Կար ժամանակ, երբ կառավարությունը թոշակների հետ կապված մի փոքր նախաձեռնություն էր հանդես բերում, ասենք՝ մի երկու հազար դրամով բարձրացնում էր կամ 5 հազար դրամի «քեշբեքի» ծրագիր էր ներդնում, երկրացունց PR էր անում։ Փաշինյանն էլ կառավարության նիստերին անընդհատ երեսով էր տալիս, թե թոշակ են ավելացրել, ու կապ չունի, որ չնչին, ողորմելի բարձրացումներ են արել, ընդ որում՝ ոչ թե միանգամից, այլ փուլերով, որ շատ քայլեր ցույց տան հանրությանը։
Հիմա էլ այս թեմայով իր վերջին ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտում էր, թե հինգ անգամ անդրադարձել են թոշակների բարձրացմանը։ Որ դա ակնհայտ մանիպուլյացիա է, չի էլ քննարկվում: Գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ արդեն մոռացել են, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին անգամ երբ է թոշակ բարձրացրել:
Բնականաբար, այս տարի էլ չեն բարձրանա ո՛չ կենսաթոշակները, ո՛չ աշխատավարձերը: Փոխարենը համատարած թանկացումներին զուգահեռ իշխանություններն անցել են քաղաքացիների ու բիզնեսի «կաշին քերթելուն»։ Փաշինյանի կառավարության տնտեսական ոլորտի պատասխանատուներն անցած տարվանից մտածում են, թե ինչպես նոր հարկեր ու տուրքեր գանձեն, որ կարողանան բյուջեն կատարել։ Այս քաղաքականության շրջանակներում է, որ տնտեսական գործունեության որոշ ոլորտներ դուրս են բերվել շրջանառության հարկի դաշտից ու արդեն տեղափոխվել են հարկման համընդհանուր համակարգ, որտեղ վերջիններս ստիպված կլինեն շրջանառության հարկի փոխարեն վճարել ԱԱՀ ու շահութահարկ։ Այս համատեքստում էլ տեղի է ունենում հարկային համահարթեցում, երբ փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնությունները վերացվում են, ու նրանք գործում են այն հարկային հարթության շրջանակներում, որտեղ գործում են նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Փաստացի, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առավելություն են ստանում, իսկ փոքր ու միջին բիզնեսի դաշտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ դժվարությունների առաջ կանգնում կամ փակվում։
Ու, ընդհանրապես, հարկային դրույքներն այս տարվանից բարձրացել են, իսկ մի շարք ուղղություններում՝ ուղղակի կրկնապատկվել։ Օրինակ՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչները նախկին 5-ի փոխարեն վճարելու են 10 տոկոս, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները՝ 6-ի փոխարեն՝ 12 տոկոս, իսկ արտադրական գործունեություն իրականացնողները՝ 3,5-ի փոխարեն՝ 7 տոկոս։
Կարդացեք նաև
Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնությամբ այս տարվանից մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում ավելանալու է այդ ոլորտներում գործունեություն ծավալողների հարկային բեռը: Օրինակ՝ այդպիսի ոլորտներ են իրավաբանական, հաշվապահական գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը, շենքերի շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, առողջապահությունը և այլն:
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում