ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը երեկ հավանության արժանացրեց Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին եվրաքվեի օրենսդրական նախաձեռնությունը։ Այն կքննարկվի փետրվարի 11-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանա դեպի Եվրոպա գործընթացը, իշխանությունն իսկապե՞ս նպատակ ունի աշխարհաքաղաքական բեւեռ փոխել, թե՞ ընդամենը քարոզչական նպատակով չմերժեց արեմտամետների այս նախաձեռնությունը, որ նախընտրական շրջանում իր կողմը բերի հակառուսական զանգվածներին, նաեւ` կշիռ տալով եվրոպամետ ուժերին եւ իր համար հետընտրական կոալիցիոն գործընկեր աճեցնելով։ Սակայն երեկվա քննարկումն ի ցույց դրեց իրենց լիբերալ համարող, առաջադեմ Եվրոպայի ակտիվ դրոշակակիրների ողջ պերճանքն ու թշվառությունը։
Քննարկմանը մասնակցած մոտ 2 տասնյակ` արեւմտամետ ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ունակ չէին անգամ միմյանց նկատմամբ տարրական հարգանք, հանդուրժողականություն դրսեւորել, ավելորդ է ասել, թե խոսքի, կարծիքի հանդեպ ինչքան ագրեսիվ էին, ինչպես էին տեղից քամահրական ռեպլիկներ բաց թողնում: Մասնավորապես՝ Տիգրան Խզմալյանն ինչ-որ պահից այլեւս չէր կարողանում լռել եւ անընդհատ ընդհատում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին, որը հարցադրումներով փորձում էր նախագծի հեղինակներից պարզել՝ հաշվարկե՞լ են Հայաստան-ԵՄ մերձեցման բոլոր ռիսկերը։ Խզմալյանը Գեւորգյանին լռելու կոչեր էր անում, հեգնելով` Դուք ռուսական Պետդումայի պատգամավոր չեք։ Արեւմտամետների ագրեսիվ պահվածքը նյարդայնացրեց անգամ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին, եւ նա Խզմալյանին դիտողություն արեց՝ հորդորելով լռել։
Հետո լեզվակռիվ բռնկվեց․ Արման Եղոյանը չէր կարողանում Տիգրան Խզմալյանին բացատրել, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը չպետք է ենթադրի մյուս գործընկեր պետությունների եւ հատկապես Ռուսաստանի հետ կապերի խզում։ Նկատենք, որ արեւմտամետների մեծ մասն իրեն ԵՄ անդամ է զգում եւ հանդիմանում լայթս-արեւմտամետներին` ՔՊ-ականներին։ Օրինակ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ելույթը Ռուսաստանի դեմ էր, նա Հայաստանին պատուհասած բոլոր ողբերգությունների մեղավոր հռչակեց Ռուսաստանին եւ ՔՊ-ականներին հրահանգեց՝ ի՞նչ է նշանակում՝ ԵՄ-ում մեզ չեն սպասում, «գնացեք՝ ինչ ճանապարհ, միջանցք, օդանցք ուզում եք, ճարեք, որ մեզ ներս թողնեն»։
Եվրաքվե նախաձեռնողները միմյանց հետ էլ հաշտ չէին եւ քննարկման ժամանակ տարաձայնությունները չէին թաքցնում։ Երբ ՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը նիստը նախագահողից խնդրեց, որ առաջին ելույթն ինքն ունենա` շտապում է, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը տեղից բացականչեց` թույլ չենք տա, առաջնահերթությունը պետք է տրվի նախագծի հեղինակներին, հետո նոր՝ հյուրերին։ Անակնկալի եկած Արման Եղոյանը զարմացավ, փորձեց պարզել՝ ի՞նչ խնդիր կա, այնուամենայնիվ, ձայնի իրավունք տվեց Աբրահամյանին, որի պատճառով Լուսինե Հակոբյանը նրա հետ «ռազբորկան» շարունակեց ընդմիջման ժամանակ։ Նա նախատում էր պատգամավորին՝ գործած «հանցանքի» համար։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում