Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ազգը էս ժողովրդի ձեռքը կրակն է ընկել». Նիկոլ Փաշինյանը ազգն ու ժողովուրդը, պետությունն ու հայրենիքը, ազգային ու պետական շահը անջատեց իրարից

Հունվար 25,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի հայության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հարցեր կան, որոնք մենք մեզ երբեք չենք տվել: «Կուզենայի, որ մենք անդրադառնայինք այն խնդրին, որի մասին ես վերջին տարիներին առավել հաճախ խոսում եմ: Դա իրական Հայաստանի հայեցակարգն է, որը, կարծում եմ, շատ էական եւ կարեւոր նշանակություն ունի: Ունի աշխարհայացքային նշանակություն նաեւ ինձ համար: Մենք, ասելով հայրենիք, հասկանում ենք տարբեր բաներ: Մեզ համար սա ֆենոմենալ երեւույթ է, որ եւ քաղաքական եւ հանրային  շրջանակներում «հայրենիք» ասածը մեզ համար տարբեր ընկալումներ, ձեւեր եւ չափեր ունի: Իմ ընկալումը եղել է այն, որ այստեղ մենք ունենք հիմնարար խնդիր: Եվ շատ դեպքերում սա է պատճառը, որ մենք չենք կարողանում կոնկրետանալ պետության կայացման օրակարգի վրա, որովհետեւ չենք կարողանում արձանագրել, թե որն է այդ պետությունը, ինչ պարամետրեր ունի: Այստեղից է ծնվել «իրական Հայաստանի» հայեցակարգը: Եթե կարճ ձեւակերպեմ, հայրենիքի եւ պետության շուրջ մտածումներն են, որ ինձ բերել են «հայրենիքը պետությունն է» բանաձեւին, որը նշանակում է, որ հայրենիք ասելով մենք պետք է հասկանանք այն պետությունը, որը ունենք: Հետեւաբար, մեր անելիքները պետք է կենտրոնացած լինեն այդ պետության զարգացման շահերից բխող գործողությունների վրա:

Այստեղից էլ հաջորդ հարցն է ծագել, թե որն է այդ պետության շահը: Շատ հետաքրքիր բաներ կան, որ մենք չենք նկատում: Հարցեր կան, որոնց պատասխանները մեր իրականության մեջ չկան, որոնք մենք մեզ չենք տվել: Եթե վերցնենք Երրորդ Հանրապետության պատմությունը, հազար անգամներ կլսենք, որ մենք պետք է առաջնորդվենք մեր ազգային կամ պետական շահով: Այստեղ էլ. մի մասը՝ ազգային, մի մասը՝ պետական: Ոչ ոք չի առարկել, բայց ոչ ոք չի ասել, թե մեր պետական շահը որն է, կամ մեր ազգային շահը որն է, ազգային շահը ու պետական շահը որեւէ ձեւով տարբերվո՞ւմ են իրարից:

Հաջորդ խնդիրը: Մեր իրականության մեջ կա նաեւ հետեւյալը: Ազգ հասկացությունը եւ ժողովուրդ հասկացությունը իրարից որեւէ ձեւով տարբերվո՞ւմ, թե չեն տարբերվում: Դուք չգիտեք, բայց 90-ականների սկզբին, գուցե, հիմա էլ, Հայաստանում ասացվածք կար. «Էս ազգը էս ժողովրդի ձեռքը կրակն է ընկել» կամ հակառակը: Մենք սա հումորային ենք ընդունում, բայց երբ այս թեմաների մասին մտածում եմ, այս ընկալումները շատ կարեւոր են պարզաբանման համար. Ի վերջո, ժողովուրդ եւ ազգ հասկացությունները իրարից տարբերվո՞ւմ են, թե չեն տարբերվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031