Հանրային Հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում պատասխանելով դիտարկմանը, թե մեզ սպառնում են, իսկ այստեղ ինչ-որ տնային իրավիճակ, հեծանիվ են ցույց տալիս, բա երբ են աշխատում, դա ադեկվա՞տ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ իմ աշխատանքային օրն սկսվում է առավոտյան ժամը 5-ին: Ոչ ամեն օր, բայց հիմնականում սկսվում է առավոտյան ժամը 5-ին եւ ավարտվում է ուշ երեկոյան: Այս առումով նկատի ունեմ, որ մեր երկրում բոլոր ինստիտուտները աշխատում են: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում: Դրա համար երբ որ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ կայացման մասին, ինստիտուցիոնալ կայացումը նա է, որ ինստիտուտները աշխատում են եւ ինստիտուտների աշխատանքը վարչապետի՝ այդ պահին պուլտի մոտ լինելուց չի կախված: Էդ դեպքում հարց է առաջանում, բա որ քնած է վարչապետը, թե՞ կանխավարկածն էն է, որ չպետք է քնի վարչապետը, երկրում ինստիտուտները ո՞նց են աշխատում:
Բայց կուզենայի հարցի առաջին հատվածին անդրադառնալ: Որ մեզ սպառնում են, իսկ մենք հեծանիվ ենք քշում, ձվածեղ ենք սարքում: Իրականում մենք պետք է հասկանանք, ես հենց հեծանիվ եւ սպառնալիք հարթության մեջ չեմ ասում, ավելի լայն հարթության մեջ եմ ասում, որ մենք այսօր հետեւյալ ռազմավարությունն ենք որդեգրել եւ այդ ռազմավարության կարեւորագույն նրբություններից մեկն այն է, որ մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս կան ուժեր, ովքեր խնդիր են դրել՝ նոր էսկալացիա ձեւավորել, նոր էսկալացիա գեներացնել: Եվ այդ էսկալացիաների գեներացման կարեւորագույն հատվածը, կոպիտ ասած, կներեք առտնին, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական բառապաշարի համար, այն է, որ ամեն ինչ սկսվում է լեզվակռվից: Եվ շատ դեպքերում հայտնի ուժերը փորձ են անում մեզ ներքաշել լեզվակռվի մեջ: Եվ ավանդաբար մենք հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, եւ դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար:
Մեր ռազմավարությունը հետեւյալն է, որ մենք թույլ չտանք էսկալացիա, եւ մենք ստեղծենք եւ արձագանքենք ամեն ինչին այնպես, որը բացառի էսկալացիան, որը բացառի պատերազմը կամ առնվազն դրա արդարացվածությունը կամ դրա համար հող նախապատրաստելը: Եվ ես կարծում եմ՝ այն, որ 2024 թվականին մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը, կապված է նաեւ այդ ռազմավարության հետ: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները սա հասկանան, որ մենք քաղաքացիների կամ դիտորդների տեսանկյունից ինչ-որ բաների համարժեք չենք պատասխանում, ոչ թե նրա համար, որ պարապ ենք մնացել, այլ որովհետեւ հասկանում ենք այդ խոսույթի մեջ սադրանքի առկայությունը: Իսկ սադրանքի մեծագույն խնդիրներից մեկը մեզ մեր ռազմավարությունից դուրս դնելը եւ իրենց ռազմավարության մեջ դնելն է: Հետեւաբար, մենք շարունակում ենք մեր ռազմավարությունը, ինչքան էլ հասկանում եմ, որ շատ նրբություններ կան եւ շատ իրավիճակներ կան, որոնք բառիս բուն իմաստով նյարդայնացնող են: Բայց այդ իրավիճակի առանցքային գործոնը չնյարդայնանալն է: Որովհետեւ բոլոր դեպքերում նյարդայնանալը օգուտ չի բերելու: Եվ եթե իրավիճակը կառավարելի է կամ կկառավարվի, դա կարելի է անել սառը, չնյարդայնացած, հետեւողական եւ ռազմավարությանը հավատարիմ մնալու քայլերի միջոցով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ