ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կարգադրել է գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց։
Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ նաև կհրապարակվեն փաստաթղթեր Ջոն Ֆիցջերալդ Քենեդու կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանությունների վերաբերյալ։
Երկուսին էլ սպանել էին 1968 թվականին։
«Մեծ բան է։ Շատ մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ սպասել են սրան»,- լրագրողներին դիմել է նախագահ Թրամփը՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում՝ կարգադրությունը ստորագրելիս։
Կարդացեք նաև
Փաստաթուղթը ստորագրելուց հետո Թրամփն օգտագործած գրիչը փոխանցել է օգնականին՝ ասելով. «Տվեք ՌՖՔ-կրտսերին»՝ նկատի ունենալով սպանված Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու որդուն՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի-կրտսերին, ով Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի թեկնածու։
Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանությանը առնչվող գաղտնի փաստաթղթերը պետք է «լիարժեք և ամբողջական տեսքով հրապարակվեն»՝ առանց որևէ խմբագրումների։ Դոնալդ Թրամփը դեռ 2017 թվականին էր համաձայնել հրապարկել այդ փաստաթղթերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում