Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան, դատապարտումներ՝ առանց պատժամիջոցների

Հունվար 25,2025 23:16

Սիմոնե Զոպելլարոյի հոդվածը Irpimedia հետաքննական լրագրության ցանցում

Միջնորդություններ, բանաձևեր, դատական որոշումներ: Եվրոպայում հազարավոր փաստաթղթեր են հայտարարում Ադրբեջանը որպես ազատության թշնամի։ Եվ այդուամենայնիվ, շարունակում է մեծանալ էներգետիկ կախվածությունը Բաքվից, որն ի դեպ, փոխում է քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան և Չինաստան։

Եվրոպայում գրվել են բանաձևերի, փաստաթղթերի և հետաքննությունների բազմաթիվ էջեր, ԵՄ կառույցների, ինչպես նաև առանձին անդամ երկրների կողմից, որոնք սևը սպիտակի վրա վկայում են մարդու իրավունքների խախտումների մասին այդ երկրում և դրա սահմաններից դուրս՝ Ալիևների ընտանիքի կողմից, որն իշխում է դեռևս խորհրդային տարիներից։ Վերջին բանաձևը Եվրոպական խորհրդարանինն է՝ ընդունված 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, որը ճնշող մեծամասնությամբ (453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ) դատապարտում է հասարակության ու լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումները՝ պահանջելով ազատ արձակել ադրբեջանցի, ինչպես նաև հայ քաղաքական բանտարկյալներին։ Փաստաթղթերը բազմաթիվ են, բայց կոնկրետ քայլեր՝  զրո։ Անշուշտ, դա միայն կատարված հանցագործությունների հարց չէ, այլ նաև քաղաքական կամքի և տնտեսական շահերի խնդիր։ Այսօր Եվրամիությունն ու Իտալիան ավելի ու ավելի են կախված Ադրբեջանի գազից և նավթից, որոնք ռեժիմի հիմնական եկամտի աղբյուրներն են։ Սակայն քաղաքականապես, «արևմտյան բլոկի»՝ Եվրամիության ու ԱՄՆ-ի, ազդեցությունը Հարավային Կովկասում աստիճանաբար թուլանում է՝ իրենց արտաքին քաղաքականության մասնատվածության և անհետևողականության պատճառով։

Կարճ՝

  • Ընդհանրապես Եվրոպական խորհրդարանի տարբեր բանաձևերը դատապարտում են Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից բռնաճնշումները և մարդու  իրավունքների խախտումները երկրի ներսում և երկրից դուրս, սակայն մինչ այժմ առանց հետևանքների կամ պատժամիջոցների, իսկ մինչ այդ Իտալիայի և Եվրոպայի կախվածությունը Բաքվից շարունակում է աճել։ 2021 թվականից սկսած, Արցախի երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ Ադրբեջանը վերանվաճեց այս ամբողջ տարածքը, մի շարք դատական գործընթացներ սկսվեցին Միջազգային դատարանում՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության դեմ Ադրբեջանի կատարած ենթադրյալ հանցագործությունների գործով։ 2024-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշեց չհաստատել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հավատարմագրերը, համագործակցություն, որ մեկնարկել էր դեռևս 2001 թվականին, մարդու իրավունքների խախտումների և ազատ ընտրությունների բացակայության պատճառով։ 2025 թվականի հունվարի 16-ին մեկնարկել է դատավարություն Գերմանիայի նախկին խորհրդարանականներ Էդուարդ Լինտների և Աքսել Ֆիշերի դեմ, որոնք  կասկածվում են Բաքվից կաշառք ստանալու մեջ՝ ԵԽԽՎ որոշումները՝ հօգուտ Ադրբեջանի  ուղղորդելու համար։

Ինչ-որ մեկը դեռ շարունակում է Բաքվին համարել  տարածաշրջանի հիմնական գործընկերներից մեկը, չնայած նրան, որ Բաքուն արդեն կարծես այլ ուղղությամբ է նայում։ 2024-ի հոկտեմբերին Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ՝ աճող տնտեսությունների խումբ, Ռուսաստանի և Չինաստանի հետ նաև էներգետիկ ոլորտում  համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Իսկ Մոսկվան նրա գլխավոր հովանավորն է։

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Եվրոպական խորհրդարանի կողմից  ընդունված բանաձևն, անշուշտ, առաջինը չէր։ 2024 թվականի ապրիլի 25-ի մեկ այլ բանաձև արդեն պահանջում էր ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակը հայտարարում էր անհամատեղելի  COP29-ի հետ, քանի որ Ադրբեջանի, որպես հյուրընկալող երկրի,  տնտեսությունը հիմնված է բացառապես արդյունահանվող վառելիքի վրա։ Բանաձևը պահանջում էր նաև, որպեսզի Եվրոպայի հետ նոր քաղաքական և տնտեսական համագործակցությունը կապվի Ադրբեջանում հումանիտար հարցերի հետ՝ պահանջելով պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք կատարել էին հանցագործություններ։

Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևն էր, որ «էթնիկ զտում» անվանեց Բաքվի ռեժիմի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ կատարվածը 2020 թվականի պատերազմի հետևանքով։  Բանաձևը կոչ էր անում համաներում կիրառել հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալների նկատմամբ և հարգել ղարաբաղցի հայերի բոլոր իրավունքները, ներառյալ՝ վերադարձի իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանի ներխուժումը հայկական տարածք: Հատկանշական է, որ այն դատապարտում է Եվրահանձնաժողովին և Եվրոպական խորհրդին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Ալիևին շնորհավորելու համար, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ բնորոշեցին որպես ֆարս։ Այն նաև մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հայկական հուշարձանների կապակցությամբ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությանը՝ եվրոպական աջակցությամբ, «հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման մոնիտորինգի համար»։

Կրկին ոչ մի էական բան չհետևեց գործնական և գործառնական մակարդակով:

Ղարաբաղում «էթնիկ զտումների» մասին խոսվել է ավելի վաղ՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի բանաձևում: Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումից և տարածքային ներխուժման սպառնալիքների դադարեցումից բացի, բանաձևը կոչ էր անում «Ադրբեջանի հետ հարաբերությունների ամբողջական վերանայման». մասին՝ հաշվի առնելով վերջին զարգացումները և այդ երկրում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը»։  Մտահոգություն է արտահայտվել նաև Ադրբեջանի կողմից ներկրվող ռուսական գազի մասնաբաժնի աճի կապակցությամբ՝ հաշվի առնելով նաև Եվրամիության հետ պայմանագրերով նախատեսված էներգետիկ կարիքները։

Կանաչների/Եվրոպական ազատ դաշինքի խումբը նաև հղում է կատարել Ադրբեջանին 2024 թվականի սեպտեմբերի 19-ին ընդունված միջնորդությունում, որտեղ աջակցություն է հայտնվում Ուկրաինա զենք ուղարկելուն։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ավելի մեծ ուշադրություն դարձնել պատժամիջոցներին և մտահոգություն հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Եվրամիության միջև գազի եռանկյունացման (եռակողմ գործարքի) վերաբերյալ: «Ադրբեջանի կողմից ռուսական գազի ներկրման ավելացումը, ասվում է, անհանգստության աղբյուր է հանդիսանում Ադրբեջանի դերի նկատմամբ՝ որպես Ռուսաստանի գազի այլընտրանքային մատակարար, քանի որ Բաքուն, չկարողանալով բավարարել եվրոպական պահանջարկը, կարող է ռուսական գազը վերաորակել որպես ադրբեջանական՝ եվրոպական սպառման համար»։

Եթե ​​2021 թվականից ի վեր հաստատված միջնորդությունների շարքը նպատակ ուներ ճնշում գործադրել Ալիևների և նրանց ամենամոտ գործընկերների վրա, կարելի է ասել, որ ռազմավարությունը ձախողվել է։ Թեև ինչ-որ բան, թեև շատ փոքր մասշտաբով, փոխվել է եվրոպական կառույցների և Ադրբեջանի հարաբերություններում:

Իսկապես, 2024 թվականի հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հավատարմագրերը, վկայակոչելով, թե ինչպես այդ երկիրը «չի կատարել է իր հիմնական պարտավորությունները», որոնք բխում էին 2001 թվականին Խորհրդին անդամակցությունից: Ինչպես ասվում է փաստաթղթում, «շատ լուրջ մտահոգություններ են պահպանվում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի կարողության, իշխանությունների տարանջատման, գործադիրի նկատմամբ օրենսդիր իշխանության թուլության, դատական​​իշխանության անկախության և մարդու իրավունքների հարգման վերաբերյալ, ինչպես ցույց են տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռները և Վենետիկի հանձնաժողովի՝ «Խորհրդի խորհրդատվական մարմնի» կարծիքները։

Այսպիսով, 2001 թվականի հունվարի 21-ին Եվրախորհրդին անդամակցելուց հետո Բաքուն տեսնում է իր համագործակցությունը դադարեցված։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը համախմբում է 46 անդամ պետությունների, որոնք այսպիսով գերազանցում են Եվրամիության անդամներին և ունի տարբեր գործառույթներ, այդ թվում՝ Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրությունները, ինչպես նաև տարբեր երկրներում ընտրական գործընթացների մոնիտորինգը։ Ներկայումս պարզ չէ, թե արդյոք և ինչպես կշարունակվեն Բաքվի և Եվրախորհրդի հարաբերությունները, քանի որ դրանք շարունակում են անորոշ մնալ։

2021 թվականից, այսինքն՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր, Ադրբեջանի դեմ դատավարությունները ստանձնել են դատական​​իշխանությունները՝ թղթի վրա պարտադրելով Ադրբեջանին կատարել որոշակի պարտավորություններ։

Օրինակ՝ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) դատավորները՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր դատական ​​մարմինը, որը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներ, և որի մանդատն է լուծել պետությունների միջև վեճերը, տարածքային վեճերը և միջազգային այլ հարցեր, կարգադրեցին Ադրբեջանին ապահովել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած հայերի վերադարձը, ինչպես նաև անկլավում մնացած հայերի անվտանգությունը։ Կարգադրություն, որը, սակայն, չկատարվեց։

Բաքուն, իր հերթին, հարուցել է մեկ այլ գործ՝ մեղադրելով Հայաստանին խտրականության և էթնիկ զտումների մեջ՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ և անմիջապես հաջորդող տարիներին՝ 1992-1994 թվականներին: Չնայած երկու պետությունների նախնական առարկություններին, որոշները ընդունվեցին (օրինակ՝ Դատարանի ժամանակավոր իրավասության վերաբերյալ), դատարանն, ի վերջո, որոշեց վարույթ ընդունել երկու գործերն էլ:

Նույն 2024թ-ին Կալիֆոռնիայի մի խումբ իրավապաշտպաններ դիմեցին նաև Միջազգային քրեական դատարան (ICC)՝ դատական ​​համակարգի մեկ այլ մարմին՝ հիմնված նույն Հաագայում, որտեղ սակայն մեղադրյալները անհատներ են, ովքեր մեղադրվում են ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմի և ագրեսիայի համար, նախագահ Իլհամ Ալիևի և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատերազմական հանցագործությունների մի շարք մեղադրանքներով։ Միջնորդությունը, ի թիվս այլոց, պաշտպանել է Լուիս Մորենո Օկամպոն, որը մեկ տասնամյակ (2003-2012) եղել է Դատարանի առաջին գլխավոր դատախազը:

Նույն ՄԱԿ-ի վարույթների շրջանակում, 2024 թվականի մայիսին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց իր հետաքննության եզրակացությունները, որոնցում «մտահոգություն էր հայտնում ահաբեկչության և հարակից հանցագործությունների համար էթնիկ կամ ազգային ծագումով հայ 23 անձանց կալանքի տակ պահելու կապակցությամբ»՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է «ապահովել այնպիսի միջավայր, որը թույլ կտա մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին իրականացնել իրենց աշխատանքը՝ զերծ սպառնալիքներից, հաշվեհարդարից, բռնությունից և ոտնձգությունների այլ ձևերից»: Ոչ մի հետևանք  այս պարագայում ևս։

Փոխարենը Ադրբեջանին դատապարտեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), այն մարմինը, որն իր կարծիքն է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի դեպքում։ Գործընթաց, որը տարիներ պահանջեց դատավճռի կայացման համար. 2024 թվականի հունիսին ՄԻԵԴ-ը վճռեց, որ Բաքուն խախտել է խոսքի ազատության պաշտպանությունը, երբ 2017 և 2018 թվականներին արգելափակել է մի քանի անկախ լրատվամիջոցների կայքերը: Չնայած դատապարտված պետությունը պարտավոր է շտկել իր վարքագիծը, ԶԼՄ-ների դեմ ճնշումները շարունակում են անշեղորեն աճել այն աստիճանի, որ երկիրը տեղեկատվության ազատության միջազգային վարկանիշում գտնվում է վերջին տեղում։

2025 թվականի հունվարի 16-ին Մյունխենում դատավարություն սկսվեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցության (CDU/CSU) նախկին պատգամավորներ Էդուարդ Լինտների և Աքսել Ֆիշերի դեմ, ովքեր կասկածվում են կաշառակերության մեջ՝ հօգուտ Բաքվի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (միջազգային կազմակերպություն Ստրասբուրգում, որը պատասխանատու է անդամ երկրներում իրավունքների և ժողովրդավարության խթանման համար) որոշումների վրա ազդելու նպատակով։

Միջադեպը մասամբ արտացոլում է այն, ինչ ի հայտ եկավ 2010-ականներին Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով: Վոլոնտեն այն առանցքային քաղաքական գործիչներից էր, ովքեր կաշառք են ստացել Ադրբեջանին օգուտ բերելու համար «Ադրբեջանական լվացքատուն» համակարգի միջոցով («Ադրբեջանական լվացքատունը» այս թեմայով OCCRP-ի 2017 թվականի հետաքննության անվանումն է): Վոլոնտեն դատապարտվել է Միլանում միջազգային կոռուպցիայի համար. հանցագործություն, որի համար մեղադրվում էր, սակայն որի վաղեմության ժամկետը լրացավ 2022 թվականին:

Այս դեպքերը նպաստել են թափանցիկության բարձրացմանը՝ խորհրդարանականների կողմից իրենց եկամուտները հայտարարագրելու պարտավորության ներդրմամբ։ Այնուամենայնիվ, ազգային մակարդակով դժվար է հետապնդել քաղաքական գործչի կողմից կատարված հանցագործությունները Եվրոպայի խորհրդի համատեքստում, մեկնաբանում է IrpiMedia-ին Բունդեսթագի անդամ Ֆրանկ Շվաբեն, կրոնի և հավատքի ազատության հարցերով դաշնային կառավարության հանձնակատարը, որը Գերմանիայում և Եվրոպայում ամենաակտիվ քաղաքական գործիչներից է Բաքվում մարդու իրավունքների խախտումների դատապարտման առումով: Իրավական գործընթացը «կարող է տարիներ տևել», – շարունակում է նա, «բայց մենք կարող ենք շատ բան սովորել այս դեպքերից, տեսնել, թե ինչպես են իրադարձությունները տեղի ունենում գործնականում և ազդանշան ուղարկել մյուսներին, ովքեր ցանկանում են նույնը անել»: Լինտների և Ֆիշերի գործերի վերաբերյալ Շվաբեն ընդգծում է, որ «դա առաջին իրավական գործն է այն մասին, թե ինչպես է օտար երկիրն ազդում և վճարում Գերմանիայի ազգային խորհրդարանի անդամներին՝ իր քաղաքականության վրա ազդելու և մարդու իրավունքների խնդիրները լռեցնելու համար: Նման բան երբեք չի եղել 1949 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնադրումից ի վեր»։

Ադրբեջանից ենթադրյալ կաշառքների հարցը միայն եվրոպացի քաղաքական գործիչներին չի վերաբերում։ 2024 թվականի մայիսին Տեխասից ընտրված Կոնգրեսի դեմոկրատ անդամ Հենրի Կուելարը հետաքննվեց ԱՄՆ արդարադատության քարտուղարության կողմից մի քանի հոդվածներով, որոնցից ամենաուշագրավը կաշառակերությունն ու օտարերկրյա գործակալի դերն էր: Առնվազն 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հենրի Կուելարը և նրա կինը՝ Իմելդան, ենթադրաբար, ընդհանուր առմամբ մոտ 600,000 ԱՄՆ դոլար կաշառք են ստացել երկու ընկերություններից՝ «Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ գտնվող և սեփականությունը հանդիսացող նավթային ընկերությունից և Մեխիկոյում տեղակայված մի բանկից», ասվում է արդարադատության քարտուղարության մամլո հաղորդագրության մեջ։

Գործն արդեն ի հայտ էր եկել 2022 թվականին, երբ ՀԴԲ գործակալները խուզարկեցին Կուելարի տունը։ Այդ կապակցությամբ The Intercept-ը հայտնել է, թե ինչպես են կապեր առաջացել Կուելարի և նրա համախոհների ու Ալիևի կառավարության կողմից վերահսկվող նավթային ընկերության՝ Socar-ի միջև: Գործի սկզբից ի վեր եղել են մի քանի գործարքներ, որտեղ ներգրավված են եղել Կուելարի մերձավոր գործընկերներից երկուսը: Նախկինում մի թուրք լոբբիստ իրեն մեղավոր էր ճանաչել Socar-ից գումարներ ստանալու գործում՝ 2013 թվականին Կոնգրեսի ամերիկացի անդամների ուղևորությունը կազմակերպելու համար՝ ի շահ ընկերության: Կուելարը Կոնգրեսի այն ներկայացուցիչներից է, որ 2013 թվականի սեպտեմբերին առաջ են քաշել «Հարավային գազային միջանցքին» աջակցելու բանաձևը, որը կարևոր նախագիծ է Ադրբեջան-Եվրոպա հարաբերությունների համար:

2024-ին Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը ներկայացրել է օրինագիծ, որը թույլ կտա Պետդեպարտամենտին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ինչպես օրինակ՝ Մագնիտսկու օրենքը։ Սակայն այս պահի դրությամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։

«Բաքվի կառավարությունից եկող վտանգը կապված է նրա ամուր համագործակցության հետ այլ ավտորիտար պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ», IrpiMedia-ին ասաց ԼԳԲՏՔԻԱ+ իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբան և քաղբանտարկյալ Գուբադ Իբադողլուի դուստր Ժալա Բայրամովան: Ավելի մեծ ուշադրություն է դարձվում Ռուսաստանին, որը դիտվում է որպես ավելի անմիջական սպառնալիք: Բայց Ադրբեջանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, ինչպես նաև բանտարկված լրագրողներ, և նրանց աշխատանքը կարևոր է և պետք է պաշտպանվի։ Նրանց ազատելու համար մեզ օգնություն է պետք»։

Բայրամովան, ինչպես իր եղբայրներն ու քույրերը, վերջին տարիներին չափազանց ակտիվ է եղել՝ ճանապարհորդելով Եվրոպայում և նրա սահմաններից դուրս և դասախոսություններ կարդալով, որպեսզի միջազգային ուշադրությունը հրավիրի իր հոր գործին և ադրբեջանական ռեժիմի կողմից այլախոհության նկատմամբ ճնշումներին: Հայրը՝ Իբադողլուն, այսպիսով դարձել է ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ ահազանգելու, թե ինչ է կատարվում մի երկրում, որը հաճախ ուշադրության կենտրոնում չէ և որը վճռական է շարունակել, չնայած ամեն ինչին, իր ավտորիտար ուղին: Այդուհանդերձ, անկախությունից ի վեր Ադրբեջանը հաճախ հրապարակային դիրքորոշում է արտահայտել մարդու իրավունքների հարցերում: Այսպիսով, հարցը կարծես թե այն տեղն է, որտեղ Բաքուն ի ցույց է դնում իր աճող միջազգային ազդեցությունը իր հզորության հետ մեկտեղ:

Ղարաբաղի վերանվաճումից և նրա ողջ բնիկ հայ բնակչության արտաքսումից հետո, օգտագործելով աշխարհաքաղաքական տարաձայնությունները, որոնք աճեցին ռուսական լայնածավալ ներխուժման արդյունքում, Բաքուն կարծես թե ձգտում է ավելի բարձր դիվանագիտական ​​կարգավիճակի՝ միևնույն ժամանակ մեծացնելով հակա-եվրոպական և հակա-արևմտյան հռետորաբանությունը (ինչպես նշված է Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի բանաձևում): Առայժմ դիվանագիտական ​​մակարդակով Բաքուն կարծես թե չի կորցնում ազդեցությունը։ Ընդհակառակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031