Փաշինյանի կառավարումը կարելի է համեմատել ծուռ հայելիների թագավորության հետ։ Նա ու իր սատելիտներն այնպիսի հիմնավորում են ներկայացնում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության որոշման հետ կապված, որ ուղղակի ծիծաղելի է։
Օրինակ՝ Փաշինյանը նշում է, որ այդ որոշման ընդունումը պայմանավորում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի առկայությամբ, քանի որ ցանկություն կա եվրոպական ժողովրդավարական համայնքին մոտ լինել։ Բայց հարցն այն է, որ նախ՝ Հայաստանն իր կառավարման ժամանակահատվածում շատ ավելի է հեռացել ժողովրդավարությունից, իսկ ընդդիմադիրների գլխավերևում կախված է քաղաքական հետապնդումների սուրը։ 2018 թվականից հետո տեսնում ենք, թե ինչպես է իրավապահ համակարգը որպես գործիք օգտագործվում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մարդկանց ճնշելու համար, ինչպես են ոտնձգություններ կատարվում դատական իշխանության նկատմամբ, ինչպես են քպացվում բոլոր անկախ ինստիտուտները և այլն։
Մյուս կողմից՝ Հայաստանում աստիճանաբար տեղի է ունենում իշխանական լծակների գերկենտրոնացում վարչապետի լիազորություններն իրականացնող անձի ձեռքում։ Փաշինյանը մի ժամանակ խոստանում էր, որ տեղի է ունենալու նախագահի ինստիտուտի լիազորությունների ավելացում, բայց դրա փոխարեն միայն իր լիազորություններն են ավելանում։ Իսկ այս իրողությունը լիովին հակասում է իշխանությունը ապակենտրոնացնելու և հակակշիռներ ստեղծելու ժողովրդավարական սկզբունքին։
Ի միջիայլոց, եթե ԵՄ-ն այդքան կարևորում է ժողովրդավարությունը՝ որպես առանձին քաղաքական իրողություն, ապա ինչո՞ւ է սիրաշահում բռնապետական Ադրբեջանին, աչք փակում Բաքվի ռեժիմի կողմից իրագործված հանցագործությունների ու մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերի առաջ և էներգակիրներ գնում այդ երկրից։
Կարդացեք նաև
Բայց վերադառնանք մեր խնդիրներին: Ուշագրավ է, որ Փաշինյանը Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը պայմանավորում է համապատասխան օրենքի ընդունմամբ ու այդ հարցում հանրաքվեի նախաձեռնությամբ: Իրականում արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններին վերաբերող վճռական որոշումները միայն հանրաքվեով կամ օրենքի ընդունմամբ հնարավոր չէ լուծել, քանի որ այն երկկողմանի գործընթաց է։ Ամենակարևոր հարցն այն է, որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ԵՄ-ում պատրաստ են մեզ ընդունել, թե՞ ոչ։ Եթե ԵՄ-ն պատրաստ չէ մեզ ընդունել, և ընդամենը խնդիր ունի գլխներիս տակ փափուկ բարձ դնել, ապա կարող ենք մի քանի հանրաքվե անցկացնել, տասնյակ օրենքներ ընդունել, դրանից ոչինչ չի փոխվի։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում