Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը
Անհրաժեշտ եմ համարում պատասխանել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծեմ, հունվարի 24-ին Շվեյցարիայում արված հայտարարությանը՝«Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց ա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգը հայտնվել ա»։
Հայոց ցեղասպանությունը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) փաստաթղթերում նշված է որպես միջազգային ոճրագործություն։
ՄԱԿ-ն ինքը պաշտոնապես ստեղծվեց 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, փոխարինելով Երկրորդ Համաշխարհային պատերազնի պատճառով գոյությունն ավարտած Ազգերի Լիգան, հետեւաբար, ցեղասպանության հարցը պաշտոնապես հռչակող միջազգային ատյան 1939 թ. չկար։
Կարդացեք նաև
Սակայն արդեն 1946 թվականի դեկտեմբերի 11-ին՝ իր ստեղծումից մեկ տարի անց ՄԱԿ-ը հռչակեց, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի նորմերով հանցագործություն է և դատապարտվում է ամբողջ մարդկության կողմից։ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։
Առնվազն տարօրինակ է եւ տարակուսելի, որ Հայոց ցեղասպանության հարցը «քննարկման» է դրվում ՀՀ վարչապետի կողմից, այն էլ Արցախի 2023 թ. դեռեւս չդատապարտված եւ պաշտոնապես պետական մեղադրանքի չարժանացած ցեղասպանական հայաթափման պայմաններում։