Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։
Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի:
ℹ️Առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկատվական հանդիպումներ կկազմակերպի ինչպես շահագրգռված դիմող կազմակերպությունների համար, այնպես էլ Էրազմուս+ ծրագրերի ընթացիկ շահառուների հետ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն