Շվեյցարահայության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր կառավարության թույլ տված սխալներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք գիտենք, որ շատ օրենքներ մեր մոտ վատն են: Բայց երբ որ ուզում ենք գալ այն կետին եւ ասել՝ այս օրենքի մեջ ինչը, ինչպես եւ ինչով է պետք փոխարինել, այդտեղ է մեր պրոբլեմը: Որովհետեւ պարզվում է, որ մենք կարողություն չունենք: Եղել է, որ գնում, ասում ենք՝ լսում ենք ձեզ, ոգեւորվում ենք, ասում, որ ճիշտ են ասում, գնանք, օրենքը փոխենք: Փոխում, օրենքն ընդունում ենք, հետո գալիս է կյանքում կիրառվելու եւ տեսնում ենք՝ ավելի վատացրինք: Ինչի՞ վատացրինք: Որովհետեւ բավարար կրթություն, բավարար գիտելիք չունենք: Վատ օրենքը փոխում, դարձնում ենք լավ օրենք, բայց պարզվում է, որ վատ օրենքն ավելի լավն էր, քան լավ օրենքը: Բայց չպետք է տեղում կանգնենք: Պետք է գնանք առաջ: Ինչքան էլ դաժան է, պետք է սխալվենք, սովորենք, գնանք, սխալվենք, սովորենք:
Մեր ամենամեծ ուսուցիչը մեր սխալներն են: Ոչ մեկ մեզ ավելի բան չի սովորեցնում, քան մեր սխալները: Ասացվածք կա չէ՞, որ ասում է՝ «Խելոքը սովորում է ուրիշների սխալների վրա, հիմարը՝ իր սխալների վրա»: Բայց ուրիշի սխալի վրա հնարավոր չի սովորել: Ուրիշի սխալը ուրիշի սխալն է: Ոնց որ ասի, ուրիշը կարդա՝ դու սովորես: Ո՞նց կլինի ուրիշը կարդա՝ դու սովորես: Ուրիշը կարդում է՝ ինքն է սովորում: Դու պիտի կարդաս, որ դու սովորես: Ոնց որ ասի, եկեք սովորենք գրելու վրա: Ես ուզում եմ անսխալ գրել սովորել ուրիշի գրելու վրա, ուրիշը գրում սխալվում է՝ ես սովորում եմ, ուրիշը գրում սխալվում է՝ ես սովորում եմ: Չի լինում տենց բան: Պետք է ես գրեմ, սխալվեմ, որ սովորեմ: Կամ օտար լեզու եմ սովորում: Ուրիշը խոսում, սխալվում է՝ ես սովորում եմ, ուրիշը խոսում սխալվում է՝ ես սովորում եմ: Չկա տենց կրթության մեթոդ: Պետք է ես խոսամ, սխալվեմ, սովորեմ, պիտի ես խոսամ, սխալվեմ, սովորեմ, պիտի ես կարդամ, խոսամ, սխալվեմ, որ սովորեմ: Դե եկեք. ես ուզում եմ ուրիշի սխալների վրա սովորեմ ֆրանսերեն կամ անգլերեն: Ո՞նց է տենց բան հնարավոր»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ