ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ճամարտակելով Հայոց ցեղասպանության մասին՝ մոտավորապես «հարցնում է»․
«Պետք է հասկականք, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել և ո՞նց է, որ 1959 թվին հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել։ Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկականք։ Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ մեր ինքնությունը չենք կառավարում»։
Պատասխան․ Թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչպե՞ս է տեղի ունեցել, դրա համար պետք է մի քիչ կարդալ պատմությունը, ընդամենը մի քիչ կարդալ։ Զարհուրելի դեպքերը չնկարագրենք։ (Եթե կարդացել ես ու չես հասկացել, կամ հասկացել ես ուրիշ բան, դա այլ հարց է)։
Կարդացեք նաև
Ցեղասպանությունը ընկալել ենք կատարված անհերքելի փաստերով, Ցեղասպանությունը վերապրածների հիշողությամբ։ (Դրա համար ես ոչնչացնում մեր հիշողությունը)։
Մինչև 1939 թվականը Խորհրդային Միության սահմաններից դուրս պարբերաբար բացահայտ խոսվել է Ցեղասպանության մասին։ Ցեղասպանություն եզրույթը տարածված չի եղել, որովհետև այն, որպես այդպիսին, միայն 1945 թ․ Նյուրենբերգյան դատավարությունից հետո մտավ շրջանառության մեջ։ (Ցեղասպանություն ապրած ժողովրդի անունից խոսողը սա պիտի իմանա)։
Մինչև Խրուշչովյան Ձնհալի տարիները Խորհրդային Միությունում բացահայտ խոսել Հայոց Ցեղասպանության մասին գործնականում անհնար էր։ Սա չիմանալը առնվազն տգիտություն է։
Եթե Խորհրդային Միությունն իր շահերից ելնելով շահարկել է Ցեղասպանության հարցը, դա չի նշանակում, որ Ցեղասպանությունը պետք է կասկածի տակ դնել։ Ի դեպ, Խորհրդային Միության ղեկավարությունը Ցեղասպանության հարցի բարձրաձայնմանը չի խոչընդոտել հատկապես Խորհրդային Հայաստանի մտավորականության ու ամբողջ բնակչության ճնշման պատճառով։
Էդ թեմաների հետ մենք, մեր ժողովուրդն ամեն օր է հարաբերվում։
Ինչ վերաբերում է ինքնությանը․ դու կապ չունես մեր ինքնության հետ, բացարձակ կապ չունես ու չպիտի ունենաս․․․