Արձագանքելով շվեյցարահայ մեր հայրենակցի դիտարկմանը, թե Հայաստանի կառավարությունը շատ դանդաղ է աշխատում Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող արտասահմանյան կազմակերպությունների հետ, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Ես միշտ նախկինում շատ նեղվում էի, թե պլանավորել ենք մի տարում, բայց անում ենք երկու, նույնիսկ երեք տարում: Դուք ասում եք, որ մեր կառավարությունը դանդաղ է աշխատում եւ դա ճիշտ է, անհերքելի է: Բայց աշխարհի բոլոր կառավարությունները դանդաղ են աշխատում: Մեր կառավարությունը աշխարհի բոլոր կառավարություններից դանդաղ է աշխատում մի պարզ պատճառով, որ մենք երկու պարամետրով զիջում ենք աշխարհի բոլոր լավագույն կառավարություններին: Առաջինը՝ մեր կադրերի պրոֆեսիոնալիզմի հարցում ենք զիջում, երկրորդը՝ զիջում ենք աշխատանքի վարձատրության չափով: Եվ այս հարցերը մեկը մյուսի հետ ուղիղ կապված են:
Ինչու ենք պրոֆեսիոնալության մակարդակով զիջում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կրթության մակարդակը այնպիսին չի, որ կարողանա պետության համար պատրաստել արժանի պրոֆեսիոնալության կադրեր: Իսկ նրանք, ովքեր արժանի պրոֆեսիոնալություն ունեն, իրենց շատ դժվար է համոզել, որ եկեք, 200, 300, նույնիսկ 500 հազար դրամով աշխատեք, եթե իրենք մասնավոր հատվածում կարող են 10 անգամ ավել աշխատավարձ ստանալ: Ընդ որում, այստեղ էլ հայրենասիրության խնդիր չի: Մարդիկ կան իրենց կրթության համար վարկ են վերցրել, ընդհուպ, տուն են վաճառել, գնացել, իրենց կրթության հարցը լուծել են: Գնում, խնդրում, աղաչում ենք, ասում է՝ շատ լավ, բայց ես այսքան վարկ ունեմ, որը պետք է փակեմ, իմ կրթության համար ես կամ ծնողներս տուն ենք վաճառել, կամ ամբողջ կյանքը զրկանքներով եմ ապրել: Հիմա պարտավորություններ ունեմ, որը պետք է կատարեմ:
Իսկ հիմա եթե որոշենք, որ մեր պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում ենք, դժգոհության եւս մի ալիք կբարձրանա, ժողովուրդը կասի թոշակը այսքան, դուք գնացել, դարձել եք իշխանություն ու ձեր աշխատավարձերն եք բարձրացնում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ