Հայ պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության դասական ժխտողականության ձեւ է համարում Շվեյցարիայի հայության մի խմբի հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող Նիկոլ Փաշինյանի դիտարկումները:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր՝ մենք ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է…
«Ունենք դասական ժխտողականության ձեւ, մի քանի տկարամիտներ չեն հասկանում, որ ժխտողականությունը ինչ-որ ձեւով չի գրվում, որ սա է ժխտողականությունը: Այն ունի տարբեր ձեւեր, դրսեւորումներ: Նիկոլին սպասարկու Գիտության ակադեմիայի գիտաշխատողներն արդեն ցանցը լցնում են իրենց արդարացնող մեկնաբանություններով, հոդվածներով…Ինձ համար Փաշինյանի ցանկացած բարբաջանք ենթակա չէ մեկնաբանության:
Ես երկու հասցե ունեմ, որտեղ տեսնում եմ Փաշինյանին: Հասցեներից մեկը՝ պետական կրկեսն է, երկրորդը՝ կենդանաբանական այգին: Բայց մենք բաց ենք թողնում մի կարեւոր դրվագ, կենտրոնանում ենք նրա բարբաջանքների վրա, այդ ամենից ավելի կարեւոր դրվագ կա՝ սպասարկուների ինստիտուտը ու բաց ենք թողնում՝ ով է հիմնավորում, ով է փորձում արդարացնել այդ բարբաջանքները ու արհեստական օրակարգերը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ դեռ ավելի վաղ է ասել, որ այս իշխանություններն ընդունակ են ավելի հեռուն գնալ. «7 տարի է՝ զգուշացնում եմ, որ այս խունտան ընդունակ է ավելիին, ասում եմ՝ սրանց վերջնանպատակը պետության լուծարումն է»:
Փաշինյանին է համացանցում արձագանքել նաեւ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը:
Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանությունը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) փաստաթղթերում նշված է որպես միջազգային ոճրագործություն։
ՄԱԿ-ն ինքը պաշտոնապես ստեղծվեց 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ փոխարինելով Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատճառով գոյությունն ավարտած Ազգերի Լիգան, հետեւաբար, Ցեղասպանության հարցը պաշտոնապես հռչակող միջազգային ատյան 1939 թ. չկար։ Սակայն արդեն 1946 թվականի դեկտեմբերի 11-ին, իր ստեղծումից մեկ տարի անց ՄԱԿ-ը հռչակեց, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի նորմերով հանցագործություն է և դատապարտվում է ամբողջ մարդկության կողմից։ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։
Առնվազն տարօրինակ է եւ տարակուսելի, որ Հայոց Ցեղասպանության հարցը «քննարկման» է դրվում ՀՀ վարչապետի կողմից, այն էլ Արցախի 2023 թ. դեռեւս չդատապարտված եւ պաշտոնապես պետական մեղադրանքի չարժանացած ցեղասպանական հայաթափման պայմաններում։