Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում «սահմանադրական լայն լիազորությունները» միշտ չէ, որ գործում են. Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. «Փաստերի ստուգման հարթակ»

Հունվար 25,2025 09:50

«Փաստերի ստուգման հարթակ» – Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի լիազորությունների մասին խոսելիս արել է հայտարարություններ, որոնք ամրագրված են օրենքով, բայց իրականության հետ դրանց անհամապատասխանությունը վարչապետն ամրագրել է փաստացի գործողություններով։

Երբ լրագրողները հետաքրքրվել են՝ եթե ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը ՔՊ անդամ է, ապա ինչպե՞ս կարող է ազատ աշխատել, լինել անկախ, Վահագն Ալեքսանյանը պատասխանել է, որ Սիրունյանը իրենց կուսակիցն էր, բայց այժմ կուսակցության անդամ չէ։ Ալեքսանյանը նաև հավելել է․ «Ինքը (նկատի ունի Սիրունյանը-հեղ․) սահմանադրական այնպիսի լայն լիազորություններ է ստանալու, որ իրան ընդհանրապես կուսակցական ոչ մի խողովակով և ոչինչ ուղղակի պարտադրել չի կարելի»։

ԱԺ իշխանական խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, սակայն, սխալվում է․ նրա մատնանշած սահմանադրական լայն լիազորությունները չփրկեցին, օրինակ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին։

Վերջինը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահի պաշտոնից ազատվել էր 2024-ի նոյեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի SMS-ային խնդրանքից հետո։ «Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ: Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»,- ֆեյսբուքյան գրառմամբ արտահայտվել էր Անդրեասյանը։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել ու հաստատել, որ հեռախոսային հաղորդագրության միջոցով խնդրել է Կարեն Անդրեասյանին հեռանալ պաշտոնից, և բացատրել, որ դրա համար ինքն ուներ քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն։

Մինչդեռ, Հայաստանի Սահմանադրությունը սահմանում է Հայաստանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը։ Սահմանադրության հոդված 4-ում նշվում է․ «Հայաստանի Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս նախորդ տարվա նոյեմբերին՝ վարչապետի SMS-ային խնդրանքներից հետո, հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով ներկայացնել, թե մինչ այժմ քանի՞ պաշտոնյայի է ՀՀ վարչապետը խնդրել ազատել զբաղեցրած պաշտոնը և որքա՞ն դեպքերում է մերժվել նրա խնդրանքը։ Նաև հետաքրքրվել էինք՝ եթե, այդուհանդերձ, պաշտոնն ազատելու մասին ՀՀ վարչապետի խնդրանքը երբևէ մերժվել է, ապա կոնկրետ ո՞ր դեպքում է այն մերժվել։

Վարչապետի աշխատակազմից, սակայն, չէին պատասխանել FIP.am-ի հարցերին՝ նշելով, որ վարչապետն այդ մասին հանգամանալից խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Այսպիսով, իրականությունը և նախադեպը ցույց են տալիս, որ Հայաստանում «սահմանադրական լայն լիազորությունները» միշտ չէ, որ գործում են, և կադրային հարցերում նախապատվությունն առավելապես տրվում է քաղաքական նպատակահարմարությանը, հետևաբար Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը գոնե այս պահին չի համապատասխանում իրականությանը։

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031