Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին իմ անտիպ գրքից
Սկիզբը՝ 16.01.2025թ. համարում
Մաս երկրորդ
Տարիներ շարունակ այցելելով գերմանացի ընկերներիս, ծանոթացել էի նրանց հարեւանությամբ բնակվող մի շարք մարդկանց հետ։ Ավելի մոտիկ հարաբերություններ էի հաստատել ԽՍՀՄ-ի փլզումից հետո Ռուսաստանից ու Ղազախստանից Գերմանիա ներգաղթած անձանց հետ։ Նրանք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինչ-ինչ պատճառներով ԽՍՀՄ-ում բնակություն հաստատած գերմանացիների սերունդներն էին։
Կարդացեք նաև
Գերմանացիները նրանց «ռուսակներ» էին անվանում եւ հավասարության նշան չէին դնում տեղաբնակների ու «ռուսակներ» միջեւ։ Պատճառները տարբեր էին եւ ունեին իրենց հիմնավորումները։ «Ռուսակների» աշխատաոճը չէր բավարարում նրանց, մանավանդ՝ անորակ, անարդյունավետ աշխատանքը, աշխատանքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, ցածր աշխատունակությունը եւ, վերջապես՝ «ռուսական պահվածքը, մտածելակերպն» ու այն «բացթողումները», որոնք հատկանշական չէին բնիկ գերմանացիներին։ Ինձ հետ հանդիպած բոլոր տեղաբնակները միաբերան պնդում էին, որ «ռուսակները» լիարժեք գերմանացի կդառնան երեք հարյուր տարի շարունակ Գերմանիայում բնակվելուց հետո միայն։ Գերմանիայում ծնված նրանց սերունդն այդ ամենը լավ էր հասկանում։ Մի քանի անգամ ես փորձեցի ռուսերեն խոսել նրանցից մի քանիսի հետ, սակայն զգացի, որ լավ չեն ընդունում ու պատասխանում էին միայն ու միայն գերմաներեն։
Բիսթենում ես ծանոթացել էի մի քանի «ռուսակների» ընտանիքների հետ։ Նրանց մի մասը խառն ամուսնություններ ունեին՝ ռուս, ղազախ, ուզբեկ, նույնիսկ կորեացի։ Սաշա էր կորեացու անունը։ Նա Բիսթենի եւ ողջ Գերմանիանի իմ ամենամտերիմներից էր։ Մեր ծանոթությունից հետո պարզվեց, որ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին, նա, իր վարած քարշակավոր ավտոմեքենայով, Ղազախստանից շինանյութ է բերել աղետի էպիկենտրոն։ Սաշայի հետ մտերմությունը պայմանավորված էր «հանգիստ առնելու» գերմանական օրենքների խիստ պահպանումից, նրանց նիստ ու կացից, միմյանց նկատմամբ սառը վերաբերմունքից ու նման «օրակարգերից», ինչպես նաեւ, որպես խորհրդային երկրում համանման «կարգ ու կանոնով» ապրած մարդկանց հետ ազատ շփվելու ցանկությամբ։ Ես հաճախ էի այցելում Սաշայի վարձակալած տուն՝ նկուղային հարկ, որի վարձը համայնքն էր վճարում։ Նրա կինը՝ Վալենտինան, Ղազախստանում ծնված գերմանուհի էր, խորհրդային երկրի «բովով» անցած անձնավորություն։ Նա երբեք չհաշտվեց գերմանական սովորությունների, խստագույն օրինապահության ու դեպի «ռուսակներն» ունեցած տեղացիների պահվածքի հետ։ Հասարակ կին էր, Աստծուն հավատող ու խաղաղ բնավորությամբ։ Չէր կարողանում տանել ամուսնուն ու փեսային՝ ալկոհոլ օգտագործելիս, նաեւ այն տղամարդկանց, ովքեր ալկոհոլի հանդեպ կախվածություն ունեին։
Երբ Ալոյիսի հետ ճանապարհվում էինք դեպի Վիլինգի ամառանոց, հաճախ էինք տեսնում ճամփեզրի պատին նստած Սաշային, գարեջրի շիշը ձեռքին։
-Էլի լակում է «ռուսակը»,- զայրացած նետում էր Ալոյիսը նրա հասցեին։ Ինչ-որ մի առիթով Ալոյիսի տանը խոսակցություն էր բացվել Սաշայից ու «ռուսակներից»։ Ալոյիսը զայրույթով էր խոսում նրանց մասին։
-Օրինակ՝ քո Սաշան։ Ինչո՞վ է զբաղված։ Ամբողջ օրը լակում է մեր համայնքի հաշվին ու չի ուզում աշխատել։
-Ինչպե՞ս թե համայնքի,- զարմացա ես։
-Այո, այո՛,- հաստատեց Ալոյիսը։ -Ես, մենք՝ բոլորս, համայնքի բյուջեին հարկեր ենք վճարում եւ այդ գումարների հաշվին նրան ու նրա նման անկյալներին նպաստներ են վճարվում համայնքի բյուջեից, իբրեւ թե աշխատանք չունեն։ Սպարտա՛կ, նրան հանդիպելիս հարցրու, խնդրում եմ, թե ինչո՞ւ չի աշխատում։
-Շատ բարի, եղբայր,- համաձայնեցի ես եւ Սաշայի հետ հաջորդ հանդիպման ժամանակ հարցրեցի.
-Սաշա, ների՛ր, խնդրում եմ։ Դու ինչո՞ւ քեզ համար աշխատանք չես գտնում։ Չէ՞ որ դու մի քանի մասնագիտությունների ես տիրապետում։ Գոնե վարորդ կարո՞ղ ես աշխատել, չէ՞…
Իսկ նա, ահա թե ինպես բացատրեց.
-Ես մի քանի տրանսպորտային ձեռնարկությունների էի դիմել՝ վարորդ աշխատելու խնդրանքով։ Ամենաբարձր աշխատավարձը, որն ինձ առաջարկեցին, ամսական 2200 մարկ էր։ Իսկ ես, որպես գործազուրկ, ստանում եմ 2100 մարկ։ Սպարտակ, հիմա ինձ ասա, արժե՞ 100 մարկ ավել ունենալու համար աշխատել…
Անկեղծ ասած, Սաշայի պատասխանն ինձ զարմացրեց։ Ոչ միայն նրա ու նրա նմանների մտածելակերպի, այլ նաեւ համայնքապետարանի կողմից նրանց համար այդպիսի պայմաններ ստեղծելու պատճառով։ Սաշայի փեսան էլ նույն «կարգավիճակում էր»։ Նպաստներն ստանում էին նրանք եւ այդ գումարների մեծ մասը ծախսում գարեջրի ու այլ ոգելից խմիչքների գնման համար։ Մի անգամ Վալենտինան հանդիմանեց փեսային, ում անունը նույնպես Սաշա էր.
-Սաշա, դու ալկոհոլ օգտագործած վիճակում ինչպե՞ս ես մեքենա վարում։
-Ոչ մի խնդիր չկա։ Ալկոհոլ օգտագործած վիճակում իմ զգոնությունն ավելի ու ավելի է բարձրանում,- պատճառաբանեց փեսան։
Այս զրույցից մի քանի ամիս անց, ալկոհոլի ազդեցության տակ, խոշոր վթար կատարելու պատճառով, փեսային զրկեցին ավտոմեքենա վարելու իրավունքից։ Վալենտինան նրա հետ հանդիպումների ժամանակ միշտ հիշեցնում էր «զգոնության բարձրացման» մասին փեսայի անիմաստ արդարացումներն ու հոխորտանքները։
Մի քանի տարի անց, «նույն ճակատագրին արժանացավ» նաեւ աներհայր Սաշան…
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ ժուռնալիստների միության անդամ
«Առավոտ» օրաթերթ
25.01.2025