«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
– Բաքվում ընթացող դատավարություններն ունեն ավելի հեռահար բնույթ՝ պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին։ Սա հասկանալի է, բայց արդյոք Ձեզ համար հասկանալի՞ է ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ու վերաբերմունքը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ շարժվում են չվնասելու ռազմավարությամբ։
– Բաքվում ընթացող դատավարությունն, առաջին հերթին, Ադրբեջանից անկախ Արցախի պետականության գաղափարը քրեականացնելու եւ առհավետ թաղելու քաղաքական նպատակն է հետապնդում։ Հայաստանի իշխանություններն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենց կողմից արտոնել են ադրբեջանական ռեժիմի այս մոտեցման գործնական կիրառումը, կանխավ իրենց համաձայնությունն են տվել ալիեւյան վարչակազմի կողմից նախապատրաստվող վճռին։ Կարելի է ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մոտեցումներն այս հարցում նույնական են ու փոխլրացնող։ Փաշինյանի կառավարությունն իր ընտրած այս քաղաքական գծին հավատարիմ կմնա. այն ներդաշնակեցված է ՀՀ գործող իշխանության ընդհանուր քաղաքական պլատֆորմի հիմնարար դրույթների հետ։
– ԱՄՆ նոր վարչակարգը բայդենյան ակտիվությունը կունենա՞ Հարավային Կովկասում, ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում եւ որքանով դա կբխի ՀՀ-ի շահերից։
Կարդացեք նաև
– Հայաստանի շահերի մասին իմաստ կունենա խոսել այն ժամանակ, երբ դրանք ձեւակերպված կլինեն գլոբալ զարգացումների համակողմանի լուրջ վերլուծության հիման վրա եւ կնախատեսեն դրանք պաշտպանելուն ուղղված ծանրակշիռ քայլեր։ Այդ մասին այսօր խոսելն անիմաստ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Թրամփի օրոք տարածաշրջանում վարվելիք ԱՄՆ քաղաքականությանը, ապա կարծում եմ, որ Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքը վերաձեւելու, անվտանգային նոր համակարգ կառուցելու ճանապարհին է, իսկ Սիրիայից հետո հերթական թիրախը Իրանն է լինելու։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ իրավա-քաղաքական առումով նախագահ Թրամփն արդեն իսկ սահմանային ու տարածքային արմատական փոփոխությունների առջեւ կանաչ լույս է վառել՝ Կանադայի, Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի ապագայի իր տեսլականը հրապարակայնացնելով։ Ըստ էության պետությունների միջեւ սահմանների անխախտության իրավական սկզբունքը հօդս է ցնդել, ու հասել ենք մի իրավիճակի, երբ ով ումից ինչ կարողանա պոկել՝ կմարսի։ Սա վերաբերելի է եւ Ռուսաստանին՝ Ուկրաինայից գրավված տարածքների հետ կապված, եւ սիրիական տարածքների յուրացմանը՝ Իսրայելի եւ թուրքամետ խմբավորումների կողմից։ Իր ժամանակին կվերաբերվի նաեւ Իրանի ճակատագրին։ Եվ, իհարկե, առաջին հերթին հենց Միացյալ Նահանգների ձեռքերն ազատող մոտեցում է։
– 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառությունն անցել է 28 միլիարդ դոլարը, սրա ավելի քան 40 տոկոսը միայն Ռուսաստանի հետ փոխադարձ առեւտուրն է: 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է շուրջ 72 տոկոսով, դեկտեմբեր ամսվա տվյալները դեռեւս ամփոփված չեն: Մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին վերցրած առեւտրաշրջանառությունը ոչ միայն չի աճում, այլեւ երկնիշ տեմպերով նվազում է: Անցած տարվա հունվար-նոյեմբերին այն 2.1 միլիարդ դոլար է կազմել՝ ընդհանուրի 7.5 տոկոսը: Այս ֆոնին չեք կարծո՞ւմ, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության մասին որոշ շրջանակներում ունեցած հույսերն ու ցանկությունները, մեղմ ասած, փոքր-ինչ չափազանցեցված են։
– Ձեր կողմից ներկայացված թվային տվյալները խոսում են այն մասին, որ Հայաստանի ընթացիկ տնտեսական շահերն ու ՀՀ եվրոպամետ քաղաքական շրջանակների ձգտումներն այս պահին դեռեւս նույնական չեն։ Կհամընկնե՞ն դրանք արդյոք մոտ ապագայում՝ վստահ չեմ։
-Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի գործունակությունն ինչպե՞ս կգնահատեք։ Շատերն ասում են, որ թեեւ այն նոր մակարդակ է հայ-ամերիկյան համագործակցության համար, սակայն միեւնույն է, դրա որեւէ դրույթով չի երաշխավորվում, որ, օրինակ՝ Ադրբեջանի՝ ՀՀ-ի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին։
– Գտնում եմ, որ առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցման՝ Բաքուն Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական հարձակում չի նախաձեռնի։ Հայաստան-ԱՄՆ ձեր նշած փաստաթղթի ստորագրումն ինքնին ՀՀ անվտանգության ապահովման երաշխիք չենք կարող համարել, բայց, ամեն դեպքում, դրա առկայությունն անվտանգային ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման նախադրյալների առկայության նշան է։ Միջազգային զարգացումների ընթացիկ փուլում առաջնային նշանակություն է ձեռք բերել իրավիճակի փոփոխությունների նկատմամբ արագ ու համարժեք օպերատիվ արձագանք ձեւավորելու ՀՀ իշխանությունների ունակությունը։ Ռիսկերի կանխատեսման անհրաժեշտության մասին չեմ խոսում. այն թեեւ առաջնային կարեւորություն ունեցող գործառույթ է, սակայն ՀՀ գործող պետական համակարգին վերաբերելի չէ ու տեսանելի էլ չէ, թե երբ վերաբերելի կդառնա։
-Հայտարարագրման համակարգի հետ կապված Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պետությունը քաղաքացու գրպան չի մտնում։ Որպես քաղաքացի համամի՞տ եք եւ կարծում եք, որ իշխանության առաջ դրված խնդիրները հայտարարագրման համակարգը լուծելո՞ւ է։
– Պետությունը ներկայացված է գործող վարչակազմով, այնպես որ, ՀՀ սովորական քաղաքացու տեսանկյունից խնդրի ընկալումն այնպիսին է, որ ոչ թե ինչ-որ մի վերացական պետական համակարգ է քաղաքացու գրպանի տերը դառնալու ձգտում դրսեւորում, այլ կոնկրետ վարչապետ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական թիմն է մտնում այդ գրպանը։ Բայց ես անգամ այդ գրպանից հավելյալ գումար հանելու խնդիրը չէի համարի առաջնային։ Շատ ավելի վնասակար ու վտանգավոր է այն, որ քաղաքացու կյանքի նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանվում նաեւ մարդուն ստորացնող, լրացուցիչ ծախսի տակ գցող տեխնիկական հնարքների կիրառմամբ։ Ներդրվող համակարգն, իմ կարծիքով, քաղաքացիների անձնական տվյալների անվտանգության երաշխիք չի ապահովում։ Մինչդեռ, պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում
– Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել սահմանազատման նոր փուլ։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։
– Նոր վտանգներ չեմ տեսնում, իսկ հները պահպանվում են։ Հասարակության համար սահմանազատման ընթացքն անվերահսկելի է, եւ սովորական մարդը առերեսվելու է դրա վերջնարդյունքին։ Քանի որ, կարծես, որոշվել է սահմանազատումը հյուսիսից հարավ ուղղության վրա իրականացնել, պետք է նկատի ունենանք, որ Սյունիքի խոցելիության հարցը հնարավորինս երկար է արդիական պահվելու։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.01.2025