«Երեւան կինոակումբ» նախագծի հիմնադիր պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովի հրավերով ներկա գտնվեցինք Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլգա Տոկարչուկի «Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով» (անգլիացի բանաստեղծ եւ նկարիչ Ուիլյամ Բլեյքի բանաստեղծության տողն է) վեպի հիման վրա բեմադրվող համանուն ներկայացման փորձին:
Պրեմիերան կայանալու է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է լեգենդար դերասանուհի Լիա Ախեջակովան: Ավելի վաղ Երեւանում նա խաղացել էր մեկ այլ ներկայացման մեջ՝ «Իմ թոռնիկ Վենյամինը»:
Կարդացեք նաև
«Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով» ներկայացումը տաղանդավոր մարդկանց է համախմբել, նրանց թվում է նաեւ դերասանուհի եւ երգչուհի Մուսյա Տոտիբաձեն, իսկ ռեժիսորը «Ոսկե դիմակի» եռակի մրցանակակիր Բորիս Պավլովիչն է: Լիա Ախեջակովան մարմնավորել է թոշակառու ուսուցչուհու, որը փորձում է բացահայտել առեղծվածային սպանությունները, միևնույն ժամանակ՝ փրկել իր ընկերներին: Նա միայնակ պայքարում է դաժանության ու անարդարության դեմ: Այդ դերը կարծես հատուկ Ախեջակովայի համար ստեղծված լինի, որը բարձրաձայնում է կյանքի փխրունության եւ աշխարհի հանդեպ մարդու պատասխանատվության մասին։
Ներկայացման պրոդյուսերներն են Եֆիմ Սպեկտորը եւ Սերգեյ Ցելիկովը:
Առաջին հայացքից սա միստիկ դետեկտիվ պատմություն է՝ առեղծվածային սպանությունների մասին, բայց իրականում ուժեղ գեղարվեստական գործ է՝ նուրբ հոգեբանական շերտերով:
Aravot.am-ի հետ զրույցում համապրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը նշում է, որ ներկայացումը ծեր կնոջ մասին է, որն անչափ սիրում է բնությունը եւ հանդես է գալիս ընդդեմ կենդանիների որսի եւ սպանության. «Անհասկանալի պայմաններում մահանում են որսորդները, եւ գլխավոր հերոսուհին (Լիա Ախեջակովա) պնդում է, որ այդպիսով բնությունը վրեժ է լուծում մարդկանցից: Այս կարծիքի համար հերոսուհուն վերաբերվում են որպես կիսախելագար տատիկի: Ներկայացման ուղերձն այն է, որ բոլորի կյանքն արժեքավոր է, պետք է գնահատել յուրաքանչյուր կենդանի արարածի, որովհետեւ հասարակության լավ կամ վատ լինելը չափվում է նրանով, թե ինչպես են այդ հասարակության մեջ վերաբերվում կենդանիներին»:
Սերգեյ Ցելիկովի խոսքով, «Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով» ներկայացման վրա աշխատում են համապրոդյուսեր Եֆիմ Սպեկտորի հետ, որը երկար տարիներ համագործակցում է Լիա Ախեջակովայի հետ. «Սրանից առաջ Երեւան էինք բերել «Իմ թոռնիկ Վենիամինը», որը նույնպես Եֆիմի նախագիծն էր, այնտեղ եւս խաղում էր Լիա Ախեջակովան, որը մեծագույն դերասանուհի է: Ցավոք, նա այժմ հայտնվել է դժվարին իրավիճակում՝ իր քաղաքացիական դիրքորոշման համար: Ինչ վերաբերվում է նոր բեմադրությանը, այն շատ համահունչ է Լիա Ախեջակովայի աշխարհընկալման հետ: Թեման ոչ միայն արդիական է, այլեւ հավերժական՝ պետք է սիրել միմյանց, համբերատար լինել: Մենք շատ զիլ ստեղծագործական խումբ ունենք, ինչպես արդեն նշեցի՝ անկրկնելի Լիա Ախեջակովան խաղում է գլխավոր դերը, ներկայացման ռեժիսորը Բորիս Պավլովիչն է, որը ռուսաստանյան թոփ ռեժիսորներից է, մի քանի «Ոսկե դիմակ» թատերական հեղինակավոր փառատոնի մրցանակակիր, ներգրաված է տաղանդավոր երգչուհի Մուսյա Տոտիբաձեն, որը հրաշալի վոկալ ունի, հատուկ այս ներկայացման համար երաժշտություն է գրվել, ցնցող սցենոգրաֆիա եւ կոստյումներ ունենք»:
Եֆիմ Սպեկտորի ձեւակերպմամբ, «Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով» նախագիծը բավականին բարդ է, Տիկնիկային թատրոնի բեմը, որտեղ փորձում են, փոքր է, անհամապատասխան, բայց փորձում են անել առավելագույնը՝ պրեմիերային պատրաստ լինելու համար: «Ցավոք, Լիա Ախեջակովային Ռուսաստանում չի թույլատրվում ընդգրկվել ներկայացումներում, եւ վերջին տարիներին նրա մասնակցությամբ ներկայացումներ ենք բեմադրում այնտեղ, որտեղ մեզ թույլատրում են: Դրա համար Սերգեյին խնդրեցի, որ մեզ աջակցի այս ներկայացման պրեմիերայի հարցում: Ներկայացումը ստեղծվում է լեհ հեղինակ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլգա Տոկարչուկի գործի հիման վրա, որը 20 խոշոր գործերի ու բազմաթիվ պատմվածների հեղինակ է: Ի դեպ, Տոկարչուկը շատ երջանիկ էր, երբ իմացավ, որ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Լիա Ախեջակովան»,-հավելեց Եֆիմ Սպեկտորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ