Արտաքին հետախուզության ծառայությունը ձևավորվել է հազիվ 1 տարի երկու ամիս առաջ ու նախօրեին հրապարակեց իր անդրանիկ «տարեկան զեկույցը»: Առհասարակ, տարօրինակ է, որ հատուկ կամ գաղտնի ծառայությունը նման հրապարակային դրսևորումներ է ունենում: Երկուսից մեկը՝ կա՛մ հրապարակած տվյալները հետախուզական չեն, կա՛մ ծառայությունը: Ենթադրելի է, որ նման ծառայությունն իր տեղեկությունները պետք է տրամադրի այլ հատուկ ծառայություններին ու երկրի ղեկավարությանը: Իսկ հրապարակային առավելագույնը, որ պետք է լինի, այն է, թե հարկատուների միջոցներից որքան գումար է ստացել ու ծախսել:
Այդուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է ասված այդ «լավաշ» փաստաթղթում: Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունից հանգում ես անբեկանելի ու դառը եզրակացության. ԱՀԾ-ն ընդամենը Փաշինյանի ու նրա իշխանության «փիարով» զբաղվող հավելյալ կառույց է: Մի խոսքով՝ ամեն ինչ լավ ու հիասքանչ է…
Ընդհանրական արտահայտություններով, ոչինչ չասող նախադասություններով հագեցած նման «զեկույց» կարող է շարադրել իրավաբանության, միջազգային հարաբերությունների կամ լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ցանկացած գրագետ ուսանող, որը հետևում է հիմնական իրադարձությունների լրահոսին:
Տեսեք, ընդամենը երկու մեջբերում այդ դարակազմիկ «փաստաթղթից».
Ա) «…Սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»։
Բ) «…Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»:
Այսի՞նքն: ԱՀԾ-ն հայտարարում է, թե, այ, իր զեկույցը հրապարակելու կոնկրետ այդ պահի դրությամբ, ասենք՝ հունվարի 23-ի ժամը 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների հավանականությունը բարձր չէ: Հա, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմի ու հարձակման չի պատրաստվում և, ասենք, հունվարի 24-ի ժամը 11:30-ին արդեն պատերազմի հավանականությունը մեծացել է:
Անհնար է անտարբեր անցնել զեկույցում արտացոլված վերլուծական մտքի հետևյալ գլուխգործոցի կողքով. «2025 թվականին ռուսուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա»։
Սա մոտավորապես նույնն է, եթե հողագործն ասի, թե եղանակի ցանկացած փոփոխություն ուղղակի կամ անուղղակի կազդի գարնանացանի ու բերքատվության վրա: Կամ՝ եթե եղանակի տեսությամբ հաղորդեն, որ վաղը կարող է անձրև տեղալ կամ չտեղալ, բայց, համենայն դեպս, անձրևանոց վերցրեք:
Հիմնականը, ինչն ուղղակի աչք է ծակում զեկույցում, Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական բնույթի քողարկված կամ անթաքույց ակնարկներն են:
Իսկ դրանց «դափնեպսակը» հետևյալ քանքարամիտքն է. «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն էլ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն»:
Իսկ կարելի՞ է այդքան «ջրերի» փոխարեն ինչ-որ փաստ հանրայնացնել: Բայց ամենագլխավորը՝ առկա մարտահրավերների ֆոնին այս մարդկանց բացառապես մի բան է հետաքրքրում՝ առաջիկա ընտրություններն ու իրենց վերարտադրման հնարավորությունները: Ու վերջ…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում