Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է․ Հանրապետական մաղթանք՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Հունվար 26,2025 18:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Մարդկության հանդեպ Աստծո սերն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերությամբ: Նույն զոհաբերվող սերն առկա է հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ։

…Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։

Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։

Վերջում ամենքին շնորհավորելով բանակի օրվա առիթով՝ Մովսես վարդապետը Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։
Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ էՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031