Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին՝ զարմանալով՝ ինչո՞ւ է նա իրենից նեղանում:
«Ինչու ես նեղանում ինձնից, ես չեմ պատերազմել, չէ՞ Ադրբեջանի կողմից, կարող է եւ Ադրբեջանը մեզնից զենք գնել է, բայց մենք բաց ենք եղել նաեւ Հայաստանի համար, խնդրեմ, եթե ինչ-որ բան ունենք, գնեք: Ով վճարել է, նա էլ ստացել է ապրանքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով, ինքը շատ լավ է տրամադրված հայ ազգի նկատմամբ, առավել եւս, որ ունի բազմաթիվ հայ ընկերներ՝ ե՛ւ հարուստ, ե՛ւ աղքատ, հարգում է հայերին, ըստ նրա՝ հայերը խելացի ժողովուրդ են:
Կարդացեք նաև
Լուկաշենկոն պնդել է, որ 44-օրյա պատերազմի միակ մեղավորները ՀՀ իշխանություններն են. «Միայն իրենց մեղավորությունն է… ճանաչեցին Ադրբեջանի տարածք ե՛ւ Ստեփանակերտը, ե՛ւ ԼՂ-ն: Մենք՝ ես ու Պուտինը ապշել էինք, զանգեցի իրեն, հարցնում եմ՝ լսեցի՞ր, ասում է՝ հա, ինչո՞ւ է նման բաներ ասում: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեև այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի»:
Լուկաշենկոն նկատեց, որ հիմա էլ ՀՀ-ն սիրախաղի մեջ է մտել ԵՄ հետ. «Վտանգավոր խաղ է, հանգստացրեք նրան այդտեղ, ինքը կկործանի Հայաստանը… փոքր տարածք, փոքր ազգ ու իրեն շրջապատել է թշնամիներով: Ահա, ԵՄ-ն իրեն կսկսի ինչ-որ բանով օգնե՞լ, իրեն հասկանալի չէ՞ ինչ կատարվեց Ուկրաինայում, լա՛վ, Վրաստանն էլ հո հարեւանն է: Ինքը կոչնչացնի երկիրը, հանդարտեցրեք նրան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ