Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե եվրաինտեգրման հարցին վերաբերվում ես որպես «ուրբաթ երեկո», ապա հիշիր, որ անկախ հանգստյան օրերի ցկցկոցից, երկուշաբթին անխուսափելի է․ Արմեն Աշոտյան

Հունվար 25,2025 17:23

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին

Հարց առաջին։ Պարոն Աշոտյան, Փաշինյանը Դավոսում էր խոսում Հայաստանի եվրոինտեգրման մասին, ԱԺ-ում սկսել են նույն հարցի քննարկումները, դրսից վերջերս եկած եվրոպացիներն էլ էին նույն հարցը բարձրացնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցի ակտիվացումը։

Պատասխան։ Եթե կարճ, ապա ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է եւ գեոպոլիտիկ ավանտյուրա։

Կրկնեմ, Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագյան չափորոշիչներով շատ ավելի մոտ էր եվրոստանդարտներին, քան այսօր։ Եվ սա փաստական, ոչ թե քաղաքական պնդում է։

Դեռ 10 տարի առաջ բարձրաձայնել եմ, որ եթե իրոք հավանում ենք եվրոպական ինստիտուտները, ապա հնարավոր է կառուցել եվրոպական ստանդարտներով պետություն՝ եվրասիական տարածքում։

«Մենք ժողովրդավար ենք, դրա համար ենք ուզում մտնել Եվրիպա» Նիկոլի դավոսյան զառանցանքը, վարդագույն բանտիկներ կապած փափլիկ փիսիկներով նկարների նման գուցե հալացնում է եվրոպացիների փխրուն սրտերը, բայց սուտ է առաջին տառից մինչեւ վերջակետ։

ԵՄ պաշտոնական սոցհարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 66%-ը դժգոհ է մեր երկրում ժողովրդավարության մակարդակից։

Մենք ո՛չ ժողովրդավարություն ենք, նույնիսկ լինելու դեպքում՝ ԵՄ մտնելու շանս չունենք, ո՛չ էլ ԵՄ-ում են մեզ սպասում։ Ինքներդ տեսեք, որ ԵՄ ղեկավար կամ պատասխանատու որեւէ պաշտոնյա հրապարակավ անգամ չի ողջունել նիկոլական այդ զավեշտը՝ ո՛չ Եվրոպական խորհրդի նախագահը, ոչ Եվրահանձնաժողովի ղեկավարը, ո՛չ ԵՄ արտաքին կամ ընդլայնման հարցերով հանձնակատարները։

Նրանց կեցվածքը բացատրելի է։ ԵՄ-ն նման է ռոք-աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ եւ միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ կամ վրայի քրտնած շապիկը նվիրել, կարող է նույնիսկ բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում։

Եթե եվրաինտեգրման հարցին վերաբերվում ես որպես Friday-night (ուրբաթ երեկո), ապա հիշիր, որ անկախ հանգստյան օրերի ցկցկոցից, երկուշաբթին անխուսափելի է։

Հարց երկրորդ։ Ինչպե՞ս եք գնահատում Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա եւ Լավրովի հայտարարություններն այդ առիթով։

Պատասխան։ ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն. Я не злопамятный, а просто злой и память у меня хорошая։

Չմոռանանք նաեւ, որ ռուսական վերնախավը նույնպես միատարր չէ։ Տեսանելի են ադրբեջանական լոբբինգի աշխատանքը եւ հաջողությունները։

Ի դեպ, այստեղ Փաշինյանի եւ Ադրբեջանի շահերը ամբողջությամբ համադրվում են։ Որքան Նիկոլը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այնքան լայն են բացվում Մոսկվայի տարբեր կաբինետների դռները ադրբեջանական լոբբիստների առջեւ։

Անհասկանալի է նաեւ Ռուսաստանի կանաչ լույսը նիկոլամերձ օլիգարխներին, օրինակ, ՌԴ-ից ոսկու վերարտահանման հսկայական ծավալների մեջ «օդից փող կպցնելուն»։

Ի մի բերելով՝ կարող եմ կռահել, թե փակ դռների հետեւում ինչ է կատարվել Լավրովի եւ Միրզոյանի միջեւ, բայց ակնկայտ է, որ Մոսկվան վաղուց չի հավատում ոչ միայն արցունքներին, այլեւ ժպիտներին։ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի առիթով, երկու բան հստակ սովորել է՝ չհավատալ եւ համբերել։

Իսկ «Ռուսաստանը վատ դաշնակից է» թեզի սիրահարներին հրավիրում եմ մեկնաբանելու ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից NATO անդամ-դաշնակիցների՝ Կանադայի եւ Դանիայի նկատմամբ տարածքային իրական եւ բացահայտ հավակնությունները։

Հարց երրորդ։ Երկրում շարունակվում է նիկոլական ավտորիտարիզմի կառուցումը, թեպետ նա փորձում է տարբեր ջրիկ տեսարաններով սքողել դա։ Ինչո՞ւ է լռում «ժողովրդավար» Արեւմուտքը։

Պատասխան։ Պատասխանը շատ հստակ է. Ձեր մատնանշած «ժողովրդավար» Արեւմուտքը ոչ միայն Նիկոլի ավտորիտարացման տանիքն է, այլեւ ճարտարապետը։

Մասնավորապես հիշեցնեմ, որ նախկին ԵՄ դեսպան Սվիտալսկին «սորոսական» շրջանակների հետ միասին դեռեւս 2018-ին առաջ էր մղում ուժային կառույցները ուղիղ Փաշինյանի տակ մտցնելու նախագիծը։

Հենց այս նախագծի տյունինգ արած տարբերակի իրականացման ականատեսն ենք հիմա։ Ուժային կառույցների հանգուցային պաշտոններին կանանց նշանակումը ակնհայտ փորձ է մարդկային եւ գրավիչ տեսք տալ այդ գործընթացին, կառուցելով «авторитаризм с человеческим лицом»։

ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ ներքին գործերի նախարար, ՀՀ ՄԻՊ, ՀՀ արտաքին հետախուզության ղեկավար՝ այս հանգուցային պաշտոններին երիտասարդ կանանց նշանակումով փորձում են Հայաստանի դեմոկրատացման վիտրինա, ցուցափեղկ ստեղծել, որի հետեւում մոլեգնում է գարշահոտ բռնապետությունը։

Բայց պնդում եմ, որ այդ քաղաքական «Spice Girls» քարոզչական պրոդուկտի իրական պրոդուսերը ոչ թե Նիկոլն է, այլ այսպես կոչված «Արեւմուտքը»։

Հարց չորրորդ։ Պարոն Աշոտյան, Դուք թեպետ ուշադիր հետեւում եք Նիկոլի ցանկացած ակտիվությանը, Ձեր գնահատականներում մի տեսակ արհամարհում եք նրա եւ Աննա Հակոբյանի «ընտանեկան փոդքաստը»։ Ինչո՞ւ։

Պատասխան։ Գիտեմ, որ շատ-շատերը նրան լսել չեն կարողանում, մարդկանց նյարդերը տեղի են տալիս։ Գուցե իմ բազային մասնագիտության հետեւանքով է, որ ես ավելի համբերատար եմ։

Շատ ճիշտ եք նկատել։ Նախկինում էլ՝ ազատության մեջ, հիմա էլ՝ տնային կալանքում, իմ պարտքն եմ համարում բացել մարդկանց աչքերը եւ ներկայացնել իրականությունը։

Դա արել եմ անգամ 2018-ի իշխանազավթման ամենաթեժ օրերին։ Դա արել եմ նույնիսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ մանրակրկիտ հետեւելով եւ արձագանքելով նրա հանրային ստերին, կեղծիքներին, տգիտությանն ու ապատեղեկատվությանը։

Այսքանից հետո պատկերացրեք, թե որքան ձախողված եւ ցածրորակ են «ընտանեկան փոդքաստ» կոչվող նրա նախագծի թողարկումները, որ առ այսօր ես դրանց չեմ անդրադարձել։

Հարց հինգերորդ։ Ի՞նչ անել Բաքվում Ալիեւի կողմից դատաստանի ենթարկվող Արցախի ղեկավարությանը եւ մյուս հայ գերիներին փրկելու համար։

Պատասխան։ Իշխանափոխություն։ Իսկ մինչ այդ եւ դրան զուգահեռ՝ մշտապես հիշել, հիշեցնել եւ պահանջել։ Ցանկացած առիթով։ Երկրի ներսում եւ դրսում։

Տեղական իշխանիկներից եւ դրսի չինովնիկներից։ Հետապնդեք այդ հարցով նիկոլական պատգամավորներին, նախարարներին, արտասահմանյան պատվիրակություններին եւ հավատարմագրված դեսպաններին։

Հարցազրույցներով, ելույթներով, նամակներով, ցույցերով, պիկետներով, ակցիաներով, ֆլեշ-մոբերով։ Որպես առ այսօր քաղաքական հետապնդման ենթարկվող մարդ հավաստիացնում եմ ձեզ, որ դա կարեւոր է, անհրաժեշտ եւ էֆեկտիվ։

Մեր հայրենակիցների ազատ արձակումը պիտի դառնա համազգային պահանջ, դրա շուրջ պիտի ապակենտրոն շարժում ձեւավորել, այդ թվում՝ Սփյուռքում։ Տեսեք, թե Իսրայելում հասարակությունը ոնց էր պայքարում պատանդների ազատության համար։

Մտքում ունեմ նաեւ այդ շարժման խորհրդանիշը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու շեփորավոր հրեշտակը։

Նիկոլը ոչ միայն մատը մատին չի տվել եւ չի տալու այդ հարցով, այլեւ ըմբոշխնում է մեր հայրենակիցների հանդեպ Ալիեւի հալածանքների տեսարանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031