Փախստականի ճակատագիրն ուղեկցել է Ֆլորա Ղահրամանյանին ամբողջ կյանքում։ 1980-ականների վերջին հայերի նկատմամբ բռնարարքների պատճառով տեղահանվեց Բաքվից Ստեփանակերտ, 2023-ին բռնի տեղահանման հետեւանքով՝ Ստեփանակերտից՝ Երեւան։ Որդու ընտանիքի հետ հիմա ապրում է Երեւանում։
Այնտեղ, որտեղ նա գտնվում է հիմա, իր անցյալից ոչինչ չկա։ Ապրում է օտարի տանը, նստում օտար տան աթոռին, քնում՝ ոչ իր անկողնում։ Պատուհանից երեւացող պատկերներն ու փողոցներն էլ խորթ են։ 71-ամյա կինն այս քաղաքում իրեն չի գտնում։
Իր անցած կյանքի մասին հիշելիս` տիկին Ֆլորան խորը հոգոց է հանում։ Դառնություններ շատ է տեսել։ Մի քանի անգամ ստիպված փոխել է տունը, բնակավայրը, կյանքը… Լավ հուշեր միայն մանկությունից ունի։ Պատմում է, թե ինչպես էր հայրն իր ձեռքերով տուն կառուցել, որքան ուրախ ու երջանիկ են ապրել այդ տանը։
1974 թիվն էր. Վյաչեսլավի եւ Ֆլորայի նորաստեղծ ընտանիքը որոշում է Բաքվում հաստատվել։ Այդ որոշումը ճակատագրական է դառնում նրանց կյանքում։ Բաքվում կյանքն արագորեն հունի մեջ է ընկնում։ Երիտասարդ ընտանիքը տուն է ձեռք բերում, Ֆլորան աշխատանքի է անցնում։ Մի քանի տարի հետո ամուսինները բաժանվում են, եւ Ֆլորան ստիպված է լինում միայնակ մեծացնել երկու զավակներին՝ Ստելային եւ Սամվելին։
Ընտանիքի բնականոն կյանքն ընդհատվում է 1988թ.-ին։ Սկսվել էր Արցախյան շարժումը։ Հայերի նկատմամբ զանգվածային բռնարարքների պատճառով Բաքվում մնալն անհնար էր դարձել. պետք էր դուրս գալ։
Քաղաքում արդեն տանկեր ու զրահատեխնիկա կային, ստուգում էին փաստաթղթերը։ Գործընկերները Ֆլորայի եւ երեխաների համար ինքնաթիռի տոմսեր են վերցնում։ Վերջին աշխատավայրի անցաթուղթն էլ օգնում է, որ անցնի վերահսկվող անցակետերով։ 1988-ի դեկտեմբերին Ֆլորան առաջին անգամ է տեղահանվում՝ Բաքվից Երեւան, ապա տեղափոխվում է Ստեփանակերտ՝ հարազատների մոտ։
«Մենք Բաքվի օդանավակայանում էինք, շենքը շրջապատված էր ադրբեջանցիներով։ Ասելու բան չէ, թե երկու երեխայի հետ ինչպես եմ Երեւան հասել։ Թվում էր՝ ողջ դուրս չենք գա այդտեղից»,-պատմում է Ֆլորան:
Ֆլորայի հարազատները՝ ծնողները, եղբայրը, քույրերը, Ստեփանակերտում էին ապրում։ Շուտով ինքն էլ է երեխաների հետ Երեւանից Ստեփանակերտ տեղափոխվում։
Ստեփանակերտը լցված էր Բաքվից, Սումգայիթից, Ադրբեջանի այլ քաղաքներից եկած փախստականներով։ Նրանց մի մասին հաջողվել էր իրենց բնակարանները փոխանակել Լեռնային Ղարաբաղից դուրս եկած ադրբեջանցիների հետ, մի մասն էլ չէր հասցրել կամ հնարավորություն չէր ունեցել։ Մարդիկ չունեին աշխատանք, կացարան։ Շատերին տեղավորում էին հանրակացարաններում։
Ֆլորային երեխաների հետ տեղավորում են Ստեփանակերտի հանրակացարաններից մեկում՝ Ալեք Մանուկյան 120 հասցեում։
Ապրում էին երեքով՝ աղջիկը՝ Ստելան, որն արդեն 7-րդ դասարանում էր, տղան՝ Սամվելը՝ 6-րդ դասարանցի, եւ ինքը։ Իսկ պատերազմը դեռ շարունակվում էր, եւ մարտական գործողությունները հասնում էին մայրաքաղաքին։
Ֆլորայի եղբայրը հարազատներին, այդ թվում նաեւ՝ Ֆլորային ու երեխաներին, ուղարկում է Հրազդան՝ ռմբակոծվող Ստեփանակերտից հեռու։
Դեռ Հայաստանում էր, երբ իմանում է, որ Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ ավերվել է հարեւան Սիմոնի տունը. 7 հոգի զոհվել է, նրանց մեջ նաեւ՝ Ֆլորայի քույրը՝ Սիլվան, իսկ մայրը՝ Վիկտորյան, ծանր վիրավորվել էր։
Մորը վիրահատում են։ Ֆլորան խնամում է նրան Ստեփանակերտի հիվանդանոցում, ապա՝ տանը։
Դժբախտությունների շղթան սրանով չի ավարտվում։ Հիվանդանում է Ֆլորայի աղջիկը՝ Ստելան։ Նրան փրկել չի հաջողվում: «Ստելան սկսեց վախենալ հրթիռակոծության ձայներից, պատերազմից,- պատմում է տիկին Ֆլորան՝ հայացքը դստեր լուսանկարից չկտրելով,- վախից ջերմությունը բարձրանում էր։ Տարանք բժշկի, նշանակումներ արեցին. մի քիչ լավանում էր, հետո նորից սկսում էր վատ զգալ իրեն»։
Երկար տարիներ տիկին Ֆլորան որդու, ապա նրա ամուսնանալուց հետո՝ որդու ընտանիքի հետ ապրում է Մետաքսկոմբինատի հանրակացարանի փոքրիկ սենյակում՝ համբերությամբ սպասելով, որ Բաքվում թողած բնակարանի դիմաց փոխհատուցում կստանա։
Որդին, որ զինվորական էր, բնակարան է ստանում։ Ինքը շարունակում է ապրել հանրակացարանի իր սենյակում։
44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ ԼՂՀ կառավարությունը որոշում է այդ հանրակացարանում ապրող փախստականներին բնակարան հատկացնել։
Բայց նոր աղետը փոխում է բոլոր պլանները՝ պատերազմ, զոհեր, անտուն մնացած մարդիկ, որոնք առաջնահերթ բնակարանի կարիք ունեին։ Ֆլորան նորից մնում է սպասման հերթում։ 2023թ. սեպտեմբերին Ֆլորան նորից տեղահանվում է՝ այս անգամ բոլորի հետ՝ Ստեփանակերտից Երեւան:
Ամենածանրը հարազատների գերեզմաններին հրաժեշտ տալն էր։ Սիրտը զգում էր. վերջին անգամն է այցելում դստերը։ Տեղահանվելիս իր հետ վերցրել է մի քանի անհրաժեշտ իրեր եւ ալբոմը, որտեղ իր անցյալն է՝ սեւ ու սպիտակ լուսանկարներով։
Հեղինակ՝ Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ասպրամ Ավանեսյանի
«Առավոտ» օրաթերթ
25.01.2025