Գյումրու Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սան, 17-ամյա ջութակահար Ռուբեն Մատինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ երաժիշտ –կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթին՝ լարային գործիքներ անվանակարգում։
Նա Հայաստանից միակ մասնակիցն է, ով հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերն, հասել է եզրափակիչ փուլ։
Մրցույթը բավական թեժ է եղել, գրանցված են եղել 400 մասնակիցներ, անցել են երեքը։ Եզրափակիչ փուլում կընտրվի լավագույն երաժիշտ-կատարողը, որն էլ կմասնակցի գալա համերգին։
2024 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած մրցույթը կավարտվի 2025 թվականի փետրվարի 12-ին։
Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Մատինյանը պատմեց իր զգացողությունների մասին ու խոսեց այն դժվարություններից, որոնք ստիպված է հաղթահարել Մոսկվա հանելու համար։
«Մրցույթի մասին տեղեկացա համացանցից, դիմեցի, ու քանի որ մասնակիցները հնարավորություն ունեին ներկայանալու ինչպես տեղում, այնպես էլ հեռավար, տեսաձայնագրեցի կատարումը բջջային հեռախոսով և ուղարկեցի։
Ուսուցչիս՝ Անահիտ Մկրտչյանի հետ մտածեցինք, թե որ ստեղծագործությունն ավելի ակտուալ կլինի կատարել, ուսումնասիրեցինք տեխնիկական հատվածը ու առանձնացրեցինք երկու ստեղծագործություն, որից մեկը պարտադիր է․ Ժյուլ Մասնեի «Մտորումներ» է՝ «Թայիս» օպերայից, իսկ որպես տեխնիկական ստեղծագործություն՝ իմ հնարավորությունները ցույց տալու համար, ընտրեցինք Բելլա Բարտոկի «Ռումինական պարերը»։
Որպես հայ՝ հնչեցնելու եմ նաև Կոմիտաս, որոշեցի ազգային մշակույթը ցուցադրել՝ չնայած որ Կոմիտասի ստեղծագործություններն այնտեղ շատ են կատարվում։ Ավանդույթ է դարձել իմ բոլոր համերգներին Կոմիտասի մեկ ստեղծագործություն կատարելը»,-ասաց Ռուբեն Մատինյանը։
Երիտասարդ մասնակցի համար Մոսկվա հասնելն ու միջազգային մրցույթի մասնակցելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ֆինանսական ծախսերը հոգալու է մասնակիցը։ Հեշտ չէ նաև գործիքը Մոսկվա տեղափոխելը․ յուրաքանչյուր մասնակից պիտի տանի իր գործիքը, իսկ ավիաընկերություններից ոչ բոլորն են թույլ տալիս այն տեղափոխել ինքնաթիռով։
Ռուբեն Մատինյանը տվյալ դեպքում ստիպված է գնել ինքնաթիռի ևս մեկ տոմս, որպեսզի նստատեղում տեղավորի ջութակը ու կարողանա անվտանգ տեղ հասցնել։
Տաղանդավոր երիտասարդին մրցույթին մասնակցելու համար օգնել են ինչպես իր ծնողները, որոնք լրագրողներ են, այնպես էլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ Շիրակի մարզի ներկայացուցիչ Հասմիկ Վիրաբյանի միջոցով: Պահանջվող գումարի զգալի մասը հոգացել է հիմնադրամը։
Ռուբեն Մատինյանը թեև նշում է, որ իր երկու մրցակիցները բավական լավ պատրաստված են, բայց մեկնում է բարձր տրամադրությամբ, իրենից կախված ամեն ինչ անելու է Հայաստանի պատիվը բարձր պահելու համար։
Առաջին անգամ չէ, որ Ռուբենը մասնակցում է միջազգային մրցույթի։ Նա բազմաթիվ անգամներ մասնակցել է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցույթների և ստացել մրցանակներ։
Երիտասարդ ջութակահարը նաև անհատական համերգ է ունեցել իր հարազատ քաղաքում՝ Գյումրիում:
Ռուբեն Մատինյանը, անցողիկ, բարձր միավորներ հավաքելով անգլերենի TOEFEL քննությունից, ուսումը շարունակելու համար դիմել է Նյու-Յորքի Ջուլիարդի անվան արվեստի և երաժշտության դպրոց: Մրցակցությունն այստեղ թեժ է, սովորաբար մեկ տեղի համար դիմում է 250-300 հոգի։ Նա սպասում է պատասխանի՝ վստահ լինելով, որ այն կլինի դրական։
Ռուբենը երազում է դուրս գալ համաշխարհային երաժշտական ասպարեզ, հայի անունը հնչեցնել հանրահռչակ բեմերից ու տարածել հայ ազգային երաժշտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ