Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ Գյումրիում ոչ մեկն էլ չի հաղթի, ու հնարավոր է՝ քաղաքը դարձյալ փակուղային վիճակում հայտնվի»․Միքայել Սրբազան

Հունվար 26,2025 15:38

Aravot.am-ի խնդրանքով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանը  իր կարծիքն է հայտնել Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

«Գյումրու ՏԻՄ ընտրությունները նույն հայելային արտացոլումն է երկրում տիրող  իրավիճակի․ ոչ ոք ոչ մեկի հետ չի միանում, բոլորն ուզում են առանձին, և բոլորն ուզում են ուրիշները իրենց միանան։

Երևի 10-15 հոգի կմասնակցի ընտրություններին, կմասնակցեն, Աստված իրենց հետ, հաջողություն եմ մաղթում բոլորին, բայց կարծում եմ, որ այդպիսի դեպքում ոչ ոք չի հաղթի և շատ հնարավոր է, որ քաղաքը դարձյալ փակուղային վիճակում հայտնվի․ ոչ մեկը ոչ մեկի հետ կոալիցիա չկազմի։

Չեմ կարծում, որ որևիցե մի ուժ առանձին կկարողանա մեծամասնությամբ գալ քաղաքային իշխանության»,-ասաց Միքայել Սրբազանը։

Մեր դիտարկմանը, թե «փրայմերիզ» անցկացրեցին, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կարգեցին, ՔՊ-ն էլ հաջողություն չի՞ ունենա, երբ ձեռքի տակ վարչական լծակներ կան, թեմի հոգևոր առաջնորդը պատասխանեց․ «Փրայմերիզն իրենց համար էր, հո մեզ համար չէր, փրայմերիզը իրենց մեջ էր։ Իհարկե, իրենք էլ մեծամասնություն չեն կազմի, ոչ մեկը 50 տոկոս չի կարող կազմել։

Զգալի մասը փոշիացնելու է իր ձայները, նույնիսկ տոկոսի շեմը չի անցնելու։ Անցնողներն էլ,  մեկը մյուսի հետ հակառակվելով,  կոալիցիա չկազմելով, շատ հնարավոր է, որ փակուղու առաջ կանգնենք, և դարձյալ  որևիցե մեկը չլինի քաղաքապետ»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով՝ եթե անգամ կոալիցիա կազմեն ու Գյումրիում իշխանություն ձևավորեն, դա կարող է լինի օրվա իշխանության հարկադրանքով․  վերջինս, վարչական լծակներ կիրառելով,այս կամ այն ուժին կստիպի իր հետ կոալիցիա կազմի, ինչպես ժամանակին վարվեց «Բալասանյանի դաշինքի» հետ։

«Այո, «Բալասանյան դաշինքի» հետ այդպես եղավ, բայց հիմա  նույնը կարող է չլինել, նույնիսկ իրար մեջ կարող է կոալիցիա չկազմեն։ Ախուրյանում էլ հակառակը եղավ չէ՞․ կոալիցիա կազմեցին ոչ մեծամասնական ուժերը, հետո տեսաք ինչ եղավ, սա է․․․

Կուսակցականացումը ընտրությունների մեծագույն հանցագործությունն է, որը կատարեցին նախկին իշխանությունները, կուսակցություն չունեցող երկրում ընտրությունների կուսակցականացնելը ո՞րն է»,-ասում է Սրբազանը։

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ կան գրանցված, մեր զրուցակիցն ասաց․ «Ինչ կուսակցություն, բոլորն էլ մի անձի շուրջ պտտվող կուսակցություններ են։ Մի անձ է ղեկավարում, հիմա ՔՊ-ն ո՞վ է ղեկավարում, կոլեկտի՞վ, մի անձ է ղեկավարում»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031