Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործը պարտավոր են վերանայել: Այս գործը ուղենիշային նշանակություն ունի». Դավիթ Հարությունյան

Հունվար 27,2025 12:30

Ինչպես տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ Անբավարար ընթացակարգային երաշխիքներ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի գործում «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» (դիմում թիվ 20140/23) գործը վերաբերում է պրն Անտոնյանի՝ 2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնից ազատելուն։ Նա 2009 թվականին նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր՝ մինչեւ 65 տարեկանը պաշտոնում մնալու իրավունքով։ Այսօրվա գործով պալատի վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն արձանագրել է՝ խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ ԲԴԽ նախագահի (Կարեն Անդրեասյան-խմբ.) անկողմնակալության պակասի առնչությամբ, եւ առանց խախտման 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք)՝ Բարձրագույն դատական խորհրդի անկախության եւ պրն Անտոնյանի՝ դատարան դիմելու իրավունքի պակասի առնչությամբ։ Դատարանը, մասնավորապես, գտել է, որ ոչ դատական անդամների նշանակման կարգը չի կարող համարվել Բարձրագույն դատական խորհրդի անկախության խոչընդոտ։ Մասնավորապես, ինստիտուցիոնալ եւ գործառնական կարգավորումները բավարար ձեւական երաշխիքներ են տրամադրել, եւ ԲԴԽ-ն գործել է որպես 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «դատարան»։ Միեւնույն ժամանակ, Դատարանը գտել է, որ ԲԴԽ-ն չի կարողացել փարատել պրն Անտոնյանի՝ խորհրդի նախագահի անկողմնակալության վերաբերյալ հիմնավոր կասկածները եւ նրան չեն տրամադրվել բավարար ընթացակարգային երաշխիքներ այս առումով։ Արդարացի փոխհատուցում (41-րդ հոդված) Գույքային վնասի առնչությամբ Դատարանը գտել է, որ լավագույն փոխհատուցումը կլինի գործի վարույթի վերաբացումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, եթե պրն Անտոնյանն այդպես պահանջի։ Դատարանը որոշել էր նաեւ, որ Հայաստանը պրն Անտոնյանին վճարի 3,600 եվրո՝ ոչ գույքային վնասի համար, եւ 1,420 եվրո՝ ծախսերի եւ ծախսումների համար:

ՄԻԵԴ-ում մենք ունենք ութից ավելի դատավորների գործեր:

Երեկ այս որոշման կապակցությամբ դիմեցի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանին, ով նույնպես ԲԴԽ ապօրինի որոշման արդյունքում դատավոր չէ: Նա նաեւ ՍԴ-ում իր գործով հաղթել է, եւ դեռ դատական ընթացակարգային վիճարկումների մեջ է («Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ՍԴ-ն որոշեց՝ ենթակա է վերանայման», «Առավոտ», 24, 2024):

Դավիթ Հարությունյանին հարցրեցինք, սպասվա՞ծ էր, արդյոք, նման որոշումը:

Նա ասաց.

– Անշուշտ, շատ սպասված որոշում էր արդարության որոշակիորեն վերականգնման ակնկալիքներից ելնելով, թե վերջապես պարզ ճշմարտություններն արձանագրելու առումով, բայց միեւնույն ժամանակ հաճելիորեն չսպասված կարճ ժամկետում հրապարակված որոշում էր: Անշուշտ, ժամանակ է հարկավոր որոշումն ամբողջ ծավալով ու լիարժեք ըմբռնելու համար:

Հրապարակումից անմիջապես հետո աչքի տակով անց կացնելով կարող ենք փաստել հետեւյալը.

Ա) Դատավոր Անտոնյանը բողոքարկել էր մասնավորապես ԲԴԽ-ի պատշաճ դատարան (անկախ եւ անկողմնակալ տրիբունալ) հանդիսանալու հանգամանքը (տես 100-րդ կետ):

Բ) ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ԲԴԽ նախագահի եւ արդարադատության նախարարի միջեւ անձնական ու ֆինանսական կապերը չեն տեղավորվում «զուտ նախկին կոլեգաներ» հանդիսանալու տրամաբանության մեջ. դրանք ավելին են, չէին մեկ վարույթով «դատախազ ու դատավոր» լինել: Անաչառությունը գնահատելու ՄԻԵԴ պրակտիկայում ընդունված զուտ օբյեկտիվ թեստն առկա պայմաններում չեն անցել, դրանց վերաբերյալ անկողմնակալ դիտորդի մոտ առկա կասկածները չեն փարատվում, ԲԴԽ որոշումներն այդ մասով պատճառաբանված չեն եղել:

Գ) Ընդ որում՝ այդ բացարկը մերժելու որոշումները կայացրել են ԲԴԽ անդամները, ենթադրաբար Կարեն Անդրեասյանի բացակայությամբ:

Դ) ԲԴԽ անդամները թույլ են տվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում:

Ե) Գործը պարտավոր են վերանայել: Այս գործը ուղենիշային նշանակություն ունի։ Այն փաստում է, որ նախկին ԲԴԽ նախագահի եւ արդարադատության նախարարի մասնակցությամբ դատավորների վերաբերյալ բոլոր կարգապահական վարույթները ենթակա են վերանայման։ Հատկանշական է նաեւ, որ այս նույն դերակատարների ջանքերով ընդունված օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ՄԻԵԴ խախտումներ թույլ տված դատավորները ենթակա են կարգապահական պատասխանատվության՝ ՄԻԵԴ որոշմամբ մարդու իրավունքների խախտում արձանագրելու դեպքում։ Պարոն Անտոնյանի դեպքում օրենքի ռետրոակտիվ կիրառմամբ վերագրել էին տասնամյակից ավելի հին ենթադրյալ նմանատիպ իբր արարքի կատարում, իսկ սա օրենքի ընդունումից հետո կատարված ՄԻԵԿ խախտման դեպք է։ Ամփոփելով` կարճ` վերջապես ապացուցվեց, որ «մածունը սեւ չի լինում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031