Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, ո՞վ էր Սերոժիկը

Հունվար 26,2025 21:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից մեկնաբանություն էր խնդրել «Սերոժիկ» ֆիլմի վերաբերյալ, որի համար Տիգրան Ավինյանի կարգադրությամբ ավելի քան 10 մլն դրամ էր հատկացվել: Քանի որ ֆիլմի վերաբերյալ տեղեկատվությունը սուղ էր, քաղաքապետարանի հատկացումը տեղիք էր տվել ամենատարբեր մեկնաբանությունների:

Aravot.am-ը մեկնաբանության համար կապվել է ֆիլմի ռեժիսոր Լուսինե Պապոյանի հետ: Նա տեղեկացրեց, որ իր առաջին ֆիլմը՝ «Ռադիոլան», որն իր  4-րդ կուրսի ավարտական  աշխատանք  էր, ժամանակին  արժանացել է Web ծիրանի գլխավոր մրցանակին: Երկու տարի առաջ Լուսինե Պապոյանը նկարել է իր կարճամետրաժ խաղարկային դեբյուտը, հետո «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը, որը նույնպես միջազգային փառատոների է մասնակցել, իսկ մեկ տարի առաջ էլ սկսել է իր նոր նախագիծը՝ «Սերոժիկը», որը վավերագրական ֆիլմ է:

«Սերոժիկը 14 տարեկանում հոր հաշմանդամությունից հետո տղամարդու դերը ստանձնած եւ ընտանիքի հոգսերը իր ուսերին վերցրած տղայի պատմություն է, որը չնայած կյանքի դժվարություններին փորձում է չկորցնել իր երազանքը․․․ Զարգացման փուլը ավարտելուց հետո նախագիծը մասնակցել է մի շարք փառատոների, որտեղ մրցանակներ է ստացել:

Ֆիլմն արդեն արտադրության ընթացքի մեջ է, այն ֆինանսավորվել է Շվեյցարիայի դեսպանության կողմից, Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորումն է ստացել, նախագիծը նաեւ ունի Էստոնիայի TV-ի ֆինանսավորում, առաջարկներ միջազգային տարբեր դիստրիբյուցիոն ընկերություններից»,-հավելեց ռեժիսորը:

Լուսինե Պապոյանը, խոսելով ֆիլմի ուղերձի մասին, նշեց. «Երբեմն մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց կարող ենք  չնկատել, կամ չնկատել անգամ իրենց հոգսերը, խնդիրները, հատկապես խոսքը երեխաներին է վերաբերվում: Քանի որ ես էլ երկար տարիներ աշխատում եմ երեխաների հետ, դասավանդում եմ, ինձ համար կարեւոր է բարձրաձայնել իրենց խնդիրները եւ որպես կերպար՝ այդ երեխաներին: Ես գիտեմ, որ իմ ներկայացրած երեխայի պատմությունը համամարդկային է, եւ միգուցե աշխարհի տարբեր ծայրերում այդպիսի երեխաներ շատ կան»:

Մեր զրուցակիցը նշեց, որ «Սերոժիկն» իր առաջին նախագիծն է, որը վավերագրական ֆիլմ է. «Սա մեր կողքին ապրող իրական երեխայի պատմություն է, ում ես հետեւում եմ՝ իր կյանքի ընթացքը, դպրոց հաճախելը, ընտանիքում իր աշխատելը…»:

Հավելենք, որ ի թիվս այլնի «Սերոժիկին» շնորհվել էր նաեւ Եվրոպայի վավերագրական ասոցիացիայի տաղանդների խրախուսման մրցանակը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝  BELDOCS փառատոնի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031