղաքական անայլընտրանք կողմնորոշումների ընտրության առաջ դնելը և Հայաստանի իրական շահերին չհամապատասխանող օրակարգեր գեներացնելը։

Հավանական է, որ կաճեն նաև տարբեր արտաքին դերակատարների կողմից կիբերհարձակումների ռիսկերը, որոնք կարող են արտահայտվել այդ թվում Հայաստանի  Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքերով, լրտեսական ծրագրա-ապահովման միջոցներով գաղտնակիրների և որոշում կայացնողների  թիրախավորմամբ։

Մեր գնահատականով 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող տեղեկատվական գործողություններն ուղղված կլինեն այդ թվում ներքին
անկայունության առաջացմանը և հասարակության բևեռացմանը։

Կշարունակեն ձեռնարկվել նաև այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին վնասող գործողություններ, այդ թվում՝ մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ կեղծ տեղեկատվության շրջանառման, առկա տվյալների մանիպուլացման միջոցով։ Հավանական ենք համարում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տարբեր բաղադրիչների մասով Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրումը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասով։

Մեծ հավանականությամբ, կշարունակվեն Հայաստանի միջազգային հեղինակությանը, ինչպես նաև տնտեսական ներուժին վնասող գործողությունները, այդ թվում՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների թեմաների օգտագործմամբ, ավանդական կամ ընտանեկան արժեքները խեղաթյուրող մեկնաբանությունների, սեփական վնասակար նպատակները այլ արտաքին դերակատարներին վերագրելու մարտավարության գործադրմամբ։

Մաս 4. Միջազգային ահաբեկչության դեմ պայքար

Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի պատկերում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը գնահատում ենք ցածր։

Միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը մշտական ուշադրություն և շարունակական ջանք է պահանջում պետություններից։ Բացի ներպետական կառույցների միջև համագործակցությունից, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը նաև միջազգային մակարդակում՝ բացահայտելու հնարավոր ահաբեկչական սպառնալիքները և հասկանալու ահաբեկչական կազմակերպությունների փոփոխվող շարժառիթներն ու հնարավորությունները, ինչը սպառնալիքներին համակարգված արձագանք ապահովելու հնարավորություն կստեղծի։ Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր բաղադրիչ է նաև հետախուզական ծառայությունների միջև համագործակցությունը՝ ուղղված հարձակումների կանխարգելմանը, ահաբեկչական ցանցերի բացահայտմանը, արդյունավետ խափանմանը և միջազգային անվտանգության ամրապնդմանը։

Պետությունների և ծառայությունների համար շարունակում է առաջնային մնալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մի շարք մեխանիզմների, շրջանակների և նախաձեռնությունների մեջ ընդգրկվելը, որոնք միտված են միջազգային համագործակցության, տեղեկատվության փոխանակման և իրավական աջակցության խթանմանը։ Դատելով վերջին տարիների զարգացումներից՝ միջազգային մակարդակով ահաբեկչական ռիսկերը դեռևս բարձր են գնահատվում։ Առաջնահերթ է նաև միջազգային ահաբեկչության ձևերի նոր փոխակերպումները ժամանակին նույնականացնելը, զարգացման դինամիկան վերլուծելը և, իհարկե, կանխարգելման մեխանիզմների թարմացման ուղղությամբ ժամանակին համարժեք գործողություններ ձեռնարկելը։

Ծառայությունը վերահաստատում է ահաբեկչության դեմ պայքարում իր իրավասության շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցության վերաբերյալ իր հանձնառությունը՝ միտված կանխելու ահաբեկչության փորձերը, ինչպես նաև մաս լինելու ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի։ Համագործակցության այս հանձնառությունը ընդգծում է Հայաստանի Հանրապետության նվիրվածությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանն ու կայունությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031