«Նկատելի է, որ այս գումարման ԱԺ-ի ժամկետը սպառվելուն համընթաց սաստկանում են խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հարվածները և′ «ներսից», և′ «դրսից»։ «Ներսից»՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող լայն շրջանակներից և «դրսից»՝ ավանդաբար գործող իշխանության կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ խորհրդարանի փոխնախագահ (1992-1998թթ․), արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատեք ընդդիմության քայլերը, քանի որ իշխանությունն արդեն, կարելի է ասել, սկսել է 2026-ին ընդառաջ այսպես ասած քարոզարշավը։ Մեր զրուցակիցն այս առիթով ասաց՝ նախ պետք է հասկանալ՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են իրենց ժամկետում, թե՝ արտահերթ․ «Գուշակելը շատ դժվար է, չնայած տեսնում եմ, որ կարծիքներ կան՝ կլինի, չի լինի․ դա միայն մեկ մարդ գիտի` վարչապետն է։ Իսկ նա կարող է ցանկացած ժամանակ գնահատել և նշանակել արտահերթ ընտրություններ էլի այդ հայտնի ծիծաղելի ընթացակարգով՝ հրաժարական, վարչապետ չընտրել և այլն։ Ուրեմն ընդդիմությունը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի»։
Արա Սահակյանի համար ընդդիմության հանդեպ գործող իշխանության քայլերը հասկանալի են, բայց ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այդ՝ լայն ըմբռնված կամ մեկնաբանված ընդդիմության մեջ․ «Ըստ սահմանման՝ կա մի լուռ համաձայնություն, որ ընդդիմություն ասելով նախևառաջ նկատի ունենք խորհրդարանական ընդդիմությունը։ Խորհրդարանական ընդդիմության հիմքը ՀՀԿ-ն է և Դաշնակցությունը, հետո նրանց միացել են առանձին անձինք։ Վերջին շրջանում երիտասարդներով համալրված խմբակներ են ասպարեզ եկել՝ հիմնականում ժամանակակից լրատվական դաշտից։ Արդեն դեմքեր են հայտնվել։ Ինչպես ասում են՝ այստեղ է շան գլուխը թաղված։ Բոլորը փորձում են կայանալ, հաստատվել գլխավոր ախոյանին՝ ՀՀԿ-ին հարվածելու ճանապարհով։ Հենց այդտեղից հասկացվում է, որ գլխավոր ուժը ՀՀԿ-ն է։ Եթե նա ուժ չլիներ, նրան չէին հարվածի։ Որոշ առումով այդ փոքրիկ խմբակների ոգևորությունը մեծ է, իսկ պատասխանատվությունը՝ փոքր, հասարակության՝ նրանցից պահանջը ևս փոքր է։ Եվ դա նրանք ի չար գործադրելով՝ երբեմն վնաս են բերում ընդհանուր ընդդիմությանը»։
Արա Սահակյանը, ՀՀԿ-ին համարելով հայաստանակենտրոն, հայաստանածնունդ ամենահին, արմատակալած և հաստատուն կառույցը, նշեց․ «Միայն, եթե թվարկենք 35 տարիների ընթացքում այս կուսակցության առաջնորդների անունները և խորհրդային այլախոհներին, որոնք մինչ օրս ՀՀԿ-ում որոշիչ դիրքերում են, դա ցույց է տալիս այն, որ մեր պետության բոլոր հաջողությունները կապված են ՀՀԿ-ի հետ։ Հանրապետական կուսակցությունը մեր Հանրապետության բոլոր հաղթանակների ու նվաճումների կա՛մ գործուն մասնակիցն է եղել, կա՛մ ճարտարապետը։ Այսօր էլ ջանադիր կերպով մարդիկ պայքարում են։ Տեսնում ենք՝ իրենք աշխատում են․ մշտական քաղաքական աշխատանք կա, հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին պատասխաններ են մշտապես տրվում։ Ցանկացած մեկը, եթե որևէ շարժում է կազմակերպում՝ երթ, պիկետ դատարանների առաջ կամ կառավարական կառույցների դռների մոտ, թե պարզապես ուղղակի հանրահավաք են անում, նրանք բարեխղճորեն գալիս են, և իրենց ներկայությամբ ցույց տալիս՝ եթե կարող եք ինչ-որ բան անել, դուք արեք, մենք ձեզ կօգնենք։ ՀՀԿ-ի մեջ այդ բարոյական որոշումը կա, և ես հասկանում եմ, որ դա նրանց առաջնորդից է գալիս։ Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ բարոյական կայուն սկզբունքների հետեւող գործիչ է»։
Կարդացեք նաև
Արա Սահակյանի դիտարկմամբ՝ ի տարբերություն այլ մասնագիտական շրջանակների՝ հայաստանյան քաղաքական միջավայրում միմյանց նկատմամբ համերաշխություն չկա․ «Ընդ որում՝ ոչ թե իշխող, այլ ընդդիմադիր շրջանակներում, որովհետև իշխող շրջանակը իշխանական լծակներ ունի։ Ամենասանձարձակ ու անպատասխանատու վիճակն ընդդիմության դաշտում է»։
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, Արա Սահակյանը պատասխանեց․ «Քաղաքական մեծամասնությունն իշխանություն է, այդ իշխանությունն ունի ղեկավար կամ ղեկավարներ՝ ընդհանուր ղեկավար, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ կամ իշխանության թևեր։ Իսկ քանի որ ընդդիմությունում չկա պաշտոնեական հիերարխիա, «տարածքն» էլ քիչ է, վերածվում է գզվռտոցի։ Դա կարող է բերել նրան, որ այդ տարածքն ավելի սեղմվի, նեղանա։ Սա պետք է իրենք հասկանան, բայց նրանք չեն հասկանում, որ իրենք պետք է այդ տեղերը խլեն ոչ թե ՀՀԿ-ից, Դաշնակցությունից, այլ իշխանությունից։ Եթե նույնիսկ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ասեն՝ եղբայր, խորհրդարանում այդ աթոռները ձեզ լինի, իրավիճակը չի փոխվի, հաջորդ ԱԺ-ում ընդդիմությունը կունենա առավելագույնը այսքան տեղ, որքան հիմա է, ուրեմն պետք է կռիվը տալ ոչ թե յուրայինների՝ նույն նպատակը հետապնդող ուժերի դեմ, այլ շրջվել ու գտնել ճիշտ թիրախը․ թիրախը իշխանությունն է։ Ես շատ վատ եմ զգում, որ հիմա ստիպված եմ այսպիսի տարրական բաներ բացատրել՝ ասես մեր դիմաց հիմա նստած են մանկապարտեզի երեխաներ կամ դպրոցականներ։ Անհարմար է»։
Մեր դիտարկմանը՝ իսկ գուցե դա որոշ շրջանակների կողմից դիտավորությա՞մբ է արվում, Արա Սահակյանը պատասխանեց․ «Ճիշտ եք, իսկ ինչո՞ւ է դա արվում։ Ենթադրենք մեկն այն է, որ ընդդիմադիր դաշտում հայտնվել են այսպես ասած իշխանության «կազաչոնոկներ»՝ «Անորսալի վրիժառուների» հերոսներից։ Ուղիղ ասենք՝ ներդրված սուբյեկտներ։ Նրանք, ովքեր կոտրում են ընդդիմության միասնականությունը, շեղում ընդհանուր նպատակից, անկախ նրանից՝ ինչով կհիմնավորեն, թե իրենց կյանքում ինչ տառապանքներ են եղել, թե միայն իրենց հայտնի ինչ խորախորհուրդ տեղեկություններ ունեն, որ ժամանակին Վանգան է իրենց ասել և այլն․ ոչ մի բացատրություն չի ընդունվում։ Ճակատը պետք է լինի միասնական»։
Արա Սահակյանը փաստելով՝ երբ Ֆրանսիայում ստեղծվում էր դիմադրության շարժումը, բոլորը միավորվեցին ընդդեմ ֆաշիզմի, ուստի կոչ արեց․ «Մենք պետք է միավորվենք այս պատուհասներին իշխանազրկելու նպատակով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ