Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Միջնաժամկետում եւ երկարաժամկետում ազգությունն ու քաղաքացիությունը ավելի շատ են իրար հետ կապվելու»

Հունվար 25,2025 15:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայում մի խումբ հայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ի՞նչ է սփյուռքը, ո՞վ է արեւմտահայը, սփյուռքահայը իր համար իրական Հայաստանի տեսանկյունից: «Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մի մասն է: Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս: Նրանք, ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն Հայաստանի քաղաքացիություն, նրանք սփյուռք են իմ ընկալմամբ, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն, սփյուռք չեն իմ ընկալմամբ, որովհետեւ 21-րդ դարում մարդը երկու ամիս Շվեյցարիայում է ապրում, երեք ամիս՝ Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Ավստրալիայում:

Իմ կարծիքով միջնաժամկետում եւ երկարաժամկետում ազգությունն ու քաղաքացիությունը ավելի շատ են իրար հետ կապվելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«50 տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը մեր ազգային կազմակերպություններից որեւէ մեկի հետ աֆիլացված էր. կուսակցություններ՝ Դաշնակցություն Հնչակյան, Ռամկավար, Հայ Առաքելական եկեղեցի, ՀԲԸՄ եւ բազմաթիվ այլ կազմակերպություններ: Էսօր սփյուռքի 90 տոկոսը էդ կազմակերպություններից որեւէ մեկի հետ կապված չի: Մենք էսօր սփյուռքը կորցնում ենք, եւ սփյուռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետությունն է եւ մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետության հետ որպես հայրենիքի: Հակառակ դեպքում մենք սփյուռք չենք ունենա: Էսօր ավելի քիչ մարդ է գնում եկեղեցի, ավելի քիչ մարդ է ներգրավված կուսակցություններում, մյուս կազմակերպություններում: Եվ եթե մենք ունենանք պետություն եւ ընկալենք Հայաստանի Հանրապետությունը, հայ կմնա նա, ով Հայաստանի Հանրապետությունը  կհամարի իր հայրենիքը: Սփյուռքը հայ ազգի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող բոլոր ներկայացուցիչներն են, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ լեզվի մասին. «87-88 թվականներին Երեւանի լեզուն եւ Իջեւանի լեզուն շատ տարբեր էին: Հիմա բացի շեշտադրություններից, համարյա իրարից չեն տարբերվում: Եվ ես դա դրական եմ համարում, չնայած, ինչ-որ առումով բարբառը շատ մեծ արժեք է: Այսօր բարբառներն ավելի թուլանում են եւ մեկ ընդհանուր խոսույթ եւ մեկ ընդհանուր լեզու է ձեւավորվում: Ես դա դրական եմ համարում, որովհետեւ դա պետության ուժն է, որ մարդիկ մի պետության մեջ ապրում են եւ սկսում են մտածել, խոսել նույն ձեւով: Բարբառը իրենից արժեք է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այնպես անենք, որ հիմա Իջեւանում խոսեն մի լեզվով, որը չի հասկանում, ասենք, Վարդենիսի բնակիչը: Իրական Հայաստան նշանակում է իրական կյանք:

Մենք չպետք է գնանք պատմության հետեւից, մենք պետք է գնանք կյանքի հետեւից: Իսկ կյանքն իրենով ապրում է՝ ինչ ուզում ես արա:

Էսօր մեր կառավարությանը մեղադրում են ապազգային լինելու մեջ: Հիմա սփյուռքում բոլոր կառույցներն ազգային են ճի՞շտ է: Բա ինչի՞ իմ ասած պրոբլեմները կան: Դե թող բոլոր հայերը, հայ երիտասարդները ապրեին հայկական օրակարգով, խոսեին հայերեն: Հազար ներողություն եմ խնդրում, բայց նույնիսկ մեր հարգելի ներկաների մեծ մասը արեւմտահայերեն դժվար է խոսում: Իմ ասած պրոցեսի պատճառով: Որովհետեւ 50 տարի առաջ ձեր շփման միջավայրը ավելի հայկական էր, քան էսօր: Էդտեղ մեր դավաճան կառավարությունը չկա, բա ինչի՞ է տենց, ո՞վ է ձեզ դավաճանել, որ ավելի վատ եք խոսում արեւմտահայերեն, քան 30 տարի առաջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031